

ԷկոԼուր
Ապօրինի և անկանոն անտառհատումների պատճառով Լոռու մարզի անտառների բնական վերաճի պայմանները խաթարվել են: Այս մասին նշված է ՀՀ Լոռու մարզի 2014 - 2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում: «1991-2000թթ. վառելափայտի և շինափայտի ստացման համար ապօրինի կատարված ծառահատումները մերկացրել են անտառապատ լեռնալանջերի բազմաթիվ հեկտարներ: Սերմնային ծագման անտառների տարածքները պակասել և փոխարենը ավելացել են կոճղաշիվային ու երկրորդական տեսակի ծառատեսակները և թփատեսակները: Լեռնային ռելիեֆ ունեցող մեր բնաշխարհի համար այս երևույթները խիստ զգալի և անցանկալի են: Մարզի անտառները ունեն բացառապես սանիտարահիգենիկ և ջրապաշտպան նշանակություն: Անկանոն հատումների պատճառով անտառները կորցնում են իրենց կլիմայակարգավորիչ, հակաէռոզիոն, ջրակարգավորիչ նշանակությունը: Մարզի անտառածածկ սարալանջերը հիմնականում ունեն անկման բարձր անկյուն: Կախված լանջի թեքությունից ու բնակլիմայական պայմաններից, ինչպես նաև սեյսմիկ իրավիճակից՝ բնահողը սկսում է սահել: Սահելով գետն է թափվում սևահողը, որի վերարտադրությունը լեռնային պայմաններում շատ երկար ժամանակ է պահանջում: Բնական աղբյուրների զգալի մասը դարձել է սակավաջուր: Ապօրինի և անկանոն անտառհատումների պատճառով անտառների բնական վերաճի պայմանները խաթարվել են և առանց լրացուցիչ անտառվերականգնման աշխատանքների հնարավոր չէ վերականգնել մարզի անտառային էկոհամակարգի նախկին վիճակը:... Նախորդ տարիների համեմատությամբ շոշափելի նվազել են անտառների ապօրինի հատումները և փայտանյութի տեղափոխումն ու վերամշակումը: Այնուամենայնիվ, այդ խնդիրը դեռևս առկա է և պետք է մնա ուշադրության կենտրոնում»,- մասնավորապես նշված է Ծրագրում:
Փաստաթղթում ներկայացված են 2007-2012թթ. Լոռիում իրականացված անտառվերականգնման աշխատանքները: Ըստ այդմ՝ 2007-2010թթ. անտառմշակույթներ են հիմնադրվել 763.5 հեկտար գումարային տարածքում: 2007-2012թթ. հիմնադրված անտառմշակույթների լրացում և խնամք է իրականացվել 1188,5 հեկտար տարածքում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի անտառային պետական ֆոնդը կազմում է 101205 հա, որից անտառածածկ է 85799 հա-ը: Անտառային ֆոնդը կազմում է մարզի տարածքի մոտ 27%-ը: Անտառների կառավարումն իրականացնում են ՀՀ գյուղատնեսության նախարարության կազմում գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի, Եղեգնուտի, Լալվարի, Ջիլիզայի, Դսեղի, Տաշիրի և Ստեփանավանի անտառտնտեսությունները:
Փետրվար 14, 2014 at 11:14
