Սույն թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի թիվ 194 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Սևանի աղերսը» էկոկրթական թատերական ներկայացումը:
Ներկայացման սցենարը մշակվել է «Արեգունի» ՀԿ-ի «Արեգ» երգասաց տիկնիկային թատրոնի կողմից՝ EU4Sevan ծրագրի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի մասնագիտական խորհրդատվությամբ և աջակցությամբ: Ներկայացման նպատակն է թատերական խաղի միջոցով հանդիսատեսին ներկայացնել Սևանա լճի բնապահպանական խնդիրներն ու խրախուսել նրանց պահպանել լճի էկոհամակարգը: Ներկայացումը բեմադրվում է Ճամբարակ քաղաքի երեխաների կողմից:
«Սևանի աղերսը» էկոկրթական թատերական ներկայացումը հաջողությամբ բեմադրվել է 19 անգամ Գեղարքունիքի մարզի 18 բնակավայրերում՝ գրավելով ավելի քան 4000 երիտասարդ հանդիսատեսի ուշադրությունն ու համակրանքը: «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակներում ներկայացումը վերջին անգամ կբեմադրվի Երևանում՝ ներգրավելով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներին:
Իր խոսքում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Սոնիա Լոպեզ Լոպեզը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ Սևանա լիճը, որը Հայաստանի համար ունի ռազմավարական, տնտեսական և սոցիալական նշանակություն և պատմամշակութային, գիտական և հոգևոր արժեք, կանգնած է էկոլոգիական խնդիրների առաջ՝ պայմանավորված մի շարք բնական և մարդկային գործոններով՝ այդ գործոններից համարելով նաև հասարակության իրազեկվածության և տեղեկատվության մատչելիության ցածր մակարդակը:
Տկն Լոպեզը, կարևորելով նման միջոցառումների դերը իրազեկման բարձրացման գործում, հույս հայտնեց, որ ներկաները իրենց գիտելիքներով կնպաստեն լճի էկոհամակարգը վերականգնելու գործին:
Միջոցառմանը ներկա էր նաև EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, կարևորեց երիտասարդների ակտիվ մասնակցության դերը իրազեկման բարձրացման և վարքագծային փոփոխության գործում՝ հույս հայտնելով, որ ներկաներից յուրաքանչյուրը հետագայում իր խոսքով և գործով կնպաստի Սևանա լճի պահպանման գործին:
Սույն միջոցառումը իրականացվել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Այս մասին տեղեկացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ):
Հոկտեմբեր 23, 2023 at 17:59