

ԷկոԼուր
ԷկոԼուրը նոյեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, հրավիրում է շահագրգիռ կողմերին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցելու «էկոլոգիական ռիսկերի վերլուծության ինտերակտիվ մոդելի» շնորհանդեսին: Շնորհանդեսը տեղի կունենա «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):
Մետաղական հանքեր, ծանր մետաղներով աղտոտված հողեր, արտադրական թափոններով աղտոտված գետեր… Այս բոլոր ռիսկերի մասին մենք անընդհատ խոսում ենք եւ դրանք գնահատելու կարիք ունենք: ԷկոԼուրի փորձագետների խումբը ընտրված տարածքների համար մշակել է էկոլոգիական ռիսկերի վերլուծության ինտերակտիվ մոդել:
Մոդելը իրենից ներկայացնում է մի գործիք, որը թույլ է տալիս անմիջապես տեսնել, թե աշխարհագրական կոնկրետ տարածքը որքանով է ենթարկված էկոլոգիական ռիսկերի ազդեցությանը: Ռիսկերը բաշխված են 5 կատեգորիաներով` օդ, ջուր, հող, կենսաբազմազանություն, առողջություն: Յուրաքանչյուր կատեգորիա գնահատվում է ըստ միավորների, համապատասխանաբար` նորմալ, ճգնաժամային եւ աղետալի վիճակների համար: Մոդելում օգտագործված են տվյալներ պաշտոնական եւ անկախ աղբյուրներից, գիտական հրապարակումներից: Մոդելի միջոցով կարելի է համեմատել ռիսկերի աստիճանը տարբեր տվյալների համաձայն: Օրինակ, օդի աղտոտվածության վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով ` Երեւանը կանաչ քաղաք է: Բայց, եթե դիտարկենք արտադրական արտանետումների ազդեցությունը մարդկանց առողջության վրա, Երեւանի 12 շրջաններից միայն 3-ն են բավարար վիճակում:
Ռիսկերի մոդելը ներկայացված է ԷկոԼուրի www.ecolur.org կայքում «Ռիսկերի վերլուծություն» ինտերակտիվ քարտեզի տեսքով: Ռիսկերի մոդելի միջոցով հետազոտված դեպքերը տեղադրվում են «Էկոռիսկերի անալիզ» բաժնում:
Մոդելը մշակվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում`ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:
Հոկտեմբեր 31, 2013 at 14:52
