Նոր արևային կայան՝ «Սևան» ազգային պարկի հարևանությամբ

Նոր արևային կայան՝ «Սևան» ազգային պարկի հարևանությամբ

«Արտ Սոլար» ՍՊԸ-ն մտադիր է ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում արևային ֆոտովոլտային կայան կառուցել: Կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկումը նշանակված է ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Շողակաթ համայնքի վարչական շենքում:

Արևային կայանի նախատեսվող հզորությունը 3218.4 կՎտ է: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի՝ կայանի կառուցումից հետո կայանի փաստացի տեղակայված հզորությունը կամրագրվի լիցենզիայով: Նշված է, որ լիցենզիայի ժամկետը 2019թ-ի օգոստոսի 22-ից 2041թ-ի փետրվարի 22-ն է, որից 2021 թ-ի փետրվարի 22-ը կառուցման ժամանակահատվածն է, մինչև 2041 թ-ի փետրվարի 22-ը՝ էլեկտրական էներգիայի արտադրության: 

Արևային կայանը կզբաղեցնի 5.46481 հեկտար տարածք: Ըստ հայտի՝ տարածքի նպատակային նշանակությունը հանդիսանում է էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների: Տարածքի գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի:

Նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտուց 300 մ, Սևանա լճից 2.5 կմ հեռավորության վրա: Հայտում նշված է. «Կաբինետային աշխատանքների փուլում հավանական էր համարվում բազմաթիվ կենդանատեսակների, հատկապես՝ թռչունների, հավանական ներկայությունն այդ տարածքում: Հայցվող տարածքների կառուցապատումը չի կարող էական ազդեցություն թողնել այդ թռչունների թվաքանակի և կենսամիջավայրի վրա։ Դաշտային աշխատանքների փուլում պարզվեց, որ տարածքն ամեն տարի գերարածեցվում է, ինչի հետևանքով տարածքի բուսական աշխարհը խիստ աղքատիկ է»:

Ըստ հայտի՝ դաշտային աշխատանքների ընթացքում հայցվող տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ չեն հայտնաբերվել։ Նշված է, որ կաբինետային աշխատանքների փուլում հավանական էր համարվել կարմիրգրքյան Գազ չորասեր (Astragalus xerophylus) բուսատեսակի ներկայությունը հայցվող տարածքում: Սակայն դաշտային աշխատանքների փուլում ՀՀ Կարմիր գրքում գրանցված որևէ բուսատեսակ հայցվող տարածքում չի հայտնաբերվել: 

Վտանգավոր թափոնները կհավաքվեն և կպահվեն նախատեսվող գործունեության տարածքում առանձնացված վայրում, որտեղից կտրամադրվեն լիցենզավորված կազմակերպությանը հետագա միջոցառումների իրականացման համար: Տեղափոխությունը ևս կիրականացվի լիցենցավորված կազմակերպության կողմից:

Նշենք, որ արևային վահանակները դասվում են վտանգավոր թափոնների շարքին, պահանջում են հատուկ կառավարում՝ ֆինանսական ծախսեր, տարածքներ, տեխնոլոգիաներ: Թափոնների կուտակման դինամիկայի, զբաղեցրած տարածքի մակերեսի, նախատեսվող տեխնոլոգիայի վերաբերյալ տեղեկատվություն հայտում չկա: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայն՝ Գեղարքունիքի մարզում 7 արևային էլեկտրակայան էլեկտրաէներգիա է արտադրում: Կառուցման փուլում է գտնվում 12 արևային կայան: 

Ապրիլ 26, 2022 at 12:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր