Որտե՞ղ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լցնելու իր թափոնները, երբ Արծվանիկի պոչամբարը կոնսերվացվի

Որտե՞ղ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լցնելու իր թափոնները, երբ Արծվանիկի պոչամբարը կոնսերվացվի

ԷկոLուր

ՀՀ կառավարությունը որոշել է օրենքի ուժ տալ «Ալյոտիգ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելիք «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրին»: Այս կապակցությամբ գործադիրը մշակել եւ ՀՀ ԱԺ է ներկայացրել օրինագիծ, որը կարգավորելու է այս ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված հարաբերությունները:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ԶՊՄԿ-ի պոչամբարներում եղած մոտ 300 միլիոն տոննային տարեկան ավելանում է ևս 18-20 միլիոն տոննա: «Ալյոտիգ» ՍՊԸ-ն մտադիր է կառուցել տարեկան 12.5 միլիոն տոննա արտադրողականությամբ ֆաբրիկա՝ վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը: Նախատեսվում է նաև կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան, որը նույնպես որպես հումք օգտագործելու է պոչամբարի խյուսը: Առաջին փուլում ներդրվելու է մոտ 240 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Երկրորդ փուլն ընդգրկելու է 2019-2025թթ., երբ գործարանի հզորությունը հասցվելու է տարեկան մինչև 25 միլիոն տոննայի վերամշակման: Առաջին փուլում բացվելու է մոտ 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի հաշվարկներով 1951թ. մինչեւ 2009թ. Քաջարանի հանքավայրի ընդերքից արդյունահանված եւ մշակված 318,2 միլիոն տոննա հանքաքարերից օգտակար տարրերի թերկորզման հետեւանքով պոչամբարներ թափված հարստությունների արժեքը կազմում է 9 միլիարդ 976,6 միլիոն դոլար (մեկ տարվա ընթացքում պոչամբարներ թափված հարստությունների միջին արժեքը կազմում է 172,01 մլն դոլար): Այս մասին գիտնականը գրել է իր «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» գիտական մենագրության մեջ:

Փխրուտի եւ Ողջիի պոչամբարները կոնսերվացված են, իսկ Արծվանիկի պոչամբարը դեռ շահագործվում է: Օրինագծի 6-րդ հոդվածի համաձայն` Արծվանիկի պոչամբարի պարունակությունը  «Ալյոտիգ» ՍՊԸ-ն կարող է օգտագործել պոչամբարի կոնսերվացումից կամ աշխատանքի դադարեցումից հետո: Սրանից կարելի է ենթադրել, որ Արծվանիկի պոչամբարը շահագործման կարճ կյանք ունի: Մյուս կողմից հարց է առաջանում, ապա ուր է լցնելու ԶՊՄԿ-ն իր արտադրական թափոնները, եթե  Արծվանիկի պոչամբարը դադարի գործել:

Նշվում է, որ այս ծրագիրը բնապահպանական խնդիր է լուծելու: Սակայն  օրինագծում ներկայացված մաստեր պլանում, որով իրականացվելու է ծրագիրը,  բացակայում է բնապահպանական միջոցառումների անցկացման մասին կետ, այլ միայն նշվում է մասնավորապես, որ մաստեր պլանը տեղեկատվություն  կպարունակի շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի վերաբերյալ:

Օրինագծով նախատեսվում է, որ Սյունիքի մարզի համապատասխան  համայնքները ուղղակի վաճառքի ձևով` հողամասերի կադաստրային արժեքի չափով հատուցման դիմաց, Ծրագիր Իրականացնողի սեփականությանը կհանձնեն այն հողամասերը, որոնց տարածքում նախատեսվում է կառուցել լցակույտերի վերամշակման գործարանը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող այնպիսի հողամասերին, որոնք ՀՀ Հողային օրենսգրքին համապատասխան չեն կարող սեփականության իրավունքով պատկանել իրավաբանական և ֆիզիկական անձանց, ապա այդ հողամասերի նկատմամբ` Մաստեր Պլանը հաստատվելուց հետո, սույն օրենքի ուժով կծագի Ծրագիր Իրականացնողի անհատույց, անհետկանչելի և անժամկետ սերվիտուտի իրավունքը:

Մայիս 13, 2015 at 16:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր