Մեկնարկել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն»՝ «EU4Sevan», ծրագիրը

Մեկնարկել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն»՝ «EU4Sevan», ծրագիրը

Մարտի 15-ին մեկնարկել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» («EU4Sevan») ծրագիրը: Այն նպատակ ունի՝

  • բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունները
  • բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները
  • բարելավել կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունները
  • բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունն ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում
  • բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

Ծրագրի ֆինանսավորումը՝ 5,7 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով, իրականացվում է Եվրամիության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն տևելու է 48 ամիս:

Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Ծրագրի պաշտոնական առցանց մեկնարկին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր երախտագիտությունն է հայտնել Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման նպատակով իրականացվող գործողությունների և ներդրված ջանքերի համար, ապա անդրադարձել Սևանա լճի հիմնախնդիրներին։ Նա նշել է, որ Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի գեոքաղաքական մեծ նշանակություն՝ որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար: Որպես բնատարածքային համալիր՝ լիճն իրենից ներկայացնում է բնության տարբեր տարրերի սերտ փոխկապակցվածություն և ունի կլիմայագոյացնող կարևոր նշանակություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ առումով: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում անելիք ունենք բոլորս:

Միաժամանակ ներկայումս գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում քաղցրահամ ջրի պաշարների կրճատման հարցը, կապված կլիմայի փոփոխության և տեղումների նվազման հետ:

Ծրագրի պաշտոնական առցանց մեկնարկին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորին, Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Ն.Գ. Միխայել Յոհաննես Բանցհաֆը, ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Մարտ 15, 2021 at 18:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր