ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ՍՆՈՒՑՈՂ ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՏԱԿԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՋՐԱՏԱՐԻ ԵՎ ՀԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԻՆԳ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ՍՆՈՒՑՈՂ ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՏԱԿԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՋՐԱՏԱՐԻ ԵՎ ՀԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԻՆԳ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Սիրանույշ Գևորգյան, ԷկոԼուր

Թեև ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է, որ Սևանը սնուցող Արգիճի գետի հունը փոխելու մասին խոսակցություններն անհիմն են, սակայն բնապահպանները պնդում են, որ Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կառուցող ջրատարը կարող է անջուր թողնել Գեղարքունիքի մարզի հինգ գյուղական համայնքները:

Բնապահպանության նախարարությունը վերջերս «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ից, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Վաղաշեն համայնքների բնակիչների կողմից ստացել էր գրություն՝ Արգիճի գետի հունի փոփոխության և ջուրը դեպի Վայոց Ձորի մարզ ուղղելու նպատակով կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Բնապահպանները և նշված համայնքների բնակիչները անհանգստացած են ոչ միայն ջրերը դեպի Վայոց Ձոր ուղղելու կապակցությամբ, այլ նաև Արգիճի գետի Գայլաձոր վտակը սնուցող աղբյուրների վրա կառուցվող ՀԷԿ-ի կառուցման պատճառով:

(Արգիճին Սևանը սնուցող 28 գետերից ամենախոշորն է: Այն տարեկան 12 սանտիմետրով ապահովում է Սևանի ջրի մակարդակի բարձրացումը և շրջակա հինգ գյուղերի շուրջ 30000 բնակիչների կողմից օգտագործվում՝ նրանց 6850 հա ոռոգելի հողատարածքները ոռոգելու համար):

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեռևս խորհրդային ժամանակներում (ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձաժողովի` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված նամակում  նշվում է, որ Արգիճի գետի վտակից ջրառն իրականացվել է 1997թ-ից) ներկայիս Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր համայնքի շուրջ 270 հեկտար հողատարածքը ոռոգելու նպատակով, այլընտրանք չունենալով, կառուցվել է Գայլաձոր վտակից (ջրատվությունը` 240 լ/վրկ) դեպի նշված համայնքը տանող ջրատար (ջրառը` 87 լ/վրկ): 2009 թ-ին ջրի կորուստները նվազեցնելու նպատակով «Զանգեզուր Էքսիմպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են նշված ջրատարի մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնք անավարտ են:

«Այնպես որ Արգիճի գետի հունի փոփոխության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

«Ինչ վերաբերում է նույն վայրում կառուցվող ՀԷԿ-ին, ապա բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության կողմից կայացվել է որոշում շինարարական աշխատանքների դադարեցման մասին` մինչև «Զանգեզուր Էքսիմպ» ՍՊԸ-ի կողմից օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացնելը»,-շարունակվում է նախարարության հայտարարության մեջ:

Նշենք, որ «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը, ըստ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքի (www.pcrs.am), գրանցված է Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքում: Հանձնաժողովը 2009-ի սեպտեմբերի 17-ին որոշում է ընդունել «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ի «Դեզպանարդ» փոքր հիդրոէլեկտրոկայանի կառուցման  №0262 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2011 թվականի սեպտեմբերի 27-ը:

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձաժողովի` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված նամակում, որում Վայոց ձորի Աղնջաձոր համայնքնին տրված ջրօգտագործման թույլտվությունը ջրատնտեսական տեսանկյունից համարում է ոչ հիմնավոր, նշում է, որ վեր նշված ջրատարով ոռոգվելու է Աղնջաձոր համայնքի 71 հա հող:

ԷկոԼուրը փորձեց պարզել հեկտարների (270 հա և 71 հա) տարբերության պատճառը:

ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ասաց, որ 270 հա-ի վերաբերյալ տվյալը տրամադրել է Աղնջաձոր համայնքի գյուղապետը:

Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության աշխատակիցն էլ «ԷկոԼուրին» պատասխանեց, որ այժմ մարզի համայնքներում հողերի հաշվեկշիռ է իրականացվում, և դրա արդյունքում որոշ տվյալներ կարող են փոխվել:

«15 օրից զանգահարեք, ձեզ կասեմ, թե կոնրկետ որքան ոռոգելի հող ունի Աղնջաձոր համայնքը»,- խորհուրդ տվեց մարզպետարանի աշխատակիցը:

Նա նաև ավելացրեց, որ որևէ պաշտոնական փաստաթուղթ մարզպետարանը չի ստացել գետի հունի փոփոխության վերաբերյալ:

«Միգուցե վերևներում են ինչ որ բաներ որոշում, բայց մենք տեղյակ չենք»,-ասաց մարզպետարանի ներկայացուցիչը:

Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանն իր հերթին «ԷկոԼուրին» հայտնեց, որ տարիներ առաջ, իրոք, Գայլաձոր վտակի վրա ջրագիծ է կառուցվել ու հիմա էլ վերանորոգվում է:

«Դա կատարվում է խախտումներով, քանի որ իրականացվում է մեր մարզի տարածքում, սակայն Գեղարքունիքի մարզպետարանը շինարարարության համար թույլտվություն չի տվել»:

Ըստ Համբարձումյանի` այժմ ջրագծի վերանորոգումը կատարվում է այնպես, որ եթե ջրառ լինի, հնարավոր կլինի վտակի ամբողջ ջուրը վերցնել:

Գեղարքունիքի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանն էլ ասում է` անարդար է առանց ջրի թողնել 6850 հա տարածությունը Գեղարքունիքի հինգ համայնքներում` 71 կամ թեկուզ 270 հա-ի համար:

Հուլիս 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր