«ԼԱՎԱՆԴԱ ՍԻԹԻՆ» ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԻ՞ ՍՏԱՆԱԼՈՒ

«ԼԱՎԱՆԴԱ ՍԻԹԻՆ» ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԻ՞ ՍՏԱՆԱԼՈՒ

Գայանե Զարգարյան, Իրավունք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս մի առիթով ասել էր, որ «Սեւանը հիվանդ է, եւ նրան պետք է բուժել»: Իսկ ահա ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ Սեւանի բուժումը պատկերացնում է հետեւյալ կերպ. «Սեւանի բուժումը ունի մեկ հիմնական դեղատոմս, բայց տարբեր բաղադրիչներով: Իսկ այդ բաղադրիչները երեքն են, եւ եթե դրանցից մեկն ու մեկը չկատարենք, ապա արդյունքը կարող է լինել ոչ ցանկալի: Այսինքնª համալիր բուժում ապահովելու համար պետք է իրականացվի եռամիասնական ծրագիր: Առաջինը եւ ամենակարեւորը ջրի մակարդակի բարձրացումն է, երկրորդը` ջրի մաքրության ապահովումը, եւ երրորդը` կենսաբազմազանության վերականգնումը: Եվ եթե այդ խնդիրները մենք չենք իրականացնում, ապա դա նշանակում է, որ Սեւանը հիվանդ է մնում»:

-Այսօր ձեր մատնանշած եռամիասնական ծրագիրն իրականացնելու ռեալ շանսեր տեսնո՞ւմ եք:

- Այսօր ջրի մակարդակի բարձրացման հետ կապված մենք տեխնիկական եւ տնտեսական խնդիրներ չունենք, այնտեղ նախկինում այդ բոլոր հարցերը լուծվել են` եւ խորհրդային տարիներին, եւ դրանից հետո կառուցվել են Արփա-Սեւան ջրատարը եւ Որոտանի հիդրոհանգույցը: Բացի այդ, կառուցվել են երկու խոշոր ջրամբարներ` Ապարանի եւ Ազատի ջրամբարները, որոնք ջուր են տալու Սեւանի ջրերով ոռոգված հողերին: Եվ երրորդը` կառուցվել են Մխչյանի, Ռանչպարի եւ Արեւշատի հզոր պոմպակայանները: Իսկ այս համալիր միջոցառումների իրականացումը ապահովում է ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ 1903,5 մետր նիշը: Այսօրվա դրությամբ Սեւանա լիճը գտնվում է 1900,2 մետր նիշի վրա, ինչը բավականին խոսուն փաստ է: Այսինքն` ջրի մակարդակի բարձրացման ուղղությամբ մենք խնդիր չունենք, կա միայն ժամանակի խնդիր, որովհետեւ հաշվարկները ցույց են տալիս, որ մենք տարեկան հնարավորություն ունենք 20-21 սմ-ով ջրի մակարդակը բարձրացնելու: Իսկ այդքան ջրով մենք լճի ջրի մակարդակը կարող ենք բարձրացնել մինչեւ 2029թ.-ն:

- Անհերքելի փաստ է, որ Սեւանա լճի ամենաբարդ խնդիրը ջրի մաքրության ապահովումն է: Ի՞նչ լուծումներ եւ դեղատոմս եք առաջարկում այս խնդիրը լուծելու համար, եթե, իհարկե, դրան փրկություն կա, եւ երկրորդ` ըստ Ձեզ` ինչի՞ հետեւանք է, որ այսօր 867 հա անտառը մնում է ջրի մեջ, եւ վերջապես Սեւանը այս օրին գցելու գործում ո՞վ ավելի շատ մեղքի բաժին ունի:

- Ես գտնում եմ, որ այստեղ բոլորս թերություն ունենք` յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր կառավարող: Լիազորված կառավարողները` բնապահպանության նախարարությունը` իր ազգային պարկով հանդերձ, այդ ուղղությամբ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացրել, իսկ քաղաքացիներն էլ իրենց կենցաղային թափթփվածության արդյունքում չեն կարողացել ապահովել Սեւանի մաքրությունը: Իսկ հիմա Սեւանը մաքրելու ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնցից կարեւորագույններից մեկն այն է, որ այսօր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցների հաշվին իրականացվում է 15 մլն եվրոյի կոյուղագծերի եւ մաքրման կայանների ծրագիր, որն էլ կավարտվի եկող տարվա վերջին:

Ինչ վերաբերում է անտառների ջրածածկ լինելու վտանգին, ապա ըստ բնապահպանության նախարարության տվյալների, որոնք կազմվել են կառավարության հանձնարարությամբ, ապա ջրածածկ են լինելու 1905 մ ներքեւ ընկած նիշերում 2793 հա անտառներ եւ թփուտներ, որոնցից 867 հա-ն արդեն գտնվում է ջրի մեջ: Բայց տեղեկացնեմ նաեւ, որ օրերս բանակցությունները կավարտվեն ֆիննական «Ակվամեկ» ֆիրմայի հետ, որպեսզի Հայաստան ներմուծվի «Վատեր-մաստեր» մակնիշի մի մեքենա, որը ջրլող մեքենա է եւ ունի բոլոր կախովի սարքավորումները, որով էլ հնարավոր կլինի իրականացնել այդ մաքրման աշխատանքները: Այդ ջրլող մեքենան, որն արժե 603 հազար եվրո, կարծում եմ, արժե ունենանք, որովհետեւ մենք ջրածածկ անտառներ մաքրելու ոչ փորձ ունենք, ոչ էլ այդ հնարավորությունները, որ կարողանանք ոչ միայն ծառերը, թփուտները, այլ նաեւ տիղմը եւ բուսական մնացորդները մաքրել: Ասեմ նաեւ, որ մենք շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի գյուղնախարարության դեպարտամենտի հետª հողային արկեր ձեռք բերելու համար, որով էլ հնարավոր կլինի մաքրել ափամերձ տարածքները: Հիմա կարեւորն այն չէ, թե ով ինչ չի արել Սեւանի համար, կարեւորն այն է, որ մենք հնարավորինս շուտ կարողանանք փրկել իրավիճակը:

- Եկանք-հասանք Սեւանի ափամերձ տարածքներին, որտեղ խելքից դուրս շենք-շինություններ են կառուցվել` մեծ վնասներ հասցնելով եւ Սեւանին, եւ իրենց իսկ սեփական գրպանին: Իսկ ավելի կոնկրետ, 1905 մետր նիշից ներքեւ հաշվառվել է 1697 շենք-շինություն, որի 74,2 տոկոսը շարժական է, իսկ մնացած 25 տոկոսը կապիտալ շինություններ են: Իսկ վերջերս էլ այս առթիվ դուք մամուլով ասել էիք, որ այդ 1697-ից պետական գրանցում ունի ընդամենը 481-ը, որոնցից միայն 263-ը «Լավանդա Սիթիի» տնակներն են: Այդ ինչպե՞ս եղավ, որ հատկապես «Լավանդա Սիթիի» բոլոր տնակները (որոնք, ոլորտի մասնագետների գնահատմամբ, անօրինական են) «ճիշտ ժամանակին» պետական գրանցում ստացան, իսկ մնացածներն էլ…


- Այո, այդ 1697թ.-ից 481-ը ունի պետական գրանցում, բայց դա չի նշանակում, որ նրանք օրինական են, որովհետեւ գրանցման փաստաթղթերում բավականին խախտումներ կան: Այո, 481-ից 263-ը «Լավանդա Սիթիի. տնակներն են, որն էլ իր միջոցներով արդեն սկսել է ապամոնտաժման եւ տեղափոխման աշխատանքները: Այս փուլում նա իր տնակները խտացնում է դեպի վերեւի նիշերը, ավելի քան 30 քոթեջ արդեն տեղափոխել է, եւ հիմա նրան պետք է 6-7 հա հողատարածք հատկացվի, որպեսզի նա ամբողջությամբ տեղափոխի իր տնակները: Իսկ դա փոխհատուցում չէ: Նա ուներ 47 հա հողատարածք` վարձակալած, որը մնում էր ջրի տակ, հետեւաբար նա պետք է բարձրանար վերին նիշերը եւ իրեն հատկացված հողատարածքում տեղափոխեր իր տնակները: Ինչ վերաբերում է ինքնակամ շինություններին, ապա մենք առաջարկում ենք չփոխհատուցել, քանի որ դրանք տեղադրվել են օրենքը խախտելովª 1905մ ներքեւ այս կամ այն նիշերում:
 
- Ի՞նչ է, «Լավանդա Սիթին» օրենքի խախտում չի՞ արել, չմոռանանք, որ ՎՊ-ի ջանքերով եւս մի հատորյակ բացահայտվեց «Լավանդա»-յի կողմից թույլ տրված չարաշահումների եւ ապօրինությունների հետ կապված:

- Այդ պետական գրանցում ունեցողները պետք է կառույց առ կառույց ստուգվեն: Եթե հողի վարձակալության, կառուցապատման իրավունքի փաստաթղթերը օրինական են, շինարարությունը իրականացնելու թույլտվությունը օրինական է, ապա այդ քաղաքացիները ՀՀ-ում գոյություն ունեցող կարգին համապատասխանª կստանան փոխհատուցում: Ես, օգտվելով առիթից, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով են մոտենում այս խնդրին, եւ լավ է, որ այսօր չկան ըմբոստներ, որոնք դեմ կգնան Սեւանի բարձրացմանը: Ես հպարտ եմ, որ հայ ժողովրդի 99 եւ ավելի տոկոսը կողմ է Սեւանա լճի բարձրացմանը: Եվ ես ներողամտություն եմ հայցում բոլոր այն քաղաքացիներից, որոնք այնտեղ ունեն կառույցներ, եւ որոնց մենք հոգս ենք պատճառում, բայց նաեւ շնորհակալություն եմ հայտնում, որ նրանք իրենց անձնական շահը ազգային շահերից բարձր չեն դասում: Մեր միակ բնական խոշորագույն պաշարը դա մեր Սեւանն է, եւ մենք ազգովի պետք է համախմբվենք եւ այդ խնդիրը լուծենք, չմտածենք, որ կան բնապահպանության նախարարություն, հանձնաժողովներ եւ այլն, եւ այլն, բոլորս լծվենք այդ գործին եւ պաշտպանենք մեր Սեւանը:

- Մեր զրույցի ընթացքում դուք հատուկ շեշտեցիք, որ դեռեւս խորհրդային տարիներից սկսած եւ մշտապես էլ Սեւանա լճի բարձրացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվել, եւ որ այդ աշխատանքները դեռ շարունակվում են: Այդ դեպքում ինչո՞ւ Սեւանի ափամերձ տարածքներում թույլ տվեցին այդքան շենք-շինություններ կառուցել` խախտելով Սեւանի մասին օրենքը, որ հիմա էլ գցեն-բռնեն, թե ով է օրինականն ու անօրինականը կամ էլ «պետական գրանցում» ձեռք գցածը:

- Իմ կարծիքով` այստեղ երկու գործոն կա. առաջինը, որ չեն հավատացել, որ Սեւանի ջրի մակարդակը կբարձրանա, եւ մյուսը` եղել է ինչպես խորհրդային տարիների, այնպես էլ դրանից հետո կառավարող մարմինների անհետեւողականությունն ու կազմակերպչական աշխատանքի բացակայությունը: Եվ երրորդ` դրանից օգտվելով` ներքին օղակներում կարողացել են մեծ կամ փոքր չափերի խախտումներ թույլ տալ: Ասենք, ի՞նչ է նշանակում, որ 481-ը պետական գրանցում ունեն, բայց դրանից օրինական է հատուկենտը: Այդ գրանցողների մեղքն է, որ նրանք հետեւողականորեն չեն ստուգել` այդ փաստաթղթերը համապատասխանո՞ւմ են պահանջվող չափանիշներին, թե՞ ոչ: Ուրեմն ներքեւում եղել են համատարած խախտումներ, չնայած ունեցել ենք Ազգային պարկ, բնապահպանության նախարարություն (հիմա էլ ունենք) եւ այլն: Այնպես որ, այս աշխատանքները այսօր խստագույնս վերցրել են հսկողության տակ, եւ ոչ մի գրանցում, ոչ մի նոտարական հաստատում չի կատարվում, եթե դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին:

- Ստացվում է` «Լավանդա Սիթիի» մոտ ամեն բան կարգին է եղել, որ նրան պետական գրանցում է «շնորհվել»:

- Եթե նախատեսված չափորոշիչներին համապատասխաներ` փոխհատուցում կստանար: Վերը նշված բոլոր կառույցներն էլ մեկ առ մեկ պետք է ստուգվեն. որոնք կլինեն օրինական, մեր քաղաքացիներն են, փոխհատուցում կստանան:

Հուլիս 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր