ԷկոԼուրի կոչը ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը՝ պաշտպանելու Սևանա լիճը և հրաժարվելու հավելյալ ջրառ իրականացնելու մտադրությունից

ԷկոԼուրի կոչը ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը՝ պաշտպանելու Սևանա լիճը և հրաժարվելու հավելյալ ջրառ իրականացնելու մտադրությունից

Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը www.e-draft.am կայքում շրջանառեց Սևանա լճի վերաբերյալ 2 օրենքներում փոփոխությունների նախագիծ, որոնց ընդունմամբ կբացառվի Սևանա լճից հավելյալ ջրառի իրականացումը։ ԷկոԼուրը ողջունում է այս նախաձեռնությունը և կոչ անում ՀՀ Ազգային ժողովին դրսևորել քաղաքական կամք ընդունելու այս օրենսդրական փոփոխությունները։ Սևանա լճի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնահերթություններից է։ Սևանա լիճն այսօր էկոլոգիապես խիստ անկայուն վիճակում է և բռնել է ճահճացման ուղին։ Դրան նպաստել են լճի բազմաթիվ խնդիրները, այդ թվում՝ հավելյալ ջրառները։ Օրենքով սահմանված կարգով Սևանա լճից ոռոգման համար կարելի է իրականացնել առավելագույնը 170 միլիոն խմ ջրառ։ Սևանից 2008թ-ից սկսած 6 անգամ իրականացվել է հավելյալ ջրառ։ Արդյունքում արդեն երեք տարի անընդմեջ լիճը գրանցում է բացասական հաշվեկշիռ և մոտեցել է 2016թ․ տարվերջյան ցուցանիշին։ Սա նշանակում է, որ 7 տարիների ընթացքում բավարար ջանքեր չեն գործադրվել լճի մակարդակի բարձրացման համար, որոնք նախատեսված են օրենքով,  Արարատի և Արմավիրի մարզերի հողերի ոռոգման խնդրի լուծման համար։  Արարատյան արտեզյան ավազանում ջրի աղետալի սակավության պատճառն այն է, որ ջրային ռեսուրսները գերշահագործվում են․ 1,1 միլիարդ խմ-ի փոխարեն ծախսվում է 1,6 միլիարդ, և ամենամեծ չափաբաժինը օգտագործում են ձկնաբուծարանները։ Ջրերի գերշահագործումն արդեն իսկ հանգեցրել է ջրային հաշվեկշռի խախտման, վտանգվել է ստորերկրյա ջրերի բնականոն վիճակը, իսկ բնակչության համար ստեղծվել են սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ։

Այս տարի ևս պետական այրերը հայտարարում են Սևանա լճից հավելյալ ջրառի անհրաժեշտության մասին, ինչն անընդունելի է, քանի որ դա կհանգեցնի լճի էկոլոգիական վիճակի խիստ վատթարացման, ինչպես նաև կխախտի ՀՀ օրենսդրության պահանջները․ լճի մակարդակը իրականացվելիք միջոցառումների հաշվին պետք է բարձրանար տարեկան մոտ 21,6 սմ-ով («ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք, 5. ՍՊԱՍՎՈՂԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ)։

Մեզ համար անընդունելի է Սևանա լճի զոհաբերումը ձկնաբուծարանների օլիգարխներին: Պետք է մերժել Սևանից լրացուցիչ բացթողումների վերաբերյալ Ջրային կոմիտեի դիմումը և չեղարկել ապօրինի տրված ջրային թույլտվություններն այն ձկնաբուծարանների համար, որոնք երկար տարիներ ջրազրկել են մեզ համար հացի շտեմարան հանդիսացող Արարատյան դաշտը։

Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պաշտպանել Սևանա լիճը և հրաժարվել հավելյալ ջրառ իրականացնելու մտադրությունից:

 

Հունիս 08, 2023 at 11:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր