ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՐԱ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՈՒՄ ՍՏԱՆԱ

ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՐԱ  ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ  ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՈՒՄ ՍՏԱՆԱ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը Սեւանի ավազանի Արգիճի գետից ջրի հեռացման խնդրի լուծումը տեսնում է հետեւյալ ուղղություններով, մասնավորապես`

- դադարեցնել Արգիճի գետի Գայլաձոր վտակի` Գեղարքունիքի մարզից Վայոց Ձորի մարզ փոխման եւ Արգիճիի  աղբյուրների վրա ՀԷԿ-ի կառուցման բոլոր աշխատանքները, քանի որ դրանք անօրինական են

- որոշել Վայոց Ձոր մարզի Աղնջաձոր համայնքի ոռոգման պահանջները, որոշել ծավալը` առանց էկոլոգիական եւ սոցիալական վնաս հասցնելու Սեւանա լճին եւ Գեղարքունիքի մարզի համայնքներին:

Խնդրի քննարկումը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին նախարարության աշխատանքային խմբի նիստի ընթացքում,որին հրավիրված էին Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ներկայացուցիչներ, շահագրգիռ համայնքների, Գավառի Օրհուս կենտրոնի, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ:

Գայլաձոր վտակի փոխման արգելը պայմանավորված է ինչպես էկոլոգիական, այնպես էլ սոցիալական պատճառներով: Գայլաձորում են ձվադրում ձկների էնդեմիկ տեսակները` բեղլուն եւ կողակը: Արդեն իսկ կատարված շինարարական աշխատանքները խաթարել են Գայլաձոր վտակի էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռությունը, փոխել են լանդշաֆտը: Դեռ հայտնի չէ, թե նման կոպիտ միջամտությունն ինչպես կազդի գետի հետագա գոյության եւ էնդեմիկ տեսակների ձվադրման վրա: 

Համայնքների ներկայացուցիչներն առաջարկեցին ոչ միայն ոչնչացնել անօրինական ՀԷԿ-ը, այլ նաեւ տուգանել «Զանգեզուր Էքսիպ» ձեռնարկության տիրոջը: «Մեզ մոտ փոքր տնակ էին կառուցել արոտավայրի վրա, այնպիսի տուգանք նշանակեցին դրա համար, որ չգիտես` ինչ անես… Իսկ այստեղ կառուցել են հսկայական ամբարտակ, փորել են 2 կիլոմետրանոց խրամուղ, կտրում են Սեւանի գլխավոր երակը եւ ոչի՞նչ»,- զարմացան գեղարքունիքցիները:

ՀՀ բնապահպանության նախարարության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը, ով անցկացնում էր նիստը, հայտարարեց, որ ոչ աշխատանքային խումբը, ոչ նախարարության բնապահպանական պետական տեսչությունն իրավասություն չունի քանդելու անօրինական կառույցը կամ լցնելու փորված խրամուղը: «Մենք արել ենք այն, ինչ կարողացել ենք. կանգնեցրել ենք անօրինական շինարարությունը, թեպետ դա էլ հեշտ չի եղել: Ինչ վերաբերվում է ամբարտակի քանդմանը եւ անօրինականորեն փորված խրամուղներին, ապա դրանով պետք է զբաղվեն ուրիշ մարմիններ, օրինակ` մարզպետարանը, ոստիկանությունը, դատախազությունը»,- ասաց նա:

Արդյունքում որոշվեց Արգիճիի խնդրի վերաբերյալ բոլոր առաջարկությունները` ներառյալ համայնքների առաջարկները, ներկայացնել Սեւանի հիմնախնդիրներով զբաղվող երկու հանձնաժողովներին` ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների հանձնաժողովին եւ  ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին` եզրակացության համար:

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, հանձնաժողովներն արդեն անդրադարձել են այդ խնդրին եւ կարծում են, որ Գայլաձորի հունը փոխել չի կարելի, իսկ Վայոց Ձորի Աղնջաձոր համայնքին պետք է Արգիճիից թողնել այնքան ջուր, որքան այն միշտ ստացել է խորհրդային տարիներին:

Օգոստոս 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր