

ԷկոԼուր
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Գավառի Օրհուս կենտրոնից, Գեղարքունիքի մարզի 6 համայնքների ավելի քան 500 մարդ հուլիսի 19-ին` առավոտյան ժամը 10:30-ից փակել էին Երեւան-Սեւան մայրուղու Երեւան-Մարտունի ճանապարհահատվածը: Պատճառն այն է, որ Արգիճի գետի վրա կառուցվում է փոքր ՀԷԿ, որը պետք է ջուր վերցնի Սևան թափվող ամենամեծ գետից:
«Զանգեզուր էքսպին» ՍՊԸ-ն Արգիճի գետի վրա անօրինական կերպով իրականացնում է փոքր ՀԷԿ-ի շինարարություն, թեպետ կազմակերպության ստացած արտոնագրում նշված է, որ կազմակերպությունն իրավունք ունի շինարարություն իրականացնել միայն Եղեգիս գետի Կապույտ Բերտ վտակի վրա: Արգիճի գետի վրա կատարվող շինարարությունն անօրինական է:
ՀՀ բնապահպանության նախարարությունը «ԷկոԼուր»-ի հարցմանը պատասխանող թիվ 5/11.1/513228.10 նամակում նշում է, որ Գեղարքունիքի մարզում շինարարությունը դադարեցված է, եւ ձեռնարկվող միջոցառումների մասին կտեղեկացնեն լրացուցիչ` բնապահպանական պետական տեսչության կողմից իրավիճակն ուսումնասիրելուց հետո:
Մեր տեղեկությունների համաձայն` շինարարությունը դադարեցված է միայն Գեղարքունիքի մարզում, որտեղ փաստացիորեն երկու ամբարտակներ կառուցված են: Այժմ արդեն ակտիվ աշխատանքներ են տարվում Վայոց Ձորի տարածքում, որտեղ մնում է միայն մեկ խողովակ տեղադրել:
Հուլիս 20, 2010
