ԷկոԼուր
Ինչպե՞ս պաշտպանել քաղաքացիներին, ումից խլել են կամ փչացրել են ջուրը, աղտոտել են հողը, ոչնչացրել են այգիներն ու դաշտերը: Ինչպե՞ս տեղ հասցնել մարդկանց ձայնը, որը չի լսվում: Ինչպես պաշտպանել մարդկանց շահերը, եթե պետությունը հրաժարվում է դրանք պաշտպանել: Այս հարցերը քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած «կանաչ» իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, իրենց «կանաչ» իրավունքների պաշտպանության համար պայքարող համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի մշակած մարդու սոցիալական և էկոլոգիական իրավունքների պաշտպանության նոր գործիքը` «Կանաչ» իրավունքների խախտումների ռեեստրը:
«Կանաչ» իրավունքների պաշտպանությունը դեռ չունի իր իրավաբանական սահմանումը: Այս նպատակով ԷկոԼուրն առաջարկում է տալ սահմանում «կանաչ» իրավունքներին, որոնք կարող են մտնել միջազգային և ազգային օրենսդրության մեջ, պարտավորեցնել «կանաչ» համարվող նախագծերի էկոլոգիական և սոցիալական ազդեցության գնահատման մեջ մտցնել «կանաչ» իրավունքների խախտումների ռիսկերը, պարտավորեցնել գնահատման մեջ մտցնել երաշխիքներ «կանաչ» համարվող նախագծերում «կանաչ» իրավունքների պաշտպանության համար:
«Ի ծնե մարդն ունի «կանաչ» իրավունքներ, առանց որոնց կյանքն անհնար է: Դա առողջության և առողջ շրջակա միջավայր ունենալու, բնական պաշարների արդարացի բաշխման, սեփականության, սեփական գործունեության, տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացին մասնակցելու, արդարադատության, վնասից ապահովագրության և փոխհատուցման, սոցիալական պաշտպանության, բողոքի ակցիաների իրավունքներն են: Դրանք մարդու բնական իրավունքներն են և նախապայման են նրա մյուս բոլոր իրավունքների իրականացման համար: Մարդը պետք է պաշտպանի «կանաչ» իրավունքներն իր անվտանգության համար»,- ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ, ecolur.org կայքի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը:
Արդեն մշակված են Գլաձորի բազմամետաղային, Թեղուտի պղնձամոլիբդենային, Ամուլսարի ոսկու հանքավայրերի շահագործման, Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում որոնողական աշխատանքների, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի, Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրերի ռեեստրները: Դրանցում արտացելված է ՀՀ Լոռու մարզի Շնող, Թեղուտ և Արդվի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր, Վերնաշեն, Գնդևազ գյուղերի և Ջերմուկ առողջարանի, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչների պայքարը իրենց «կանաչ» իրավունքների վերականգնման համար:
Ռեեստրների ներկայացումն ուղեկցվեց մասնակիցների ելույթներով, քննարկումներով և առաջարկություններով:
Շարունակելի
Մայիս 03, 2018 at 19:20