

ԷկոԼուր
Հայաստանը չի միանալու Մաքսային միությանը: Այս կարծիքին է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը: «Մաքսային միությունը այսօր չկայացած կառույց է: Դրա մեջ կան բավականին շատ հակասություններ: Մաքսային միության ոչ մի երկիր գոհ չէ այն դրությամբ, որ կա Մաքսային միությունում»,-«ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ստեղծված իրավիճակը նաեւ խնդիրների առջեւ է կանգնեցրել Հայաստանի ազգային պլատֆորմին, որը պետք է նոյեմբերի 29-ին զեկույցով հանդես գա Վիլնյուսի գագաթնաժողովին: «Կա շատ լուրջ մտահոգություն, թե ինչ պետք է անի ընդհանրապես Ազգային պլատֆորմը: Վերջինիս հիմնական գործառույթը երկխոսությունն է իշխանությունների եւ Եվրամիության հետ բարեփոխումների օրակարգի շուրջ: Հիմա, եթե Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները խորացման փուլում չեն, այսինքն օրակարգ գոյություն չունի, ապա ի՞նչ թեմայով ենք մենք երկխոսում իշխանությունների հետ: Այս առումով Պլատֆորմի գործողությունները եւս անորոշ են»,- ասաց Բորիս Նավասարդյանը՝ նշելով, որ Ազգային պլատֆորմը պատրաստ է երկխոսություն վարել իշխանությունների հետ, բայց միայն այն օրակարգի շուրջ, որը հաստատված է Պլատֆորմի կողմից: «Մենք պատրաստ ենք երկխոսության մեջ մտնել նաեւ ցանկացած հասարակական-քաղաքական եվ այլ շարժումների հետ, որոնք ունեն հստակ պրոեվրոպական ուղղվածություն, թեկուզ լինեն ըննդիմություն»,-հավելեց բանախոսը: Մանրամասները՝ տեսանյութում:
Նոյեմբեր 25, 2013 at 17:31
