

ԷկոԼուր
«Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» բնապահպանական հանրային գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ԷկոԼուրը մայիսի 27-ին ուղարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Տվյալ գործով դատավարությունը տեղ է ունեցել սույն թվականի մայիսի 8-ին: Դիմումը Բնապահպանական հանրային դատարան էր ներկայացրել «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը: Բնապահպանական հանրային դատարանը` Նազելի Վարդանյան, Հրանուշ Խառատյան, Զարուհի Հովհաննիսյան, Ինգա Զարաֆյան, Սաթիկ Բադեյան կազմով, վճռեց.
1. Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի խախտումները, որոնք խաթարել են Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգի ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, որոնց արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:
2. Ստեղծված իրավիճակի և ՀՀ օրենսդրության խախտումների համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններին, ՀՀ Ջրային կոմիտեին, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
2. Դիմել ՀՀ Դատախազությանը` պահանջելով.
ա/ Հարուցել քրեական գործ` Սևանա լճի ափերի տարածքների ապօրինի օտարում և կառուցապատում թույլ տված պաշտոնատար անձանց նկատմամբ՝ վերացնելով խախտումները և վերականգնելով դրա հետևանքով պետությանը պատճառած վնասները
բ/ Ստուգել Սևանա լճի առափնյա տարածքների վարձակալության պայմանագրերի օրինականությունը
գ/ Ստուգել Սևանի սիգի և այլ ձկնատեսակների վերամշակման և պահածոյացման արտադրամասերի գործունեության օրինականությունը, հայտնաբերել օրինախախտումները և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց
դ/ Ստուգել «Արփա-Սևան» թունելի վերանորոգման համար 2010-2017թթ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ տրամադրված և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գումարների նպատակային ծախսումը, խախտումներ հայտնաբերելու դեպքում, պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:
ե/ Ստուգել ՀՀ Կառավարության որոշումներով 2013թ-ից սկսած Սևանա լճի շրջակայքում` ջրածածկման ենթակա տարածքներում, անտառմաքրման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից տարեկան 125,4 միլիոն դրամ, և ձկան պաշարները արժեքավոր ու հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովման նպատակով 60,0 միլիոն դրամ հատկացված գումարների նպատակային ծախսումը, խախտումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:
զ/ Ստուգել ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևան թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման, Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքերի /Սոթք, Շորժա, Ամուլսար և այլ/ շահագործման համար տրված փորձաքննական դրական եզրակացությունների օրինականությունը /հաշվի առնելով Սևանա լճի էկոհամակարգի վրա ազդեցությունը/, օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում, պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:
է/ Քննություն կատարել Սևանի կոլեկտորի գույքի ոչնչացման և հափշտակության վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:
թ/ Ստուգել ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքների համար «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ին հատկացված գումարների նպատակային ծախսումը, ջրի կորուստների պատճառները, խախտումներ հայտնաբերելու դեպքում, պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:
4. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.
ա/ Վերահսկել - «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին» ՀՀ օրենքների կիրարկումը և ՀՀ օրենսդրության խախտում թույլ տված անձանց ենթարկել պատասխանատվության:
բ/ Վերահսկել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019թ. տարեկան ծրագրի իրականացումը և բյուջեից հատկացված գումարների նպատակային ծախսումը, ստուգել նախորդ տարիների ծրագրերի իրականացումը և գումարների նպատակային ծախսումը:
գ/ Չնախատեսել Սևանա լճից լրացուցիչ ջրի բացթողումներ մինչև լճի մակարդակը չհասնի` ծովի մակերևույթից 1903,5մ նիշին: Բացառել էներգետիկ նպատակով ջրի բացթողումը և լճի բացասական հաշվեկշիռը:
դ/ Ստեղծել «Սևան» ազգային պարկին հարակից համայնքներում բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխանող աղբավայրեր:
ե/ Կազմակերպել Սևանա լճի ջրհավաք ավազանի համայնքների Սևան թափվող կոյուղաջրերի մաքրումը:
զ/ Արգելել Սևանա լիճ թափվող գետերի վրա նոր ՓՀԷԿ-երի կառուցումը և միջոցներ ձեռնարկել կառուցված ՓՀԷԿ-երի փակման ուղղությամբ:
է/ Արգելել Սևանա լճի ջրհավաք ավազանում նոր հանքերի շահագործումը, միջոցներ ձեռնարկել գործող հանքերի` շրջակա միջավայրին պատճառող վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
ը/Հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարությանը մշակել և իրականացնել ծրագիր նախարարության կողմից կատարված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցման և կանխարգելման ուղղությամբ:
թ/ Ստուգել «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017թթ. հատկացված է 9,0 միլիարդ դրամ գումարի նպատակային օգտագործումը և ծրագրի իրականացման օրինականությունը:
ժ/ Վերահսկել Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության ծրագրի իրականացումը և Կառավարության կողմից հատկացված գումարների նպատակային ծախսումը
ժա/ Գործարկել Որոտան-Արփա թունելը
ժբ/ Ստուգել անտառմաքրման աշխատանքների իրականացման, արժեքավոր ու հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովման համար պետական բյուջեից հատկացված գումարների նպատակային ծախսումը
ժգ/ Արգելել Սևանի սիգի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը:
ժդ/ Մշակել ««Սևանա» լճի մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:
2. Հանձնարարել.՝
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ա/ Միջոցներ ձեռնարկել Սևանա լճի առափնյա տարածքներում հողերի ապօրինի օտարման և վարձակալության պայմանագրերի լուծման համար
բ/ Միջոցներ ձեռնարկել Սևանա լճում ձկան ապօրինի որսը կանխարգելելու ուղղությամբ
դ/ Սևանա լճի շուրջ իրականացնել անտառատնկման աշխատանքներ
ե/ Սևանա լճի ափամերձ տարածքներում նոր օբյեկտների նախագծային փաստաթղթերը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթարկելիս` պարտադիր պայման նախատեսել այդ օբյեկտների կեղտաջրերի մաքրումը` կենսաբանական մաքրման կայանների միջոցով: /ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Սևանա լճի ջրհավաք ավազանի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների բնակավայրերում և բնակավայրերից դուրս օբյեկտների շահագործումից առաջացող կեղտաջրերի մաքրման մասին» N 397-Ն որոշում/
զ/ Արգելել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործումը
է/ Պատշաճ վերահսկողություն ապահովել «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտիների ռեժիմի պահպանման նկատմամբ
ը/ Ապահովել Ազգային պարկի արգելոցային գոտիներում՝ Սևանի իշխան, Սևանի բեղլու, Սևանի կողակ էնդեմիկ ձկնատեսակների բնական զարգացումն ու ձվադրումն ապահովող ուղիների պահպանությունը
թ/ Պահպանել և վերականգնել «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրում գիհիների և կաղնու տեսակների բնական միջավայրը:
ՀՀ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ
ա/ Միջոցներ ձեռնարկել ոռոգման ցանցի վերանորոգման համար՝ բացառելով ջրի կորուստները
բ/ Բացառել Սևանա լճից ջրի բացթողումները, եթե առկա է բացասական հաշվեկշիռ:
գ/ Հսկողություն իրականացնել`օրենքով սահմանված կարգով, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության նկատմամբ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ
ա/ Խստացնել վերահսկողությունը «Սևան» ազգային պարկի և Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքներում։
բ/ Կատարել իրականացված ստուգումների վերլուծություն և յուրաքանչյուր տարվա վերջում ներկայացնել հետագա խախտումների կանխարգելմանն ուղղված առաջարկներ։
գ/ Հրապարակել ստուգումների ստուգման փաթեթը, մասնավորապես, ստուգման ակտի պատճենը, կամ ամբողջական բովանդակությունը, իրավախախտման արձանագրությունը, ստուգման արդյունքում տրված հանձնարարականները, այլ գերատեսչություններին ներկայացված միջնորդագրերը կամ առաջարկությունները, շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկները բոլոր բաղադրիչներով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ
ա/ Խստացնել վերահսկողությունը Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքներում շինարարական հատուկ թույլտվությունների տրամադրման և շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ։
բ/ Կատարել իրականացված ստուգումների վերլուծություն և յուրաքանչյուր տարվա վերջում ներկայացնել հետագա խախտումների կանխարգելմանն ուղղված առաջարկներ։
գ/ Հրապարակել ստուգումների ստուգման փաթեթը, մասնավորապես, ստուգման ակտի պատճենը, կամ ամբողջական բովանդակությունը, իրավախախտման արձանագրությունը, ստուգման արդյունքում տրված հանձնարարականները, այլ գերատեսչություններին ներկայացված միջնորդագրերը կամ առաջարկությունները:
5. Դիմել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդին` պահանջելով.
ա/ Ուսումնասիրել վճռում ներկայացված խնդիրները
բ/ Կազմակերպել մասնագիտական քննարկումներ Սևանա լճի վերաբերյալ
գ/ Մշակել առաջարկությունների փաթեթ Սևանա լճի անվտանգության վերաբերյալ` ՀՀ կառավարություն ներկայացնելու համար:
Մայիս 29, 2019 at 18:37