

ԷկոԼուր
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հարցերով դիմել են ՀՀ կառավարությանը, որոնք մասնավորապես առնչվում են Արգիճի գետի վրա ՀԷԿ-ի անօրինական կառուցմանը եւ գետի վտակի`Գայլաձորի հունի հեռացմանը դեպի Վայոց Ձոր:
Կարճ հիմնավորումից հետո պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հարցնում է.
«1. ՀՀ բնապահպանության նախարարարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը պարզե՞լ է, թե ով է ապօրինի կառույցի եւ բիզնես-ծրագրի իրական նախաձեռնողը: Ու՞մ է պատկանում այդ ապօրինի կառույցը եւ ու՞մ պատվերով է «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը իրականացրել ապօրինի շինարարությունը
2. Ինչպե՞ս է պատահել, որ օրենքով սահմանված կարգով իրավասու եւ Ո’Չ ՄԻ կազմակերպություն կամ պետական մարմին ակտ չի կազմել ապօրինի շինարարության վերաբերյալ
3. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կառույցն ապօրինի գնահատելուց հետո ինչու՞ այն չի ապամոնտաժվել, ինչը կհանդարտեցներ հասարակական կրքերը, կփարատեր բոլոր բնակիչների, հասարակական կազմակերպությունների, բնապահպանների ու փորձագետների մտահոգությունները, եւ այդ խնդրով բողոքի ակցիաներ այլեւս չէին կազմակերպվի
4. Եթե չի ապամոնտաժվել այդ կառույցը, ապա ե՞րբ է պատրաստվում կառավարությունը կամ համապատասխան գերատեսչությունը ապամոնտաժել այն
5. Ի՞նչ իրավական գնահատական է տալիս ՀՀ կառավարությունը Ոստիկանության Մարտունու բաժնի վերոնշյալ երկու քննիչների գործողություններին, ովքեր, իրենց պաշտոնական լիազորություններն օգտագործելով, փորձում են ճնշել բնակիչների` սահմանադրական շրջանակներում արտահայտվող բողոքը եւ շարունակում են վախի մթնոլորտի ձեւավորումը
6. Ինչպե՞ս է այդ գնահատականը համատեղվում ժամանակին Ձեր կողմից ասված այն դիպուկ մտքի հետ, որ «եթե հասարակությունն ուզում է, որ փոփոխություններ լինեն, պետք է քաղաքացիներն աջակից ու միջնորդ լինեն, եւ ոչ թե` դիտորդ»: Այս պատմության մեջ մեր համաքաղաքացիները հենց այդ միջնորդն ու աջակիցն են եղել: Այդ դեպքում ինչու՞ են նրանք դրա համար պատժվում»:
Պատգամավոր Սաֆարյանը գրավոր հարցմանը կցել է նաեւ 45 կազմակերպություն միավորող Էկոլոգիական հասարակական դաշինքի օգոստոսի 27-ի հայտարարությունը, որտեղ նրանք ՀՀ իրավապահ մարմիններից նույնպես պահանջում են վերացնել այդ անօրինական կառույցը, պատժել պատասխանատուներին եւ ապահովել գյուղացիների սահմանադրական իրավունքները:
Սեպտեմբեր 02, 2010
