

ԷկոԼուր
«Ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին յուրաքանչյուր բնապահպանական խախտման ականատես լինելուց դիմել բոլոր պատկան մարմիններին: Առնվազն մեր մասով կարող եմ հավաստիացնել, որ որևէ ահազանգ, որևէ դեպք, կլինի անտառհատում, որս, ապօրինի ջրօգտագործման դեպք, անհետևանք չի մնալու», - ասաց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը կառավարության դեկտեմբերի 10-ի նիստին:
«Իզուր ասացիք, պարոն Գրիգորյան, - արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, - այսօր զեկուցագիր եմ ստացել այն մասին, որ, ի հեճուկս որոշումների, Սևանի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է: Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ: Այստեղ մենք պետք է իսկապես մտածենք երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Զեկուցագրում նշվում է մեր մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում բնապահպանության նախարարության, ոստիկանության, Սևան ազգային պարկի»:
Նիկոլ Փաշինյանը Սևանա լճում կազմակերպական որոշակի լուծումների հասնելու համար հանձնարարեց ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ քննարկել այդ հարցը և առաջարկել երկարաժամկետ կոնկրետ լուծումներ:
Դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Ապօրինի որսը պետք է ընդհանրապես բացառվի: Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության գործում առաձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու»:
Հիշեցնենք, որ սիգի ապօրինի որսի և անարգել վաճառքի մասին ահազանգել են նաև Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունները՝ խնդրելով ուժեղացնել Սևանա լճում որսագողերի դեմ պայքարը:
Հունվար 10, 2019 at 17:05
