Սիգի որսի նկատմամբ խիստ վերահսկողությունն ավարտվեց, սիգի որսի արգելքը՝ ոչ

Սիգի որսի նկատմամբ խիստ վերահսկողությունն ավարտվեց, սիգի որսի արգելքը՝ ոչ

Հունվարի 15-ին ավարտվեց Սևանա լճից, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, այս ձկնատեսակի որսի արգելքին միտված հսկողության ուժեղացված միջոցառումների ծրագիրը: Սակայն սա չի նշանակում, որ եթե պետական մարմինները հսկողությունը թուլացնում են, ապա կարելի է սիգ որսալ:  Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանն ավարտվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին մինչև ՀՀ կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը։

Հունվարի 17-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, Երևան քաղաքի դատախազության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ամփոփվել են  խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի արդյունքները:

Վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2667 հատ սիգ տեսակի ձուկ՝ 1044 կգ ընդհանուր քաշով, լճից դուրս է բերվել 111 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 5․221․500 ՀՀ դրամի չափով:

Նախապատրաստվում են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի հատկանիշներով (թվով 29) և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով (թվով 2)։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հիշեցրել է խիստ վերահսկողական միջոցառումների ավարտից հետո սիգի որսի արգելքի մասին և խնդրել նույն աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին։

Նշենք, որ վերջին 9 տարիների ընթացքում Սևանա լճում սիգի պաշարի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2021 թվականին՝  ըստ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տվյալների: 2013 թվականին սիգի ընդհանուր կենսազանգվածը կազմել է 1296 տոննա, արդյունագործական զանգվածը՝ 324 տոննա: Տարիների ընթացքում սիգի պաշարն ավելացել է՝ 2018 թվականին կազմելով 2948 տոննա, արդյունագործական պաշարը՝  737 տոննա: Այնուհետև, 2019 և 2020 թվականներին սիգի պաշարը սկսեց նվազել՝  2019 թվականին կազմելով 2668 տոննա, արդյունագործական պաշարը՝ 667 տոննա, իսկ  2020 թվականին՝ 2345 տոննա, որից արդյունագործական պաշարը՝ 586.25 տոննա: 

2021թ. սիգի ընդհանուր պաշարը կազմել է  5348,32 տոննա, որից արդյունագործական պաշարը՝ 641.80 տոննա: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը ԷկոԼուրին հայտնել է, որ սիգի պաշարների ավելացման պատճառները 2020թ. բռնկված կորոնավիրուսային համավարակն ու 44-օրյա պատերազմն էին: 

Սևանա լճում կենսառեսուրսների հաշվարկն ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն իրականացրել է Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում:   

Հունվար 18, 2022 at 10:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր