

ԷկոԼուր
«Ես ողջունում եմ այս ծրագիրը: Մենք վերջապես հնարավորություն կունենանք այս տարածաշրջանում լուծել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, իհարկե, վնասներ չտալով Սևանա լճին: Բացի սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք կլուծենք նաև մանրաձկան համալրման խնդիրը»,- անդրադառնալով «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»` նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը 2013 թ-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: Իսկ նման կարծիք հայտնելուց ընդամենը րոպեներ առաջ, Արամ Հարությունյանը հայտարարեց. «Մեր հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե մանրաձկան համալրման աշխատանքները, այլ ինքնավերարտադրման գործառույթը, որը դեռևս մեզ չի հաջողվում, և մենք գտնում ենք, որ այս աշխատանքները անհրաժեշտ է շարունակել, որպեսզի կարողանանք ապահովել բնական վերարտադրողական գործընթացը»:
Հետաքրքիր է, ինչպես է նախարարը պատրաստվում լուծել հիմնական խնդիրը՝ ինքնավերարտարման գործառույթը, եթե Սևանում մանրաձկները սնվելու են ազոտ և ֆոսֆոր պարունակող արհեստական կերով, որոնք հանդիսանում են ջրի աղտոտիչներ:
«Սա շատ լուրջ ծրագիր է: Որքանով ես եմ տրամաբանում, այստեղ կլինի պետության և մասնավորի լուրջ համագործակցություն»,-վստահեցրեց նախարարը: Ըստ Արամ Հարությունյանի՝ ծրագիրը իրականացվելու է փուլերով: «ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային կազմ, որի մեջ ներգրավված ենք նաև մենք, և եթե ինչ-որ տեղ մենք տեսնենք, որ խնդիր ունենք, բնականաբար կդադարեցնենք ծրագիրը», - ասաց Արամ Հարությունյանը:
Հունվար 10, 2014 at 11:31
