Բնապահպանության նախարարության և KfW գերմանական բանկի ջերմ հարաբերությունների արդյունքները

Բնապահպանության նախարարության և  KfW գերմանական բանկի ջերմ հարաբերությունների արդյունքները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության և KfW գերմանական զարգացման բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագրի իրականացումն երկարաձգվել է մինչև 2014 թ-ի հոկտեմբեր ամիսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Ծրագիրը իրականացնում են Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունները՝ KfW-ի ֆինանսական միջոցներով: Ծրագրով նախատեսված է իրականացնել 11 համայնքների խմելու ջրի բարելավման, տեղական անասնաբուծության զարգացման և մասնագիտական կարողությունները բարձրացնելու նպատակով դասընթացներ անցկացնելու ծրագրեր:

Ուշագրավ է, որ Պարկի ստեղծումը ֆինանսավորող KfW գերմանական բանկը միաժամանակ ֆինանսավորում է ՓՀԷԿ-երի կառուցումը Պարկի տարածքում՝ մի կողմից նպաստելով Պարկի էկոհամակարգի պահպանմանը, մյուս կողմից՝ ոչնչացմանը:

Սյունիքի մարզում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման ծրագիրը եւս իրականացվում է   KfW գերմանական բանկի միջոցներով: Համալիրի ստեղծման համար բանկը տրամադրել է 8.2 միլիոն եվրո: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը 2013թ-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ Համալիրի ստեղծման աշխատանքները կշարունակվեն նաեւ 2014թ-ին:

Հիշեցնենք, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ստեղծումը խիստ մտահոգում է գիտական և էկոլոգիական հասարակությանը, քանի որ հստակ չէ, թե որքանով կպահպանվի  «Շիկահող» պետական արգելոցի արգելոցային  ռեժիմը: «Եթե նայենք «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, ապա կտեսնենք, որ և գործող օրենքում, և մշակվող նոր օրինագծում կենսոլորտային համալիրի վերաբերյալ հստակ ձևակերպումներ չկան, ընդամենը 4-5 տող է: Եւ նախագծում այդ անվանումը հստակ չէ` կամ կենսոլորտային համալիր, կամտարածք: Հարց է առաջանում` ինչու չսպասել նոր օրենքի ընդունմանը, որպեսզի հստակ պատկերացում ունենալ, թե ինչ ստեղծել  եւ ինչու: Եթե հատուկ պահպանվող տարածքների մի քանի տեսակներ միաձուլվեն մեկ հատուկ պահպանվող տարածքի` կենսոլորտային համալիրի մեջ, որը որոշակի կարգավիճակ, հիմնավորում չունի,  ապա «Շիկահողը»-ը նույնպես կարող է դառնալ մատչելի նախկինում արգելված գործունեության համար, քանի որ կկորցնի պաշտպանության ռեժիմը»,- 2013թ-ի օգոստոսի 28-ին ԷկոԼուր մամուլի ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը:

Հունվար 08, 2014 at 10:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր