Կլիմայական և էներգետիկ խնդիրները Հայաստանի համայնքներում․ ներկայացնում են փորձագետներն ու տեղացիները (մաս 2)

Կլիմայական և էներգետիկ խնդիրները Հայաստանի համայնքներում․ ներկայացնում են փորձագետներն ու տեղացիները (մաս 2)

Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ կլիմայական և էներգետիկայի ոլորտներում և իրականացնում է բարեփոխումներ օրենսդրական դաշտում։ Այդ քաղաքականությունների հիմնական թիրախները համայնքներն են։ Սակայն նրանք բավարար չափով իրազեկված չեն, լիարժեք չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացներին։ Հետևաբար, համայնքների իրական սոցիալ-էկոլոգիական կարիքները լիարժեք արտացոլված չեն կլիմայական և էներգետիկ քաղաքականություններում։

Մամուլի ասուլիսի ժամանակ ԷկոԼուրի թիմը ներկայացրեց սոցիալական և էկոլոգիական կարիքների գնահատման իր ուսումնասիրությունները Հայաստանի 4 համայնքներում՝ Լոռու մարզի՝ Փամբակ, Վայոց ձորի մարզի՝ Եղեգիս, Արագածոտնի մարզի՝ Թալին, Տավուշի մարզի՝ Դիլիջան։ Ուսումնասիրություններն իրականացվել են «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։

«Մեր նպատակն է, որպեսզի համայնքները շարժվեն կայուն զարգացման ճանապարհով։ Մենք ներկայացնելու ենք ՀՀ կառավարությանն առաջարկությունների փաթեթ կլիմայական և էներգետիկ ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

«Գլխավոր նպատակն այն է, որ համայնքները կարողանան օգտվել կլիմայական և էներգետիկ քաղաքականություններից, պաշտպանեն իրենց շահերը՝ իրականացնելով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ծրագրեր, էներգետիկ աղքատությունը նվազեցնող միջոցառումներ», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։

Խնդիրներ և մարտահրավերներ

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ուսումնասիրված համայնքները խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։

«Եղեգիսում աղբյուրները ցամաքել են, ըստ բնակիչների, փոքր ՀԷԿ-երի գործունեության հետևանքով, ինչն ավելի է սրում կլիմայի փոփոխության ռիսկերը։ Թալին համայնքի հողերի 90 տոկոսը չի ոռոգվում։ Ջուր չկա։

Համայնքներն ունեն կախվածություն անտառից՝ մասնավորապես վառելափայտից։ Կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որպեսզի նվազեցնի ճնշումն անտառի վրա։ Բայց երբ նայում ենք ճանապարհային քարտեզը, տեսնում ենք, որ չկան սահմանված հստակ միջոցառումներ, թե ինչպես պետք է գյուղաբնակ մարդիկ իրենց տները տաքացնեն՝ չօգտագործելով վառելափայտ։ Պետք է մշակվի սակագնային քաղաքականություն, որպեսզի համայնքները կարողանան օգտվել հոսանքից», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը։

Նա նշեց, որ պետք են համալիր լուծումներ․ «Մենք համայնքների հետ համատեղ մշակում ենք առաջարկությունների փաթեթ ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների համար, որպեսզի այն բացերը, որոնք կան օրենսդրության մեջ կլիմայի և էներգետիկայի ոլորտներում վերացվեն, և մշակվեն միջոցառումներ խնդիրները կարգավորելու ուղղությամբ»։

Թալին համայնքում ԷկոԼուրի գործընկեր «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ-ի նախագահ Նարեկ Թութխալյանը ներկայացրեց հիմնական խնդիրները։

«Թալինում վերջին տարիներին արևային կայանների կառուցումն արագ ընթացք ստացավ, և համայնքն իրականում պատրաստ չէր, որ մի օր դառնալու է արևային համայնք։ Սկսվեց համայնքային հողերի օտարումը կամ նվիրատվությունը խոշոր ներդրողների։ Համայնքը չունի համալիր գործողությունների շարք՝ ինչ է ակնկալում ներդրողներից ստացած գումարներով։ Այդ գումարները մասամբ օգտագործվում են զարգացման ծրագրերի վրա, մասամբ՝ առօրյա խնդիրների», - նշեց Նարեկ Թութխալյանը։

«Համայնքապետարանը պետք է լինի ավելի ակտիվ և ներգրավի բնակիչներին որոշումների կայացման գործընթացներին, լսի առաջարկություններ։ Եթե համայնքի տեսլականը չորս կողմն արևային կայաններ տեղադրել և դաշտերը սևացնելն է, ապա շատ տխուր է լինելու։ Առանց այդ էլ Թալինը, որպես կլիմայական փոփոխություններին ենթարկվող համայնք, Հայաստանում ամենախոցելին է», - ասաց Նարեկ Թութխալյանը։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ներկայացրեց Փամբակ համայնքի խնդիրները։

«Փամբակ համայնքն ունի տարբեր խնդիրներ և հնարավորություններ ունեցող բնակավայրեր։ Բոլոր բնակավայրերում կա կլիմայական փոփոխություններին դիմակայելու խնդիր, ցածր է մարդկանց իրազեկվածության մակարդակը, քաղաքականությունները կիրառվում են պատահականության սկզբունքով։

Այս տարի բնակավայրերին մեծ վնասներ է հասցրել կարկտահարությունը։ Բնակավայրերը պատրաստ չէին դիմակայելու։ Կա մեծ ճնշում անտառների վրա։ Թեպետ նախկինի հետ համեմատ  անտառահատումները կրճատվել են, բայց միևնույն է, բնակիչները մնում են կախվածության մեջ անտառից։ Բնակավայրերում կարիք կա ներդնելու կլիմայական հարմարվողականության և դիմակայության քաղաքականություն, որը պետք է ստեղծի հնարավորություններ համայնքի համար», - ասաց Օլեգ Դուլգարյանը։

Եղեգիս համայնքի խնդիրները ներկայացրեց «Աշխատանք և Հայրենիք» ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանը։

«Չորանում են աղբյուրները, պակասում ջրային ռեսուրսները։ Սա բերում է դժվարություններ անասնապահության և գյուղատնտեսության համար։ Խնդիր է փոքր ՀԷԿ-երի աշխատանքը։ Երբ գետի կեսից ավելին հայտնվում է խողովակներում, դժվարություններ են ստեղծվում ոռոգման համար, ոչնչանում կենսաբազմազանությունը։ Կա բնակիչ-փոքր ՀԷԿ կոնֆլիկտ։ Ռեսուրսների սակավության պատճառով սրվել է մարդ-բնություն կոնֆլիկտը։  Բնակավայրերում արջեր են հայտնվում և վնաս տալիս գյուղատնտեսությանը, որովհետև արջերի համար էլ պակասել է սպիտակուցային կերը՝ մասնավորապես ձուկը», - ասաց Ռուզան Ղազարյանը։

Նա նշեց, որ զուգահեռ խնդիրներին համայնքն ունի զարգացման հնարավորություններ․ «Մենք պետք է խնդիրներին այլ տեսանկյունից նայենք։ Փոքր ՀԷԿ-երին կարող ենք բերել կորպորատիվ պատասխանատվության դաշտ, որպեսզի նրանք դառնան համայնքի գործընկերները և իրենց գերշահույթներից մասնաբաժին տան համայնքին, որը կօգնի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Համայնքն նաև ունի նաև տուրիզմի, գյուղատնտեսության զարգացման հնարավորություններ։ Պետք են նոր տեխնոլոգիաներ, որոնք կնվազեցնեն ծախսերը և կթեթևացնեն մարդկանց հոգսերը», - ասաց Ռուզան Ղազարյանը։

Դիլիջան համայնքի կլիմայական մարտահրավերները ներկայացրեց «Անվտանգ և զարգացած համայնքի «Էկոքաղաքականություն» բնապահպանական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալբերտ Հարոյանը։

«Մարդիկ գիտակցում են այն վտանգները, որոնք բերում է կլիմայի փոփոխությունը։ Դիլիջանում այդ փոփոխությունը ցայտուն կերպով երևում է։ Առաջինը՝ խմելու ջրի սակավություն է, որը զգում են և՛ բնակիչները, և՛ տուրիստները։ Երկրորդը՝ կլիմայի փոփոխությունն ազդում է անտառի վրա․ ավելացել են անտառային հրդեհների դեպքերը։ Եղանակային տատանումները մեծ խնդիրներ են առաջացնում։ Հորդառատ տեղումները կարող են ակտիվացնել Դիլիջանի սողանքները», - ասաց Ալբերտ Հարոյանը։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը խոսեց համայնքների կայուն զարգացման հնարավորությունների մասին։

«Համայնքներն ունեն կլիմայական և էներգետիկ ծրագրեր իրականացնելու մի քանի աղբյուրներ։ Դրանցից մեկը սուբվենցիոն ծրագրերն են, որոնք անհրաժեշտ է գնահատել կլիմայի փոփոխության տեսանկյունից։ Այդ ծրագրերը պետք է ունենան երկակի ազդեցություն․ զուգակցվեն մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, նաև նպաստեն կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը։ Սուբվենցիոն ծրագրեր կազմող մասնագետների պատրաստման կարիք կա, որպեսզի նրանք համալիր դիտարկեն և գնահատեն առաջարկվող ծրագրերը», - նշեց Ռոզա Ջուլհակյանը։



Սեպտեմբեր 15, 2023 at 16:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր