S.O.S ԱՐԳԻՃԻ

S.O.S   ԱՐԳԻՃԻ

Լիանա Ասոյան, Գավառի Օրհուս կենտռոն

Հունիսի  16-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Մադինա, Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն, Վաղաշեն համայնքների ղեկավարների խնդրանքով Գավառի Օրհուս կենտրոնը մարզպետարանում հանդիպում կազմակերպեց վերոհիշյալ համայնքապետերի Գավառի Օրհուս կենտրոնի և «ԷկոԼուր» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Համայնքապետերն իրենց մտահոգությունը հայտնեցին  Արգիճիի վերին հոսանքներում իրականացվող ՓՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ, ներկայացրեցին հստակ փաստեր առանց ջուր մնացող բնակչության թվի և համայնքների ոռոգվող տարածքների մասին, այն է` Գեղհովիտ – 6700 բնակիչ,  900 հա ոռոգելի հողատարածքներ,  Մադինա – 1300 բնակիչ,  1300 հա  ոռոգելի  հողատարածքներ, Վ. Գետաշեն – 5500 բնակիչ, 1200 հա ոռոգելի հողատարածքներ, Ն. Գետաշեն – 9000 բնակիչ, 2150հա ոռոգելի հողատարածքներ, Վաղաշեն – 4300բնակիչ, 300 հա ոռոգելի հողատարածքներ, 1000 հա ոռոգելի խոտհարքեր: Ընդհանուր հաշվարկով  26800 բնակիչ և 6850 հա ոռոգելի հողեր մնալու են առանց ջրի:

Համայնքի ղեկավարների խոսքերով ամռան ամիսներին գետի ջուրն այնքան քիչ է լինում, որ ոռոգման ժամանակահատվածում ջրի պակասը միջհամայնքային կռիվների պատճառ է դառնում: Քննարկման ժամանակ «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը համայնքապետերին ներկայացրեց իր ունեցած տեղեկատվությունը այս շինարարության հետ կապված և ըստ նրա  նախնական տվյալների` այդ շինարարությունն իրականացնում է  «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն, որը այդ ՀԷԿ-ը կառուցելու թույտվություն ստացել է դեռևս 2006թ.:

Եթե նույնիսկ այն ժամանակ այդ շինարարությունը թույլատրելի էր, նշեմ, որ այդ տարիներին ՀՀ Կարմիր գիրքը դեռևս օրենքի ուժ չուներ: Անցյալ տարի ՀՀ Կարմիր գիրքը օրենքի ուժ է ստացել, նրա մեջ գրանցված Սևանա լճի էնդեմ ձկնատեսակների մեծ մասը  Արգիճիի վերին հոսանքներում են ձվադրում: Տեղին է նշել նաև, որ Սևանա լճի ջրի բարձրացման համար երկար տարիներ հսկայական ջանքեր ու գումարներ են դրվել` Արփա-Սևան թունելի կառուցման գործում, որ Վայոց Ձորի մարզից ջուր բերեն Սևանա լիճ: Այժմ լրիվ հակառակ գորընթացն է տեղի ունենում, Սևանի ջուրը հեշտ ու հանգիստ, շահ ստանալու նպատակով նորից հետ են ուղարկում Վայոց Ձորի մարզ:

Հունիս 21, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր