

Սևանա լճում սիգի պաշարները նվազել են: ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հաշվարկներով 2020թ-ին Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 2345 տոննա, որից արդյունագործական պաշարը՝ 586 տոննա: 2019թ-ին սիգի ընդհանուր պաշարը եղել է շուրջ 2800 տոննա, իսկ արդյունագործական պաշարը կազմել է 660 տոննա:
Այս ֆոնին Շրջակա միջավայրի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում հրապարակել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է 2021թ-ին թույլատրել 400 գրամից ոչ պակաս քաշով 250 տոննա սիգի արդյունագործական որս Սևանա լճի ամբողջ տարածքում: Այս ծրագիրը շարունակությունն է 2020թ-ին գործարկված «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի, որի նպատակն էր օրինական դաշտ բերել ձկնորսներին և պայքարել ապօրինի ձկնորսության դեմ: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ այդ փորձարարական ծրագրի ողջ ընթացքում որսվել է 204 տոննա սիգ:
Սիգի պաշարի նվազումը ցույց է տալիս, որ փորձարարական ծրագիրն իր նպատակին չի հասել, ավելին, կարող է և անուղղակիորեն նպաստել օրինական որսի անվան տակ սիգի որսի ծավալների մեծացմանը, այսինքն՝ որսագողության:
Անդրադառնալով Սևանա լճում մյուս տեսակների պաշարներին, ըստ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի, իշխանի պաշարը ինչպես 2019թ-ին, 2020թ-ին էլ եղել է 1-1,5 տոննայի սահմաններում: Սևանա լճում կտրուկ նվազել են նաև խեցգետնի պաշարները: Եթե 2019թ-ին լճում հաշվարկվել է խեցգետնի 200 տոննա արդյունագործական պաշար, ապա 2020թ-ին այդ պաշարը կիսով չափ կրճատվել է՝ հասնելով 100 տոննայի:
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Սևանա լճում կենսառեսուրսների հաշվարկն իրականացրել է Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում:
Մարտ 15, 2021 at 17:49