

2022թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2023թ. հունվարի 20 խստորեն կարգելվի Սևանա լճում սիգի որսը՝ պայմանավորված սիգի ձվադրման ժամանակահատվածով: Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կմեկնարկեն 2022 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2022թ. օգոստոսի 24-ի 1335-Ն որոշմամբ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ժամկետն ավարտվել է նոյեմբերի 20-ին: Սա նշանակում է, որ լճից սիգի որսը պետք արդեն իսկ արգելված լինի:
Շրջակա միջավայրի նախարարության համաձայն՝ 2022 թթ համար սիգի արդյունագործական որսի համար սահմանված էր 600 տոննա չափաքանակի որսվել է 554.86 տոննա:
Նոյեմբերի 29-ին Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
Վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:
Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ:
Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա սահմանվելու է խիստ վերահսկողություն:
Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղակայվելու են հսկիչ կետեր՝(Սևան-Երևան' ՃՈ հենակետ, Սևան-Դիլիջան թունել, Սևան-Վարդենիս' Ճամբարակի խաչմերուկ, Մարտունի-Սելիմի լեռնանցք, Գեղամավան- Վարսեր խաչմերուկ)։
«Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։
Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։
Նոյեմբեր 29, 2022 at 17:54