

Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ
«Հայոց Աշխարհ»-ի ս.թ. հուլիսի 13-ի համարում «Նախարարությունը տեղյակ չի՞ եղել հեկ-ի կառուցմանը» վերտառությամբ հոդվածով արդեն անդրադարձել ենք Սեւանա լճին սպառնացող հերթական վտանգին։ Այս ընթացքում պարզվել են նոր մանրամասներ, որոնք հասկանալի են դարձնում այն հիմնականը, թե այդ հէկ-ի կառուցումն ինչու է ապօրինի, եւ էկոլոգիական ու ոչ միայն էկոլոգիական ինչ վնասներ կարող են լինել, եթե կառուցումն ավարտին հասցվի ու սկսվի հիդրոէլեկտրակայանի շահագործումը։
Նախ տեղեկացնենք, որ հէկ-ի ջուրը նախատեսված է վերցնել Սեւանա լիճ լցվող հարաբերականորեն ամենաջրառատ գետ Արգիճիի ամենախոշոր վտակից՝ Գայլաձորից, ինչը նշանակում է, որ լիճ լցվող ջրի ծավալը կնվազի եւ որոշ չափով կդանդաղի Սեւանա լճի մակարդակի բարձրացումը։ Սա միանշանակ անթույլատրելի է, քանի որ առաջիկայում բոլոր տարիները չէ, որ կարող են 2010թ. նման ջրառատ լինել։
Ըստ բնապահպանության նախարարության մեր աղբյուրների, դեռ 2006թ. «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ին տրվել է ջրօգտագործման թույլտվություն՝ Արգիճի գետի վրա նույնանուն փոքր հէկ-ի կառուցման նպատակով։
Բացի վերը նշվածից, նույն նախարարության «Պետական բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը «Հիդրոկորպորացիա» ընկերությանը «Արգիճի» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար տվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (էկոփորձաքննության) դրական եզրակացություն։
Մեր ստացած տեղեկատվության համաձայն, ըստ «Հիդրոկորպորացիա» ընկերության ներկայացրած նախագծի, Արգիճի գետի ջրերը հէկ-ի տուրբինի կամ տուրբինների թիակները պտտեցնելուց հետո պետք է շարունակեին իրենց ճանապարհը եւ թափվեին Սեւանա լիճ։
Ընդ որում, ըստ տեղեկատվության մեր աղբյուրի, հիշյալ փորձաքննության դրական եզրակացությունը՝ բնապահպանության այն ժամանակվա նախարար Վարդան Այվազյանի ստորագրությամբ, տրվել է այն պայմանով (սահմանափակմամբ), որ ընկերությունը գետի ոչ թե ամբողջ ջուրը վերցնի, այլ դրա մի մասը՝ Արգիճիի բնական հունում թողնելով վայրկյանում առնվազն 1 խմ (1000 լ) ջրի հոսք։ Անկախ նշված պայմանից, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն չպետք է տրվեր, սխալ էր այդպիսի փաստաթուղթ տալը մի քանի պատճառով։
Նախ, բավարար չափով հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Արգիճին Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների հիմնական ձվադրավայրն է, իսկ հէկ-ի ձկնապաշտպան ցանցը կամ ցանցերը բավարար չափով անվտանգության երաշխիք չեն տալիս, այսինքն՝ ձկները, հատկապես մանրաձկները, ամբողջությամբ չեն փրկում ոչնչացումից։
Երկրորդ. հաշվի չի առնվել նաեւ այն, որ գետը տարեկան միջին հոսքից բացի, ունի նաեւ ամառային հոսք, որն Արգիճիի պարագայում շատ նվազ է, գետը ամռանը դառնալով սակավաջուր, որոշ հատվածներում նույնիսկ գետակի է վերածվում, իսկ այս պայմաններում եթե ընկերությունն իսկապես 1 վայրկյանում 1 խմ ջրի հոսք պետք է թողներ գետում, ապա հէկ-ը չէր կարողանա աշխատեցնել, ավելի ճիշտ, դա կդառնար անիմաստ։
Այնուհանդերձ, ինչպես նշեցինք, ըստ «Արգիճի» փոքր հէկ-ի նախագծի, գետի ջրերը, ի վերջո, պետք է հասնեին ու լցվեին Սեւանա լիճ։ Այս հէկ-ի կառուցման նախագիծը, ինչ-ինչ պատճառով, իրականություն չի դարձել, սակայն, ինչպես ասում են, սուրբ տեղը թափուր չի մնում։
Ըստ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության, «Պարզվել է, որ դեռեւս խորհրդային ժամանակներում ներկայիս Վայոց ձորի մարզի Աղնջաձոր համայնքի շուրջ 270 հեկտար հողատարածքը ոռոգելու նպատակով, այլընտրանք չունենալով, կառուցվել է Գայլաձոր վտակից (ջրատվությունը՝ 240 լ/վրկ) դեպի նշված համայնքը տանող ջրատար (ջրառը՝ 87 լ/վրկ)։ 2009-ին ջրի կորուստները նվազեցնելու նպատակով «Զանգեզուր Էքսիմպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են նշված ջրատարի մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնք անավարտ են»։
Կարծում ենք, օգտվելով նշված ջրատարի վերանորոգման աշխատանքների պատվերը ստացած լինելու առիթից, «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ն ձեռնամուխ է եղել նույն վայրում հէկ-ի ապօրինի կառուցմանը՝ չունենալով անհրաժեշտ փաստաթղթերը կամ պահանջվող փաստաթղթերի սոսկ մի մասն ունենալով։ Ընդ որում, բնապահպանության նախարարությունը իր հիշյալ տեղեկատվության մեջ չի նշել, թե հէկ-ի աշխատանքի համար անհրաժեշտ ջրառը վայրկյանում քանի լիտր է լինելու։ Պարզ է միայն, որ եթե այդ հէկ-ի հետագա կառուցումն ու շահագործումը թույլատրվի, ջրառը շատ ավելին է լինելու, քան վայրկյանում 87 լիտրը, ինչը, ի դեպ նույնպես քիչ չէ։
Վերոնշյալ խնդիրը հատկապես սրվում է, եթե նկատի ունենանք, որ ի տարբերություն «Արգիճի» փոքր հէկ-ի նախագծով նախատեսվածի, ջրերը հիդրոէլեկտրակայանի տուրբինի (տուրբինների) թիակները պտտեցնելուց հետո ոչ թե Սեւանա լիճ, այլ հակառակ ուղղությամբ՝ Վայոց ձորի մարզ են հոսելու՝ իրենց չափով դանդաղեցնելով Սեւանա լճի բարձրացման ընթացքը։
Գավառի Օրհուս կենտրոնի աշխատակից Լիանա Ասոյանի տեղեկացմամբ, նշված հէկ-ի ջրառի նպատակով թույլտվությունը տրված է 250 միլիմետր տրամագծով խողովակներ անցկացնելու համար, սակայն անցկացված են 530 մմ տրամագծով խողովակներ։
-Դրանք տարբեր ջրթողունակություն ունեն, եւ 530 տրամագիծ ունեցող խողովակով նրանք արդեն կարող են վայրկյանում 7-8 հարյուր լիտր ջուր տանել,- «Արմատ» ակումբում հուլիսի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գլխավոր մասնագետ Գեորգի Գեւորգյանը։
Ընդգծենք, որ եթե դա իրականություն դառնա, ապա Արգիճի լցվող ամենաջրատու գետակից՝ Գայլաձորից, որը, ըստ Լ.Ասոյանի, Արգիճիի ջրերի մոտ 40%-ն է ապահովում, բնապահպանության նախարարության տեղեկացմամբ, ընդամենը 240 լ/վրկ ջրատվություն ունի, մի առվակ կմնա առանց ձկների կամ... դա էլ չի մնա։
Հուլիս 19, 2010
