ՀՀ բնապահպանության նախարարը Սյունիքի հանքարդյունաբերական ընկերություններում խնդիրներ է արձանագրել

ՀՀ բնապահպանության նախարարը Սյունիքի  հանքարդյունաբերական ընկերություններում խնդիրներ է արձանագրել

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի շարք խնդիրներ է արձանագրել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Մասնավորապես, նախարարն  ընդգծել է, որ հարստացուցիչ ֆաբրիկայի կեղտաջրերն աղտոտում են գետը, ինչն անթույլատրելի է, ինչի մասին մասին տևական ժամանակ բարձրաձայնում են բնապահպաններն ու ազդակիր համայնքի բնակիչները: Հիշեցնենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնաջրերը լցվում են Արաքս գետը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը, նախարար Արամայիս Գրիգորյանը ժամանակ է տվել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ին խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորելու և շրջակա միջավայրին հասցվող վնասները բացառելու համար:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, Ագարակ և Կապան քաղաքային համայնքների և ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ին պատկանող Արծվանիկի, Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ին պատկանող Գեղանուշի պոչամբարներ: Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը ներկայացրել է Արծվանիկի պոչամբարի որոշակի հատվածների ցանկապատման և ազդակիր համայնքից սահմանազատելու անհրաժեշտության խնդիրը:

Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ի պոչամբարում ևս բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը արձանագրել է որոշակի խնդիրներ, որոնք Արամայիս Գրիգորյանը հրահանգել է կարգավորել կարճ ժամանակահատվածում:

Նշենք, որ պաշտոնական աղբյուրը չի նշում, թե արդյոք հանքարդյունաբերական ընկերությունները խախտումների համար տուգանվել են, թե՝ ոչ։

Օգոստոս 04, 2014 at 12:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր