

ԷկոԼուր
Հայտնի է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի անունը:
Սույն թվականի հունվարի 24-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում հաստատվել է Վահան Դավթյանի թեկնածությունը: Այս մասին տեղկանում ենք կառավարության պաշտոնական կայքից: Աղբյուրի համաձայն` Վահան Դավթյանը մինչ այդ աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Քիմիայի բաժնի պետ: Ունի գործունեության մեծ փորձ նաև հասարակական ոլորտում:
Հիշեցնենք, որ Սեւանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ բնապահպանության նախարարությունը մրցույթ էր հայտարարել 2013 թ-ի վերջին: Թեկնածուների նկատմամբ պահանջներից ոչ մեկում խոսք չկար ոչ թեկնածուի մասնագիտության, ոչ էլ շրջակա միջավայրի ոլորտում մասնագիտացված լինելու մասին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում էր՝
• բարձրագույն կրթություն.
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ հիմնադրամի տնօրենի կամ տեղակալի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• հիմնադրամի զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:
Նշենք, որ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամը հիմնադրվել է 2011թ.: Հիմնադրամի նպատակն է աջակցել Սևանա լճի` որպես Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանի վերականգնմանը, վերարտադրությանը, պահպանմանը, բնականոն զարգացմանը և օգտագործմանը։
Հունվար 27, 2014 at 15:23
