Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ
Բնակիչները փակել են մայրուղին
«Հայոց Աշխարհ»-ի նախորդ համարում հրապարակված «Թույլ կտրվի՞ կտրել Սեւանա լճի երակը» վերտառությամբ հոդվածով ու նոր մանրամասների հրապարակմամբ մենք վերստին անդրադարձել էինք Սեւանա լճին սպառնացող հերթական վտանգին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խոսքը երկու տարբեր կազմակերպության կողմից երկու տարբեր հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին է։ Դրանցից առաջինի նախաձեռնողը «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ն է։ Վերջինս Սեւանա լիճ լցվող Արգիճի գետի վրա «Արգիճի» փոքր հէկ-ի կառուցումն ինչ-ինչ պատճառով դեռ չի սկսել, իսկ տրված արտոնագրի ժամկետի (այն նախկինում արդեն երկարացվել է) ավարտին մնացել է 5 ամիս։
Ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Սարգսյանի հավաստմամբ, թեեւ առանձին տարիների առանձին օրերի (հատկապես ամռանը), երբ գետը դառնում է սակավաջուր, հէկ-ի աշխատանքը հարկադրված կարող են դադարեցնել, սակայն հիդրոէլեկտրակայանի տնտեսական արդյունավետությունն առավել երկար ժամանակահատվածում դիտարկելու պարագայում, հէկ-ի կառուցումն ու շահագործումը տնտեսապես իմաստավորված են։ Հենց սրանից ելնելով էլ ընկերությունը մտադիր է հասնել իրեն տրված արտոնագրի ժամկետի լրացուցիչ երկարացման եւ, ի վերջո, կառուցել հէկ-ը։
Հիդրոէլեկտրակայանի կառուցումը, քանի որ Արգիճիի ջրերը հէկ-ից հետո շարունակելու են իրենց ճանապարհը դեպի Սեւանա լիճ, վերջինիս բարձրացման վրա չի ազդելու։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե «Արգիճի» փոքր հէկ-ի շահագործումը չի՞ սպառնում Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակներին, որոնք ձվադրման նպատակով իրենց ժամանակին բարձրանում են գետի վերին հոսանքներ, ապա չնայած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությանը, կարծում ենք, խնդիրը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։
Երկրորդ հէկ-ի կառուցման նախաձեռնողը «Զանգեզուր ԷՔՍԻՊ» ՍՊԸ-ն է, որը, ի տարբերություն նախորդի, արդեն մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարել, ընդ որում, կոպիտ օրինախախտմամբ։
Ընդգծենք, որ եթե «Զանգեզուր ԷՔՍԻՊ» ՍՊԸ-ն կարողանա ավարտին հասցնել հէկ-ի կառուցումը եւ շահագործի այն, ապա Արգիճիի ամենաջրաբեր վտակ Գայլաձորի ջրերը Արգիճիով Սեւանա լիճ հասնելու փոխարեն, հակառակ ուղղությամբ՝ դեպի Վայոց ձորի մարզ են ուղղվելու։ Սա նշանակում է, որ ջրերի ծավալին համապատասխան, դանդաղելու է Սեւանա լճի մակարդակի բարձրացումը։ Միաժամանակ լինելու է նաեւ ձվադրման գնացող լճի էնդեմիկ ձկնատեսակներին սպառնացող վտանգ։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն անցյալ շաբաթավերջին ստացել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանի 14.07.2010թ. պատասխանը։ Վերջինս ստացվել է այն բանից հետո, երբ վերոնշյալ ՀԿ-ն բնապահպանության նախարարությանն է ուղղել հէկ-ի կառուցման կապակցությամբ Գեղարքունիքի մարզի հինգ համայնքների բողոքը։ Ս.Ամիրխանյանի հավաստմամբ, նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից տեղում ուսումնասիրվել են բողոքի մեջ նշված փաստերը եւ արդյունքում.
«Բնապահպանական պետական տեսչության կողմից նշված աշխատանքները դադարեցվել են։ «Զանգեզուր ԷՔՍԻՊ» ՍՊԸ-ի կողմից կառուցված ապօրինի շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը կներկայացվի Ձեզ տեսչական աշխատանքների ավարտից հետո»։
Ինչպես տեղեկացանք Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանից, չնայած բնապահպանական պետական տեսչության կողմից հէկ-ի կառուցման աշխատանքները դադարեցնելուն, ընկերությունը տեսչության այդ արգելքն անտեսելով, որոշ ժամանակ անց, վերջերս վերսկսել է հէկ-ի կառուցման աշխատանքները։ Նշված փաստը հայտնաբերելուց հետո տեղի վեց համայնքի (Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա, Գեղհովիտ, Լեռնակերտ, Վաղաշեն) մոտ 500 բնակիչ երեկ դիմել են բողոքի ծայրահեղ քայլի։
Լ.Ասոյանի տեղեկացմամբ, բնակիչները մոտավորապես 10:00-15:00 ժամանակահատվածում Ներքին Գետաշենի մոտ փակել են Երեւան-Մարտունի մայրուղին։ Զայրացած ու բողոքող բնակիչների հետ հանդիպել են Գեղարքունիքի մարզպետը, ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչության պետը, ինչպես նաեւ մի բարձրաստիճան պաշտոնյա հանրապետության ոստիկանությունից։ Նրանք խոսել են բնակիչների հետ, համոզել, որ դադարեցնեն ճանապարհի շրջափակումը։
Մարզպետի այն խոստումից հետո, որ մեկշաբաթյա ժամանակաընթացքում նշված խնդրին վերջնական լուծում կտրվի, բնակիչները դադարեցրել են իրենց բողոքի միջոցառումը։
Հուլիս 20, 2010
