Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար Գեղարքունիքում 241.895 հա գյուղատնտեսական նշանակության հողի կատեգորիա է փոխվել

Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար Գեղարքունիքում 241.895 հա գյուղատնտեսական նշանակության հողի կատեգորիա է փոխվել

Այս տարվա մայիսին նախատեվում է սկսել 55 Մվտ հզորությամբ «Մասրիկ 1» արևային ֆոտովոտային կայանի կառուցումը: Կայանի կառուցման համար տրամադրվել է 130 հա հող: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան 11.04.2022թ. N02/2377 նամակով հայտնել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը: ««Մասրիկ 1» կայանի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Համայնքի ղեկավարի կողմից տրված է շինարարության թույլտվություն: Կառուցապատման աշխատանքները նախատեսված են սկսել 2022 թվականի մայիս ամսին և ավարտվելու են 2023 թվականին»,- նշված է նամակում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայն՝ Գեղարքունիքի մարզում 7 արևային էլեկտրակայան էլեկտրաէներգիա է արտադրում: Կառուցման փուլում է գտնվում 12 արևային կայան: Հարցերին, թե կայանները որ բնակավայրերի տարածքներում են գտնվում, յուրաքանչյուր կայանի համար քանի հեկտար հողատարածք է հատկացվել և այդ հողերից քանի հեկտարն է եղել գյուղատնտեսական նշանակության, Սևակ Խլղաթյանը պատասխանել է.

«Կառուցված արևային ֆոտովոլտային կայաններ

  1. «ՍՈԼ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ՝ «Արտանիշ-1» կայան - Արտանիշ բնակավայր, 2 հա
  2. «ՋԻԷՅՉ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ՝ «Արտանիշ-2» կայան - Արտանիշ բնակավայր, 2 հա
  3. «Ռադպիա» ինտերակտիվ համակարգ» ՍՊԸ՝ «Շորժա 1» կայան – Շողակաթ բնակավայր, 2 հա
  4.  «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» ՍՊԸ՝  «Սոլար Ֆարմ» կայան - Աղբերք բնակավայր, 10 հա
  5. «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ՝ «Հերիթեյջ» կայան - Ծափաթաղ բնակավայր, 10 հա
  6. «ՋԻԷՅՉ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ՝ «Արտանիշ-4» կայան - Արտանիշ բնակավայր, 2.8 հա
  7. «ՍՈԼ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ՝ «Արտանիշ-3» կայան - Արտանիշ բնակավայր, 1.2 հա

Կառուցման փուլում գտնվող արևային ֆոտովոլտային կայաններ

  1. «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ՝ «Մասրիկ-1» կայան –Մեծ Մասրիկ բնակավայր, 130 հա
  2. «ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸ՝ «Բարի Արև» կայան- Աստղաձոր բնակավայր, 7.61 հա
  3. «ՊՐՈՄ ՍԱՆ» ՍՊԸ՝ «Պրոմ Սինթեզ» կայան - Աստղաձոր բնակավայր, 8.19 հա
  4. «Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ՝ «Ա-Ս»՝ կայան - Աստղաձոր բնակավայր, 8.0 հա
  5. «ՍՈԼԱՐ-5» ՍՊԸ՝ « 5Մ» կայան – Աղբերք բնակավայր, 9.22 հա
  6. «ՄՈԴՈՒԼ-ՍԱՆ»՝ «Մեծ Մասրիկ» կայան- Մեծ Մասրիկ բնակավայր, 10.0 հա
  7. «Դաս Էնտերիա Զոլարքրաֆթվերք» ՓԲԸ՝ «Էնտերիա-Շորժա 1» կայան –Շողակաթ բնակավայր, 2.5 հա
  8. «ԱՐՏՍՈԼԱՐ» ՍՊԸ՝ «Արտսոլար» կայան - Շողակաթ բնակավայր, 5.465 հա
  9. «ԳՐԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ՝ «Գրին Էներջի» կայան- Շողակաթ բնակավայր, 9.68 հա
  10. «ԷՆԵՐԳԵՅԹ ԴԻԶԱՅՆ ԷՆԴ ՔՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ՝ «Ավազան 1» կայան–Ավազան բնակավայր, 1.6 հա
  11. «ՄԱԳՆԱԿ ՍՈԼԱՐ» ՍՊԸ՝ «Արև-1» կայան - Շողակաթ բնակավայր, 10 հա
  12. «ՄԱԳՆԱԿ ՍՈԼԱՐ» ՍՊԸ՝ «Արև-2» կայան- Աղբերք բնակավայր, 9.63 հա

Նշված արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման համար տրամադրված բոլոր հողամասերը մինչև սահմանված կարգով նպատակայն նշանակության փոփոխելը եղել են գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր»: Այսինքն, արևային էներգետիկայի զարգացման համար Գեղարքունիքի մարզում ընդհանուր 241.895 հա գյուղատնտեսական նշանակության հողի կատեգորիա է փոխվել:

ԷկոԼուրը հետաքրքրվել էր նաև, թե ինչպես են կարգավորվելու շահագործումից դուրս եկած արևային վահանակների՝ որպես թափոնների օգտահանման, վերամշակման կամ պահման խնդիրները:

Այս կապակցությամբ պատասխան նամակում նշված է. «Արևային վահանակների շահագործման ժամկետները նախատեսված են 30-40 տարի, որից հետո դրանք ենթակա են վերանորոգման»:

Հարցին, թե արդյոք մարզում արևային էլեկտրակայան շահագործող կամ շահագործել պատրաստվող ընկերությունները որևէ օժանդակություն տրամադրում են ազդակիր բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար, Սևակ Խլղաթյանը պատասխանել է. ««ՋԻԷՅՋ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության կողմից Շողակաթի համայնքապետարանի բյուջե  մուտքագրվել 500.0 հազ. դրամ: Մնացած ընկերությունների կողմից ֆինանսական կամ այլ բնույթի աջակցություններ չեն ցուցաբերվել»:

Ապրիլ 12, 2022 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր