ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՐԱ ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ, ՈՎՔԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷԻՆ ՋՐԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ԱՐԳԻՃԻ ԳԵՏԻ ՎՐԱ ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ  ՓՈՐՁՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ, ՈՎՔԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷԻՆ ՋՐԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ԷկոԼուր

Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման գործն անսպասելի շարունակություն ունեցավ: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Վերին Գետաշենի բնակիչները, օգոստոսի 25-ին իրենց կանչել են Մարտունու դատախազություն` ցուցմունք տալու համար: Կանչը կատարվել է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի միջոցով առանց պաշտոնական ծանուցագրի ներկայացման, որտեղ նշված կլիներ  քննչական գործողությունների անցկացման պատճառը: Դատախազությունը կազմել է 15 մարդուց բաղկացած ցանկ, ովքեր պետք է հարցաքննվեն:

Բնակիչներին արդեն հայտնի է, որ կանչը կապված է հուլիսի 19-ի բողոքի ակցիայի կազմակերպման հետ, որն ուղեկցվել էր 4 ժամով Երեւան-Մարտունի մայրուղու փակմամբ: Ակցիան ուղղված էր Արգիճի գետի հիմնական վտակը` Գայլաձորի հունը` փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով դեպի  Վայոց Ձոր հեռացնելու դեմ: Արդյունքում 5 համայնքներ` Վերին Գետաշենը, Ներքին Գետաշենը, Մադինան, Գեղհովիտը եւ Վաղաշենը` 30 հազար բնակչությամբ, կզրկվեին ջրի միակ աղբյուրից:

Հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը ստեղծեց միջգերատեսչական հանձնաժողով, որը  շինարարությունն անօրինական համարեց: Փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման նմանատիպ որոշում կայացրեց նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների հանձնաժողոովը:

Մնացին չլուծված հարցեր, թե ինչպես է այդ օբյեկտը, ստույգ` կառուցված ամբարտակները եւ Գայլաձորի հունի հեռացման համար անցկացված 2 կիլոմետրանոց խրամուղն ապամոնտաժվելու եւ ինչ պատիժ է կրելու նա` «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը, որը  պատասխանատու է անօրինական շինարարության համար:

Դեռ պաշտոնական տեղեկատվություն այս կապակցությամբ մենք չունենք: Իսկ ինչ վերաբերում է իրավապահ մարմինների գործողություններին, ապա հայտնի է, որ երկու շաբաթ առաջ ոստիկանության քննիչ Հուսիկ Բաղդասարյանը տեղի բնակիչներին հարցաքննել է, թե ով է բողոքի ակցիայի կազմակերպման հետեւում կանգնած եղել: Ներկայումս բնակիչներին հարցաքննում է դատախազության քննիչ Արթուր Մանուկյանը:

Օգոստոս 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր