

«ԷկոԼուր»-ը հրապարակում է Արթուր Հովհաննիսյանի հետաքննական նյութերի շարքը («ՀայոցԱշխարհ» օրաթերթ)` Սեւանա լիճը սնուցող ջրային երակի` Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման հանգամանքների վերաբերյալ:
ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Սեւանա լճին սպառնացող հերթական վտանգի առնչությամբ «Արմատ» ակումբը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Ազգային Ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, «Շողեր» բնապահպանական միություն» ՀԿ-ի նախագահ ՀԱՍՄԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ, Գավառի բնապահպանական տեղեկատվական հասարակական Օրհուս կենտրոնի համակարգող ԼԻԱՆԱ ԱՍՈՅԱՆԻՆ եւ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչ ՊԱՅԾԱՌ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ։
Նշելով, որ վեց համայնքների հարյուրավոր բնակիչներ նախօրեին, որպես բողոքի ծայրահեղ միջոցառում, երկու կողմից մոտ 4 ժամով հարկադրված փակել են երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող ավտոճանապարհը Լիճք եւ Ներքին Գետաշեն գյուղերի միջեւ, Պ.Աղաբաբյանը տեղեկացրեց, որ մարզպետը եւ նրա տեղակալը միայն 3 ժամ հետո գալով, բավական երկար բանակցել են։ Մարզպետը 5-10 օր ժամանակ է խնդրել՝ իր հնարավորության սահմաններում հարցը լուծելու համար։ Միայն դրանից հետո բնակիչները բացել են ճանապարհը։
Որքան էլ անհեթեթ է, եթե «Զանգեզուր ԷՔՍԻՊ» ընկերությունը կարողանա ավարտին հասցնել իր նախաձեռնած հէկ-ի շինարարությունը եւ շահագործի այն, Գայլաձոր գետակի ջրերը Սեւանա լիճ հասնելու փոխարեն, շուռ են տրվելու հակառակ ուղղությամբ եւ ուղղվելու են Վայոց ձորի մարզ։
Կարծում ենք, համապատասխան բոլոր պաշտոնյաների համար որպես ահազանգ պետք է հնչի հիշյալ համայնքի բնակչի ասածը՝ դարերով եկած մեր ինքնահոս ջուրը, այն մաքուր, սառնորակ ջուրը, որով սնուցվել ու դեռ սնուցվում է Սեւանա լիճը, ուզում են կտրել։ Պ.Աղաբաբյանի հավաստմամբ, եթե վերոնշյալ հէկ-ը կառուցվի-շահագործվի, ապա 7 համայնքի հազարավոր բնակիչներ զրկվելու են ոռոգման ջրից։
-Դա ոչ միայն մեր 7 համայնքի, այլեւ ողջ հայության խնդիրն է,- ասաց նա։ -Յոթ համայնք, որը նախկին մարդահամարով կազմում է մոտ 30 000 բնակիչ, այսօր ջրազրկվում է, հիմա մեր իշխանությունն ի՞նչ է մտածում։
Պ.Աղաբաբյանը եզրակացրեց, որ նշված հէկ-ը կառուցողը փաստորեն հարուստ է, որ պետություն եւ հայրենիք չի ճանաչում, եւ հիմա խնդիրն այն է, թե իշխանությունները յոթ համայնքի բնակչության եւ Սեւանա լճի շահերը կստորադասե՞ն նրա շահերից։
Վերին Գետաշենի բնակչի տեղեկացմամբ, իրենց հողատարածքների 30%-ն է մշակվում, մնացածը ենթարկվում է էրոզիայի, քանի որ պարարտանյութի եւ կրծողների դեմ պայքարելու միջոցներ չկան։ Ըստ Պ.Աղաբաբյանի, իրենց գյուղապետերը գրել, բողոքել են հէկ-ի կառուցման դեմ, բայց նրանց ձայնը չի լսվում։ Ինչ վերաբերում է մարզպետին, իրենք՝ բնակիչները, չեն հավատում, որ նրա ուժերով այդ խնդիրը կլուծվի։
-Ճիշտն ասած, կարկամել եմ, թե այս ինչ, ըստ էության, հանցագործություն է կատարվում,- ասաց Գ.Թադեւոսյանը։ -Նախ, սա կոպիտ խախտում է Ջրային օրենսգրքի, նաեւ՝ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի», որին մենք միացել ենք։ Միայն այն, որ էրոզիայի ենթարկվող, չմշակվող 30%-ից ավելի հողերից բացի, մշակվող հողատարածքները կզրկվեն ջրից, սա արդեն միջազգային այդ կոնվենցիայի կոպիտ խախտում է։
Անդրադառնալով Սեւանա լճի ջրի որակին, կենդանական ու բուսական աշխարհներին սպառնացող վտանգին, բանախոսը նշեց.
-Մենք պետք է վերջապես հասկանանք, որ Սեւանա լիճը մեր Հայաստանի ազգային միակ անկրկնելի հարստությունն է, դա 48 մլրդ խորանարդ մետր խմելու ջուր է, եւ Սեւանը պետք է պահպանել ոչ թե որպես ջրամբար ոռոգման համար, այլ հենց խմելու ջրի համար... Ախր ինչի՞ համար է ստեղծվել Սեւանա լճի հանձնաժողովը՝ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ։ Ես այստեղ ուղղակի զարմանում եմ, չեմ հասցրել Վլադիմիր Միհրանիչի հետ խոսել, թե այս հանձնաժողովն ուր է նայել, որ 2009 թվականից այդ անօրինականությունը կատարվել է։
Գ.Թադեւոսյանը կատարվածի առնչությամբ խստորեն եւ արդարացիորեն քննադատեց բնապահպանության նախարարությանը, որովհետեւ երեւի թե բոլորին էլ պարզ է, թե վերջինիս աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունն ինչու չի նկատել նման հսկայածավալ շինարարությունը։
-Երբեք չի կարելի դնել կշեռքի նժարին Սեւանը եւ մի քանի մարդկանց, ովքեր ուզում է լինեն, շահերը,- ասաց Ք.Հովհաննիսյանը։ -Սեւանը մեր ժողովրդին փրկել է՝ լույս ենք ստացել, ջուր ենք ստացել, սնունդ ենք ստացել, երբ որ ոչինչ չէր մտնում մեր հանրապետություն։ Մեծ կանայք գիտեն, որ ամեն ճաշատեսակ մենք սարքում էինք սիգից։
Փորձագետն անդրադարձավ նաեւ հէկ¬ի կառուցման դեպքում Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների ձվադրմանը եւ գոյությանը սպառնացող վտանգին։ Հ.Ասլանյանի հավաստմամբ, երկրի օրենսդրության մի շարք պահանջների խախտման թվում խախտվել է նաեւ բնապահպանական տեղեկատվության մատչելիության եւ հասարակությանն իրազեկելու վերաբերյալ Օրհուսի կոնվենցիան, քանի որ հէկ-ի կառուցումը սկսվել է առանց օրենսդրությամբ նախատեսված եւ անհրաժեշտ հասարակական լսումների։
Լ.Ասոյանի հավաստմամբ, չնայած բնապահպանական պետական տեսչության կողմից հէկ-ի ապօրինի շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական հավաստումներին, հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները շարունակվել եւ այս պահին էլ շարունակվում են։ Եթե դա իրոք այդպես է, եւ «Զանգեզուր ԷՔՍԻՊ»-ն այն ընկերությունն է, որին կարգի հրավիրելու համար նշված տեսչության ուժերը բավարար չեն, ապա մինչ այժմ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կամ առաջիկա օրերին ի՞նչ քայլեր է կատարելու Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը։
Հուլիսի 20-ին այս հարցը մենք չկարողացանք պարզել, քանի որ այդ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ հեռախոսով կապվելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան։
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ՏՎԵԼ ԱՊՕՐԻՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սեւանա լճի մակարդակի բարձրացման ծրագրին եւ էկոհամակարգին, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի համայնքներից վեցի բազմահազար բնակիչների գոյամիջոցներին կարող է ծանր հարված հասցվել։ Այս մռայլ կանխատեսումն իրականություն կդառնա, եթե «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ին թույլատրվի ավարտել արդեն իսկ ապօրինաբար կատարված այն հսկայածավալ շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում էապես սահմանափակվելու են Սեւանա լիճ գնացող ջրերը։ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Արգիճի գետի հետ կապված խնդրի առնչությամբ հուլիսի 20-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։ Նախարարը համայնքապետերին խոստացել է չեղյալ հայտարարել Արգիճի գետի հունի մոտ իրականացվող շինարարությունն ու հետաքննություն սկսել կառույցի օրինականության հիմքերը բացահայտելու ուղղությամբ։
Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների` «Զանգեզուր էքսիմպ»-ի սեփականատերը, որը նույնպես ներկա է եղել այս հանդիպմանը, ասել է, որ իրեն խաբել են եւ որ ինքը տեղյակ չի եղել եղած խնդիրներին։ Իրեն ներկայացվել է փաթեթ, որը նա գնել է, առանց տեղյակ լինելու խնդիրներին։ Իսկ նախարար Արամ Հարությունյանն էլ նշել է, որ ինքը երբեք նման թույլտվություն չէր տա, որ դա եղել է իր նախորդի օրոք։
Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարությունը «Զանգեզուր էքսիմպ» ընկերությանը «Դեզպնարդ» փոքր ՀԷԿ¬ի համար թիվ 2140 ջրօգտագործման թույլտվությունը տվել է ջուրը Վայոց Ձորի մարզում Եղեգիս գետի Կապուտ Բերտ վտակից վերցնելու համար, մինչդեռ նշված ՍՊԸ-ն մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարել բոլորովին այլ գետի (Արգիճի) բոլորովին այլ վտակից (Գայլաձոր) ջուր վերցնելու համար։
Ընդ որում, այդ աշխատանքները կատարել է օրենսդրությամբ պահանջվող առնվազն չորս հիմնարար փաստաթուղթ՝ Գայլաձորից հէկ-ի համար ջրօգտագործման թույլտվություն, համապատասխան արտոնագիր, շինարարության թույլտվություն եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն չունենալով։
Օրենսդրության այսօրինակ կոպիտ խախտման պարագայում ընկերության ներկայացուցչի կողմից բնապահպանության նախարարի ներկայությամբ փորձելը ապացուցել, որ տեղում ընթացող շինարարությունը օրենքի շրջանակում է, ոչ միայն անհեթեթ է եւ նույն օրենսդրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի դրսեւորում, այլեւ ցույց է տալիս, թե բնապահպանության նախարարությունը վերջին տարիներին ինչ աստիճան է հեղինակազրկվել, որ ինչ-որ ընկերության ոմն ներկայացուցիչ նախարարի ներկայությամբ հանդգնում է կեղծիքի դիմել ու բացահայտ սեւը սպիտակ ներկայացնել։
Նույն տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ նախարարը չի տիրապետում այն տեղեկատվությանը, որը տիրապետում է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը, այլապես համայնքապետերին չէր խոստանա հետաքննություն սկսել կառույցի օրինականության հիմքերը բացահայտելու ուղղությամբ՝ այն պարագայում, երբ միանշանակ է, որ կառույցն օրինական հիմքերից զուրկ է։
«Զանգեզուր էքսիմպ»-ի սեփականատերը, որն ասել է, թե ինքը տեղյակ չի եղել առկա խնդիրներին ու դրանով անուղղակիորեն խոստովանել, որ օրենսդրության հետ հակասություններ ունեն, նույն հանդիպման ընթացքում հայտնել է, որ իրեն խաբել են։ Ումի՞ց է գնել վերոնշյալ փաթեթը, որը հաստատապես կապ չունի Գայլաձորի ջրերի օգտագործմամբ հէկ կառուցելու հետ, եւ ո՞ր ընկերությունը կամ ո՞վ է իրեն խաբել, թող անունն ասի։
Առանձնապես չենք զարմանա, եթե խաբողների թվում ի հայտ գա բնապահպանության նախարարության այն բարձրաստիճան պաշտոնյայի (ներկա թե նախկին) անունը, որը որոշակի կաշառքի դիմաց կամ կոռուպցիոն ինչ-որ միջամտությամբ ոռոգման կարիքներից շատ ավելի մեծ ծավալի (ուռճացված) ջրառ կատարելու, ապօրինի հէկ-ի կառուցումը «չնկատելու», չարգելելու, գործնականում թույլատրելու խոստում է տվել։
Ի վերջո, արձանագրենք, որ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի այն հայտարարությունը, որ ինքը երբեք նման թույլտվություն չէր տա, որ դա եղել է իր նախորդի օրոք, ուղղակիորեն թե անուղղակիորեն, վկայում է, որ իր նախորդի՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կամ նրա համապատասխան ենթակայի կողմից թույլ է տրվել ապօրինություն, ընդ որում, խոշոր ապօրինություն։
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ՏՎԵԼ ԱՊՕՐԻՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սկիզբը՝ նախորդիվ
Դեռ խորհրդային տարիներին Վայոց ձորի մարզի Աղնջաձոր համայնքի հողատարածքը ոռոգելու նպատակով, այլընտրանք չունենալով, կառուցվել է Սեւանա լիճ լցվող Արգիճի գետի Գայլաձոր վտակից նշված համայնքը տանող ջրատար։ Սակայն բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայքում ս.թ. հուլիսի 7-ին կեղծ տեղեկատվություն զետեղեց՝ «ջրատար» բառից հետո, որպես Գայլաձորից նախատեսված ջրառի ծավալ, փակագծերում նշելով վայրկյանում 87 լիտր։
Ավելին՝ Աղնջաձոր համայնքի հողատարածքի, որի ոռոգման համար կառուցվել է այդ ջրատարը, մակերեսը, դարձյալ իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տեղեկություն հրապարակելով, հանրությանը ներկայացվել է իբրեւ 270 հեկտար։ Մինչդեռ իրականում 270 հա հողատարածքի ոռոգում չէր էլ կարող լինել, քանի որ Աղնջաձոր համայնքում նշված մակերեսով հողատարածք չկա ու նախկինում էլ չի մշակվել։
Վերը նշված իրողությունները նկատի ունենալով, բնականաբար, հարց է առաջանում, թե Արամ Հարությունյանի ղեկավարած բնապահպանության նախարարությունը կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնելով, ինչո՞ւ է փորձում նախորդ նախարար Վարդան Այվազյանի պաշտոնավարության շրջանում թույլ տրված անօրինությունը կոծկել։
Պարզ ու հակիրճ ասենք՝ Գայլաձոր վտակից վայրկյանում 87 լիտր ջրառ կատարելու թույլտվության նպատակը ոչ թե Աղնջաձոր համայնքի 270 հա չեղած հողատարածքը ոռոգելն է եղել, այլ ոռոգման անվան տակ՝ կառուցվելիք, Գայլաձորի ջրերով աշխատելու համար նախատեսված հէկ-ը վայրկյանում 87 լ ջրով ապահովելը։ Հէկ-ի շինարարությունը սկսած «Զանգեզուր Էքսիմպ» ՍՊԸ-ն էլ 250 միլիմետրանոցի փոխարեն, 530 միլիմետրանոց խողովակաշար է անցկացրել, որը, ըստ մասնագետի, թույլ է տալիս վայրկյանում 87 լիտրից մոտ տասնապատիկ ավելի՝ 700-800 լիտր ջուր վերցնել։
Պարզ է նաեւ, որ հէկ-ի տուրբինի (տուրբինների) թիակները պտտեցնելուց հետո այդ ջրից վայրկյանում 20-25 լիտր ծավալն է օգտագործվելու Աղնջաձորի հողատարածքի ոռոգման համար, իսկ մնացածը՝ վայրկյանում 57-62 լիտրը, Սեւանա լիճ գնալու փոխարեն, Վայոց ձորի մարզով հոսելու է Ադրբեջան։
Այս ամենից հետո արդեն, կարծում ենք, հասկանալի է դառնում, թե բնապահպանական պետական տեսչությունը, նրա համապատասխան (Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի) տարածքային ստորաբաժանումներն ինչու չեն նկատել դեռ 2009 թվականից նույն մարզերում սկսված հէկ-ի ապօրինի ու հսկայածավալ շինարարությունը։ Մեզ հետ զրույցում Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահի տեղակալ ՅՈՒՐԻ ՋԱՎԱԴՅԱՆՆ ասաց, որ խնդիրը վերաբերում է Աղնջաձոր համայնքի համար լրացուցիչ կամ հավելագրված ջուր վերցնելուն։
-Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա, Վաղաշեն, Գեղհովիտ, Մարտունի համայնքների բնակիչները, որոնց ընդհանուր 6338 հեկտար վարելահողերից 2290 հա-ն ջրովի է, բողոքում են, որ Արգիճի գետի Գայլաձոր վտակից ջուր վերցնելու դեպքում իրենք չեն կարողանա ոռոգել իրենց հողատարածքները,- ասաց Յու. Ջավադյանը։
Այս հարցը հանձնաժողովն ուսումնասիրել է եւ խնդիրը դիտարկել է օրենսդրության բոլոր կողմերից՝ հաշվի առնելով նաեւ ոռոգման ջրի նորմաները, ռեժիմները, որոնք կառավարությունը հաստատել է։
-Այս ամենը հաշվի առնելով ու խնդիրն ուսումնասիրելով, պարզվել է, որ Աղնջաձոր գյուղն ունի կադաստրով հիմնավորված ընդամենը 102 հա ոռոգելի հող, որտեղ տարբեր մշակաբույսեր են աճեցվում,- հայտնեց հանձնաժողովի նախագահի տեղակալը։ -Այդ հողերի ոռոգման համար նրանց ընդհանրապես հարկավոր է վայրկյանում 39 լիտր, եւ ոչ թե՝ 87 լիտր, որի վերաբերյալ հավելագրված ձեւով տրված է Արգիճի գետի Գայլաձոր վտակից ջրառի թույլտվություն (թե ինչու են այդպես վարվել, թող իրենք ասեն)։
Ընդ որում, վերոնշյալ՝ անհիմն եւ ուռճացված ծավալի ջրառի թույլտվությունը տրվել է այն պարագայում, երբ Մարտունու տարածաշրջանի նշված համայնքները, Յու. Ջավադյանի հավաստմամբ, իրենց հողատարածքները ոռոգում են Արգիճիի ջրերով, որի ամենամեծ վտակը հենց նույն Գայլաձորն է։
Յու. Ջավադյանի տեղեկացմամբ, բազմամյա միջին տվյալների համաձայն, Արգիճի գետի ելքը հունիս-սեպտեմբեր (ներառյալ) ամիսներին մոտ 640 լիտր է, ինչը նշանակում է, որ Գայլաձոր վտակից վայրկյանում 87 լ ջուր վերցնելու պարագայում Մարտունու տարածաշրջանի նշված համայնքների շուրջ 2290 հա հողերի ոռոգման առումով բավական դեֆիցիտ կառաջանա այդ ամիսներին։
-Նրանք հարկադրված կլինեն 2290 հա ոռոգման ենթակա հողատարածքները 25 տոկոսով պակաս ոռոգել,- հավաստեց հանձնաժողովի նախագահի տեղակալը։ -Լուրջ խնդիր կառաջանա նաեւ Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների ձվադրման առումով, քանի որ Գայլաձոր գետակը Արգիճիի ամենախոշոր վտակն է։ Ձկներն այլեւս չեն կարողանա ձվադրման գնալ։
Ավելին. կդանդաղի Սեւանա լճի մակարդակի բարձրացումը։ Այս մասին եւս նշելով, Յու.Ջավադյանը շարունակեց.
-Մենք միլիարդներ ենք ծախսել ու ծախսում, որ Արփա, Որոտան գետերի ավազաններից ջուր բերենք եւ Սեւանա լճի մակարդակը 2029թ. բարձրացնենք 1903,5 մետր նիշի, այսինքն՝ հավաքենք 8 մլրդ խմ ջուր։ Մինչդեռ Գայլաձորից 87 լիտր ջուր վերցնելու պարագայում մինչեւ 2029թ. մենք 62 մլն խմ ջուր կկորցնենք։
Հուլիս 26, 2010
