

2021թ. Սևանա լճում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են սիգի պաշարները: Եթե 2020թ. լճում սիգ ձկան ընդհանուր պաշարը կազմել է 2345 տոննա, որից արդյունագործական պաշարը՝ 586.25 տոննա, ապա 2021թ. սիգի ընդհանուր պաշարը կազմել է ՝ 5348,32 տոննա, որից արդյունագործականը՝ 641.80 տոննա: Միաժամանակ արդյունագործական պաշարից որսման համար թույլատրելի չափաքանակը 2020թ. կազմել է 250 տոննա, 2021թ.՝ 300: Այս մասին «ԷկոԼուրին» տեղեկացրին Շրջակա միջավայրի նախարարությունից:
Սևանա լճում կենսառեսուրսների հաշվարկն իրականացրել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում: Կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «ԷկոԼուրի» հետ զրույցում ասաց, որ ձկան պաշարների ավելացման պատճառները 2020թ. բռկնված կորոնավիրուսային համավարակն ու 44-օրյա պատերազմն էին: «Համավարակի ժամանակ որոշակի սահմանափակումներ եղան Սևանա լիճ մուտք գործելու առումով: Մյուս կողմից ազդեց նաև պատերազմը: Այդ ամենը նվազեցրել է ձկան պոպուլյացիայի վրա ճնշումը և պատճառ հանդիսացել, որ հաջորդ տարի մատղաշ ձկների բեղուն վտառ է առաջացել: Մանրաձկան հաշվին է ավելացել: 2021թ. տարվա հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում որսվել է մոտ 4000 տոննա ձուկ»,- նշեց նա:
Հունվար 14, 2022 at 12:14
