

ԷկոԼուր
Լոռու մարզի Թեղուտ համայնքի հերթական խնդիրներին ավելացել է ջրի խնդիրը: Հարցը քննարկվել է Թեղուտ գյուղում հունվարի 15-ին «Վալլեքս Գրուպ» ընկերության հետ հանդիպման ժամանակ:
ԷկոԼուր.
-Այս հարցը բարձրացվել է դեռեւս 2006թ-ին, երբ «Վալլեքս Գրուպ» ընկերությունը ներկայացրեց Թեղուտի նախագիծը: Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը առաջ քաշեց Թեղուտ եւ Շնող համայնքներին խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու հարցը, որ այն անհրաժեշտ է լուծել: Բայց մինչ այժմ այս հարցը դեռ չի լուծվել, չնայած որ ընկերությունը նախագծի իրականացման համար օգտագործում է բնակիչների կարիքների համար նախատեսված ջուրը: Իսկ ու՞ր է փոխհատուցումը:
Վալլեքս Գրուպ.
-Ընկերությունը խմելու ջրի համար օգտագործում է Նոյեմբերյանից եկող Ագարակի ճյուղի ջուրը: Ջուրը տեղափոխել են մեր տեղամաս: Շնողը արդեն ջուր է ստանում եւ նաեւ օգտվում է մեր ճյուղից:
ԷկոԼուրի մեկնաբանությունը.
- Ստացվում է, որ ջուրը այդպես էլ չհասավ մինչեւ Թեղուտ:
«Թեղուտ» ՓԲԸ-ի բնապահպանական հարցերի մասով պատասխանատու Սերգեյ Երիցյան.
- Այս տարի նաեւ Թեղուտին կապահովենք ջրով:
Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորիկյան.
- Այս տարվա սկզբից Թեղուտ գյուղի ջրատար խողովակների թարմացումը նախատեսված է ֆրանսիական ընկերության նախագծի հաշվին:
ԷկոԼուրի մեկնաբանությունը.
-Եթե ջրի մատակարարումը տեղի է ունենալու ֆրանսիական ընկերության հաշվին, ապա դա Վալլեքսի խոստացված փոխհատուցումը չէ:
Փետրվար 10, 2014 at 13:30
