Կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանի Էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի վերաբերյալ

Կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանի Էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի վերաբերյալ

2023թ. սեպտեմբերի 15-ին Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն»-EU4Sevan ծրագրի շրջանակում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ-GIZ) խորհրդակցությունների սրահում տեղի ունեցավ Հայաստանի Էկոպորտալի Սևանա լճի բաժնի մշակմանը նվիրված կլոր սեղան-քննարկում։

Հանդիպման շրջանակներում ներկայացվեցին Հայաստանի էկոպորտալի բարելավման նպատակներն ու խնդիրները, Սևանա լճի բաժնի նախատեսվող բաղադրիչները և տվյալների հոսքերը, առաջարկվող ինտերակտիվ քարտեզը, քննարկվեցին Էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի ապահովման խնդիրները։

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և դրա տարբեր ստորաբաժանումների, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը։

Արամ Մեյմարյանն ընդգծեց բնապահպանական տվյալների կառավարման միասնական հարթակի և այն կարգավորող օրենսդրական շրջանակի հիմնման անհրաժեշտությունը։ Քրիստիան Հենշելը խոսեց Սևանա լճի և դրա ավազանի վերաբերյալ տվյալների տարաբաշխվածության հետ կապված խնդիրների մասին և նշեց ծրագրի կողմից մշակվող Հայաստանի Էկոպորտալի Սևանա լճի բաժնի անհրաժեշտությունը՝ որպես կարգավորված մուտքի կետ դեպի ամբողջական տեղեկատվություն։

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ով նաև հանդիսանում է Հայաստանում շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի (ՇՄՏՄՀ-SEIS) ազգային համակարգող,  ներկայացրեց ՇՄՏՄՀ  սկզբունքները, Հայաստանի Էկոպորտալի հիմնման նախապատմությունը և դրա զարգացման ուղղությամբ հետագա անհրաժեշտ քայլերը։

ЕU4Sevan ծրագրի խորհրդական Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում Հայաստանի էկոպորտալի բարելավման նպատակներն ու խնդիրները: Էկոպորտալի Սևանա լճի բաժնի մշակման համար պատասխանատու կապալառու կազմակերպության՝ «Գեոինֆո» ՍՊԸ-ի փորձագետները ներկայացրեցին մշակվող հարթակի բաղադրիչները, ինտերակտիվ քարտեզը և տվյալների հոսքերի սխեման։

Հանդիպումը շարունակվեց Էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի ապահովման վերաբերյալ շահառու կազմակերպությունների հետ քննարկմամբ, որի արդյունքում ձեռք բերվեցին տվյալներ մշակող կազմակերպությունների հետ առանձին հանդիպումների կազմակերպման և տվյալների փոխանակման պայմանավորվածություններ: 

Այս մասին տեղեկացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ):

Սեպտեմբեր 19, 2023 at 09:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր