Ե՞ՐԲ ԿՎԵՐԱՑՆԵՆ ԱՐԳԻՃԻԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ե՞ՐԲ ԿՎԵՐԱՑՆԵՆ ԱՐԳԻՃԻԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ա1+

Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով կառուցված ինքնակամ կառույցները ապամոնտաժելու հարցով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը գրավոր դիմել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին:

Սաֆարյանը նամակում մասնավորապես նշել է, թե ՀՀ կառավարությանն ուղղված իրենց նամակի պատասխանում նշված է, որ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով կառուցված պատվարի շինարարությունը եւ շուրջ երկու կիլոմետր խողովակաշարի մոնտաժման համար իրականացված հողային աշխատանքները ինքնակամ են: Բացակայում է սահմանված կարգով տրվող շինարարական թույլտվությունը: Շինարարական աշխատանքները կատարվել են ՀՀ Գեղարքունիքի մարզում` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքում:

Սակայն միաժամանակ նշվել է, որ համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում, ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման եւ դրա հետեւանքների վերացման լիազորությունները տրված են ՀՀ մարզպետարաններին։

Բացի այդ, ինչպես նշված է մարզպետին ուղղված նամակում, այս տարվա հոկտեմբերի 6-ին ԱԺ նիստում ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության համապարփակ մոտեցումը խնդրո առնչությամբ, եւ մասնավորապես` կառուցված ՀԷԿ-ի, պատվարի եւ հարակից այլ կառույցների շինարարության մասին, բառացիորեն հայտարարել է. «Ինչ վերաբերում է, փաստորեն, այնտեղ իրականացված կառույցին` ՀԷԿ-ին եւ մնացած այլ խնդիրներին, այսօրվա դրությամբ մեր կարծիքը հետեւյալն է, որ նախկին խողովակներով այն ջրօգտագործումը, որը կատարվել է, այդ չափաքանակը պետք է պահպանվի, այնտեղ որեւիցէ նոր կառույցի անհրաժեշտություն չկա եւ եղած հնարավորություններով հնարավոր է այդ ջրապահանջը ապահովել»: Բացի այդ, նախարարը նշել է, որ «նոր, ինքակամ կառույցների» հետագա ընթացքը Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով պետք է որոշվի, եւ տվյալ կառուցապատողը համապատասխան օրենքի շրջանակներում տուգանվելու է ու պարտադրվելու է որպեսզի հետեւանքները վերացնի, ինչին ինքը հետամուտ է լինելու:

Հիշեցնելով վերոնշյալը՝ պատգամավորը մարզպետից պահանջել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել, թե ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ե՞րբ է կառուցապատողին պարտադրելու սկսել Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով ինքնակամ կառուցված շինության ապամոնտաժման աշխատանքները:

Հոկտեմբեր 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր