Արարատյան դաշտի ձկնաբուծարանները խաթարել են դրենաժային համակարգերի աշխատանքը

Արարատյան դաշտի ձկնաբուծարանները խաթարել են դրենաժային համակարգերի  աշխատանքը

Այսուհետ Հայաստանի ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվողները հետադարձ ջրերի 1 խմ-ի տեղափոխման համար պետք է վճարեն 0.11 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության 2021թ.հուլիսի 22-ի   նիստում: Այդ համակարգերից օգտվողները պետք է ունենան համապատասխան պայմանագիր, հակառակ դեպքում Շրջակա միջավայրի նախարարությունը կմերժի ջրօգտագործման թույլտվություն տրամադրել:

Սույն որոշման ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կներդրվեն դրենաժային համակարգերի պահպանման համար: ՀՀ 2018-2021 թթ. պետական բյուջեներով դրենաժների պահպանման ու շահագործման համար 290 միլիոն դրամ է հատկացվում: Այդ գումարով հնարավոր է լինում տարեկան մաքրել միայն 190 կմ երկարությամբ դրենաժային ցանցը: Այնինչ անհրաժեշտ է իրականացնել շուրջ 330 կմ ցամաքուրդային ցանցերի մաքրման, նորոգման և պահպանման աշխատանքներ: Այդ ամենի համար անհրաժեշտ գումարը կկազմի տարեկան շուրջ 426 միլիոն դրամ:

Հայաստանի ցամաքուրդային համակարգերի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1695 կմ, որի շուրջ 90%-ը՝ 1532 կմ, Արարատյան դաշտում է: Ըստ որոշման հիմնավորման՝ ցամաքուրդային համակարգերի նախագծային թողունակությունը կազմում է 36,3 մ3/վրկ կամ 1145,0 միլիոն խմ/տարի՝ ապահովելով ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան և Արաքս գետեր: Ներկայումս տարեկան միջին հեռացվող ջրերի ծավալը կազմում է շուրջ 50 խմ/վրկ կամ շուրջ 1,6 միլիարդ խմ/տարի: Տարեկան  1,6 միլիարդ խմ  ջրի առյուծի բաժինը հանվում է Արարատյան դաշտի ընդերքից: 

«Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1.1 միլիարդ խմ/տարի: Այնինչ ջրօգտագործողները, համաձայն որոշման հիմնավորման թվերի, 1,1 միլիարդ խմ-ն գերազանցում են:  Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարները շարունակում են գերշահագործվել շուրջ 10 տարի՝ խախտելով Արարատյան արտեզյան ավազանի էկոլոգիական հավասարակշռությունը և հանգեցնելով էկոլոգիական աղետի: Ըստ էության, վերջին տարիներին  այդ գերշահագործման կանխմանն ուղղված պետական միջոցառումները ցանկալի արդյունք չեն տվել:

Հայտնի է, որ Արարատյան դաշտում ստորգետնյա ջրային ռեսուրսների գերշահագործողները տեղի ձկնաբուծարաններն են, որոնք էլ հենց հիմնականում ծանրաբեռնում են դրենաժային համակարգերը:  Այս խնդրի կապակցությամբ դեռ 2019թ-ին ԷկոԼուրի դիմումին ի պատասխան «Մելորացիա» ՓԲԸ-ն Ջրային կոմիտեին նամակով, մասնավորապես, տեղեկացրել է. «Արարատյան հարթավայրում ստեղծված ձկնաբուծական տնտեսությունների ջրերը հեռացվում են հիմնականում կոլեկտրադրենաժային ցանցի միջոցով: Ստեղծված պայմաններում բարձրանում են գրունտային ջրերի մակարդակները հարթավայրի ցածրադիր հատվածներում և բարդանում է Կոլեկտրադրենաժային ցանցերի մաքրման և շահագործման աշխատանքները, հետևապես նաև ծախսերը:

Համաձայն ՀՀ կառավարության 2003թ-ի ապրիլի 17-ի N416-Ն որոշման 3-րդ կետի, ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դրենաժային համակարգերի շահագործման կազմակերպության, տվյալ դեպքում, «Մելորացիա» ՓԲԸ-ի համաձայնությունը, սակայն մինչ օրս ոչ մի ձկնաբուծական տնտեսություն այդ հարցով չի դիմել:

Հարկ է նշել նաև, որ ստորերկրյա ջրերի անխնա օգտագործումը կարող է առաջացնել նաև Արարատյան հարթավայրի ջրազրկված բնակավայրերի սանիտարահիգիենիկ պայմանների վատացում, ինչպես նաև տեղի կունենան անապատացման երևույթներ:

Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ «Մելորացիա» ՓԲԸ-ի կողմից Արարատյան հարթավայրի կոլեկտրադրենաժային ցանցերից հեռացվող ջրերի չափագրման արդյունքները ցույց են տվել, որ որ ձկնաբուծական տնտեսությունների հիմնական մասը /շուրջ 90%/, խախտելով ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրահեռացման պայմանները, հետադարձի ջրերը լցնում են կոլեկտրադրենաժային ցանցեր՝ խաթարելով նրանց բնականոն աշխատանքը:

Համաձայն մոնիտորինգի տվյալների՝ կոլեկտրադրենաժային ցանցերը մինչև 2002թ. աշխատում էին արդյունավետ, նախագծային թողտվությամբ, ապահովելով շուրջ 36,3խմ/վրկ կամ 1144,8 միլիոն խմ/տարի ջրերի հեռացումը Մեծամոր, Հրազդան և Արաքս գետեր: Սկսած 2003թ-ից (Արարատյան դաշտում ձկնաբուծության տարածման զարգացման սկիզբ) կոլեկտրադրենաժային ցանցերով հեռացվող ջրերի ծավալները սկզբում աստիճանաբար, իսկ 2009թ. կտրուկ աճեցին՝ 2013թ. կազմելով 58.11 խմ/վրկ կամ 1832,6 միլիոն խմ/տարի, ինչը շուրջ 60 %-ով գերազանցում է ցանցերի նախագծային թողունակությունը»: 

Մի կողմից Արարատյան դաշտի ընդերքից տարեկան հանվում և դրենաժային համակարգեր է լցվում շուրջ 1,6 միլիարդ խմ ջուր, մյուս կողմից Արարատյան դաշտի հողագործը մնացել է Սևանա լճի ջրի հույսին: Արդեն հայտնի է, որ օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից բացի Սևանա լճից նախատեսվում է իրականացնել մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ Արարատյան դաշտի հողերի ոռոգման համար:

«Մեզ մոտ էնքան ջուր կա, որ ուզեն, կարան կաչատ անեն ու տան Սևանին, էն ա, կանալներով գնում ա Արաքս, Արաքից էլ Թուրքիա»

Հուլիս 28, 2021 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր