Միացե՛ք «Փրկենք Սեւանը» քայլերթին

Միացե՛ք «Փրկենք Սեւանը» քայլերթին

ԷկոԼուր

«Միացե՛ք «Փրկենք Սեւանը» նախազգուշացնող քայլերթին» կոչով ապրիլի 18-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հանդես եկան «S.O.S. Սեւան» նախաձեռնող խմբի անդամներ Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյանը, «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանը եւ «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:

Քայլերթը կմեկնարկի ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի օղակաձև հրապարակից դեպի Սեւան-Հրազդան ջրանցքը Սեւան-Երեւան մայրուղով: Բողոքի ակցիան կշարունակվի Երեւանում ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին,  ՀՀ Ազգային ժողովի դիմաց:

ՀՀ Ազգային ժողովը մտադիր է հաստատել ՀՀ կառավարության կողմից առաջարկված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի համաձայն՝ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան սահմանաչափը նախկին 170 միլիոն խորանարդ մետրից կարող է հասցվել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի 5 տարի ժամկետով:

Կառավարության մյուս որոշմամբ` հաստատվել է  «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որը նախատեսում է մինչեւ 2023 թվականը Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով տարեկան 50 հազար տոննա ձկան աճեցում արհեստական կերի հաշվին։

«Չի կարելի Սեւանից 5 տարի շարունակ բաց թողնել 240 միլիոն խմ ջուր: Մենք պատրաստ ենք կոշտ քայլերի,  որպեսզի հանրության և հասարակության ձայնը, վերջիվերջո, այս երկրում լսելի լինի», - հայտարարեց Սիլվա Ադամյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչությունը եւ հասարակությունը նույնպես վրդովված է կառավարության այս որոշումներից:Ըստ Լիաննա Ասոյանի` բնակիչները կասկածներ ունեն, որ ծրագրերի հետ կապված ամեն ինչ արվում է հապճեպ՝ արագացնելով գործընթացները:

«Չմոռանանք, որ բացի քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարան լինելուց, Սեւանն ունի նաեւ էներգետիկ մեծ նշանակություն: Եկեք հիշենք շրջափակման տարիները: Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ մեզ նոր պատերազմ չի սպառնալու: Ի՞նչ ենք անելու մենք այդ ժամանակ, եթե մենք այսօր նման կերպով վատնում ենք Սեւանի պաշարները»,- ասաց Սաթենիկ Բադեյանը: Նա նաեւ նշեց, որ Սեւան-Հրազդան ջրանցքն ունի վնասված հատվածներ, ինչի հետևանքով կան ջրի մեծ կորուստներ. «Ջրբացթողումների ծավալը ավելացնելու փոխարեն հարկավոր է նվազեցնել ջրի կորուստները և վերանորոգել ջրանցքը, որը մեծ ռիսկ է պարունակում. ջրանցքն անցնում է Գեղամավան և այլ գյուղերի տարածքով և փլուզվելու դեպքում կարող է հեղեղել միանգամից մի քանի գյուղեր, և դրա դեմը առնել հնարավոր չի լինի»,- ասաց Սաթենիկ Բադեյանը: 


Ապրիլ 18, 2014 at 18:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր