LILA ծրագրի աջակցությամբ Հայաստանում ստեղծվում է հանրային լրագրողների ցանց

LILA ծրագրի աջակցությամբ Հայաստանում ստեղծվում է հանրային լրագրողների ցանց

Հայաստանի համայնքների համար հանրային լրագրողների ցանց է ստեղծվում: «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում ԷկոԼուրը հանրային լրագրության ցանցի ստեղծման նպատակով հանդիպումներ է անցկացրել Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի Ծրագրի թիրախ համայնքների ակտիվ բնակիչների հետ:

Սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԷկոԼուրը WWF-Հայաստանի թիմի հետ միասին հանդիպումներ է անցկացրել Փամբակ խոշորացված համայնքի Դեբեդ և Եղեգնուտ, Թումանյան համայնքի՝ Դսեղ և Մարց, Սիսիան համայնքի՝ Շաղատ, Եղեգիս համայնքի՝ Եղեգիս, Շատին և Հերմոն, Եղեգնաձոր համայնքի՝ Վերնաշեն և Գլաձոր, Իջևան համայնքի՝ Սևքար և Ենոքավան գյուղերում: Հանդիպումներին մասնակցել է շուրջ 140 բնակիչ շահառու գյուղերից։

LILA ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը հանդիպումների ընթացքում ներկաներին պատմել է ծրագրի նպատակների, ակնկալիքների, բնակավայրերում իրականացված և նախատեսվող բնապահպանական և տնտեսական զարգացման աշխատանքների մասին: «Ձեր բնակավայրերում WWF-Հայաստանը երկու ծրագիր է իրականացնում՝ LILA և Էկոմիջանցքների ծրագիր։ LILA ծրագրով լեռնային գյուղական բնակավայրերում զարգացնում ենք էկոտուրիզմը և դրա հետ կապակցված արժեշղթաները։ Ծրագիրը ներմուծելու է բնական պաշարների կայուն օգտագործման տնտեսական խթաններ և նպաստելու է կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացմանը։ Վերանորոգում և ջերմամեկուսացնում ենք համայնքային շենքերը, տեղադրում արևային կայաններ»,- նշել է նա:

Նաիրե Երիցյանը խոսել է նաև էկոմիջանցքների կարևորության մասին։ «Չի կարելի պահպանել կենդանիներին, առանց պահպանելու նրանց ապրելավայրերը: Էկոմիջանցքները հնարավորություն են տալիս, որ կենդանիները մի բնապահպանական տարածքից տեղաշարժվեն մյուսը: Պետությունը կենդանիների պահպանությունն իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ): Ինչպե՞ս անել, որ ԲՀՊՏ-ից ԲՀՊՏ տեղափոխվող կենդանիները միջանցքներում լինեն ապահով: Դուք՝ ինքներդ, և ձեր համագյուղացիները պետք է սկսեք պահպանել նրանց՝ գիտակցելով այդ ամենի կարևորությունը։ Պետք է մտահոգված լինեք ձեր համայնքով, բնությամբ, սոցիալական իրավիճակով և դառնալով հանրային լրագրության ցանցի անդամ բարձրաձայնել խնդիրների մասին»,- ասել է նա:  

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը բնակիչներին ներկայացրել է հանրային լրագրության դերը բնակավայրերի զարգացման, խնդիրների վերհանման և հաղթահարման տեսանկյունից, խոսել բնակիչների՝ համայնքում ակտիվ լինելու կարևորության մասին:  

«Դառնալով հանրային լրագրության ցանցի անդամ՝ ձեր գյուղը լսելի, տեսանելի և ավելի ճանաչելի եք դարձնելու: Ներկայացնելու եք գյուղի իրադարձությունները, կենցաղը, բնությունը և խնդիրները, որպեսզի դրանք լուծումներ ստանան», - նշել է նա: Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ մասնակցությունը դասընթացներին առաջին հերթին հանրային լրագրողներին կտա փորձ, հմտություն ու ճանաչելիություն: «Դուք կդառնաք ձեր գյուղի ձայնը՝ գյուղերն իրենց առօրյայով, խնդիրներով ու հաջողություններով տեսանելի դարձնելու լայն հանրության համար»,- ասել է նա:

Հանրային լրագրող դառնալու առաջարկը հետաքրքրություն է առաջացրել հանդիպումների մասնակիցների շրջանում։ 2024թ. տարեսկզբին տեղի կունենան հանրային լրագրողների պատրաստման դասընթացներ:

Հանրային լրագրությունը լրատվության այն տեսակն է, երբ քաղաքացին է դառնում տեղեկատվություն պատրաստող և փոխանցող: Քաղաքացիները ակտիվ դեր են ստանձնում լուրերի և տեղեկատվության հավաքագրման, լուսաբանման, վերլուծության և տարածման գործում: Հանրային լրագրողը, կախված չլինելով որևէ լրատվամիջոցի վարած քաղաքականությունից, տրամադրում է անաչառ և անկողմնակալ տեղեկատվություն։

Հանրային լրագրությունը, թեև Հայաստանում դեռևս սկզբնավորման փուլում է, կարող է հզոր գործիք դառնալ սոցիալական և բնապահպանական օրակարգերը առաջ մղելու համար, նպաստել իրազեկվածության բարձրացմանը ռեսուրսների կայուն օգտագործման և կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ, որոնց լուծմանն է միտված LILA ծրագիրը: 

Հանրային լրագրության ոլորտում հաղորդակցությունն ավելին է, քան պարզապես տեղեկատվություն փոխանցելը և լսարանին տեղեկացնելը, այն օգտագործվում է շահագրգիռ կողմերին ներգրավելու, իրավիճակները գնահատելու և սոցիալական փոփոխությունները խթանելու արդյունավետ ռազմավարություններ մշակելու համար: LILA ծրագիրը հիմնված է այս փիլիսոփայության վրա:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աջակցությամբ։

Դեկտեմբեր 26, 2023 at 15:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր