«Հրապարակ» օրաթերթում սեպտեմբերի 23-ին հրապարակված «Հայ էկոլոգները երեկ ադրբեջանցի էկոլոգների հետ միասին նամակ են հղել ՎԶԵԲ-ին ինչ-որ նախագծի առնչությամբ» նյութի կապակցությամբ հայտնում ենք, որ այս հրապարակումը կրում է մանիպուլիացիոն բնույթ՝ ստեղծված լարված, զգայուն և անկանխատեսելի իրավիճակում թիրախավորելով Հայաստանում գործող բնապահպանական կազմակերպություններին։
Նշենք, որ Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները միացել են CEE Bankwatch միջազգային ցանցի նախաձեռնած առաջարկություններին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից վերանայվող հանքարդյունաբերության ոլորտի 2024-2028թթ․ ռազմավարության վերաբերյալ։
ՎԶԵԲ-ը լուրջ ներդրումներ է անում հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում՝ հատկապես նավթագազային ոլորտում։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բանկին առաջարկել են ներդրումների ժամանակ առաջնորդվել հետևյալ մոտեցումներով․
- Առաջնահերթություն տալ շրջանաձև տնտեսության մեջ ներդրումներին, այլ ոչ միայն՝ հանքարդյունաբերությանը։
- Կենտրոնանալ հանքանյութերի բնապահպանական հետքի ազդեցության նվազեցման և վերամշակման խթանման վրա։
- Ապահովել, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ չկատարվեն այն երկրներում, որոնք չեն պահպանում բնապահպանական օրենքները։
- Սահմանել հանքարդյունաբերության համար արգելված տարածքներն ու արգելված տեխնոլոգիաները։
- Երաշխավորել բնիկ ժողովուրդների նախնական իրազեկված համաձայնությունը և բոլոր շահագրգիռ համայնքների համաձայնությունը։
- Շոշափելի օգուտներ տրամադրել տեղի համայնքներին այն երկրներում, որտեղ գործում է ՎԶԵԲ-ը:
Հրապարակված նյութի հեղինակ Հայկ Գևորգյանը քամահարելով նամակի էությունը՝ այն համադրել է Արցախում ստեղծված իրավիճակի հետ և տվել ընդգծված, ոչնչով չհիմնավորված բացասական գնահատական ՀՀ բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը, որոնք տարիներ շարունակ պաշտպանում են Հայաստանի շահերն անպատասխանատու ներդրումներից։
Դիմում ենք բոլոր լրատվամիջոցներին նման զգայուն իրավիճակում զերծ մնալ էժանագին, «սենսացիոն», «հրատապ» նյութերի հրապարակումից և չվնասել մեր երկրի կայունությունը։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմ
Սեպտեմբեր 26, 2023 at 14:40