

ԷկոԼուր
Սյունիքի մարզում գտնվող «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը միաձուլվում են մեկ կազմակերպության մեջ, որն է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ը: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ստեղծելու մասին որոշումը գործադիրը կայացրեց դեկտեմբերի 19-ին` ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր ստեղծելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան և նպատակը վերոնշյալ հատուկ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումը, ինչպես նաև ազգային պարկի, արգելոցի և արգելավայրերի բնական պաշարներ իկայուն օգտագործման ապահովումն է: Այս մասին նշված է որոշման նախագծում: Ըստ որոշման նախագծի հիմնավորման` այն պայմանավորված է.
«ՀՀ Սյունիքի մարզում առկա բնության հատուկ պապանվող տարածքների կառավարման արդյունավետության, «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու և «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքի ընդլայնման անհրաժեշտությամբ, որոնց նախատեսված տարածքում հանդիպում են բույսերի Կարմիր գրքում ընդգրկված և էնդեմիկ բուսատեսակներ, Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներ, ինչպես նաև մի շարք արժեքավոր կենդանիների տեսակների ապրելավայրեր և միգրացիոն ուղիներ:
Որոշման ընդունման անրաժեշտությունը բխում է նաև այն հանգամանքից, որ ներկայումս ՀՀ Սյունիքի մարզում առկա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվում է տարբեր պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից, որը թույլ չի տալիս նվազեցնել պահպանման ծախսերը և ավելացնել հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի պահպանության ծախսերը: Ուստի, ծախսերն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերը նշված հատուկ պահպանվող տարածքները կառավարվեն մեկ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից»:
Հիշեցնենք, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ստեղծումը խիստ մտահոգում է գիտական և էկոլոգիական հասարակայնությանը, քանի որ հստակ չէ, թե որքանով կպահպանվի «Շիկահող»-ի արգելոցային ռեժիմը: «Եթե նայենք «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, ապա կտեսնենք, որ և գործող օրենքում, և մշակվող նոր օրինագծում կենսոլորտային համալիրի վերաբերյալ հստակ ձևակերպումներ չկան, ընդամենը 4-5 տող է: Եւ նախագծում այդ անվանումը հստակ չէ` կամ կենսոլորտային համալիր, կամտարածք: Հարց է առաջանում` ինչու չսպասել նոր օրենքի ընդունմանը, որպեսզի հստակ պատկերացում ունենալ, թե ինչ ստեղծել եւինչու: Եթե հատուկ պահպանվող տարածքների մի քանի տեսակներ միաձուլվեն մեկ հատուկ պահպանվող տարածքի` կենսոլորտային համալիրի մեջ, որը որոշակի կարգավիճակ, հիմնավորում չունի, ապա «Շիկահողը»-ը նույնպես կարող է դառնալ մատչելի նախկինում արգելված գործունեության համար, քանի որ կկորցնի պաշտպանության ռեժիմը»,- սույն թվականի օգոստոսի 28-ին ԷկոԼուր մամուլի ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը: Նրա խոսքով` հայտնի է, որ KfW գերմանական զարգացման բանկը 8.2 միլիոն եվրո է տրամադրել կենսոլորտային համալիրի ստեղծման համար:
Դեկտեմբեր 19, 2013 at 17:40
