Ներկայացվել են «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքները

Ներկայացվել են «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքները

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը՝ նպաստելով Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ու էկոհամակարգի վերականգնմանը։ Ծրագիրն իրականացվում է «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցեցին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը:

Ծրագիրն իր երկու փուլերի ընթացքում ընդգրկել է Գեղարքունիքի մարզի 54 բնակավայրերից դպրոցներ և երիտասարդների, որոնց հետ համատեղ իրականացվել են իրազեկման տարբեր միջոցառումներ:

Առաջին փուլի ընթացքում ծրագիրն աշխատել է ավելի քան 500 աշակերտների հետ, որոնցից ընտրվել են ամենաակտիվ մասնակիցները և շարունակել աշխատել մասնագետների հետ՝ ձևավորելով խմբեր և մշակելով լճի պահպանությանն ուղղված իրենց նախագծային գաղափարները:

25 աշակերտներից և ուսուցիչներից բաղկացած խմբերը մասնակցել են նախագծերի մշակման և կառավարման վերաբերյալ դասընթացներին, ստացել մասնագիտական աջակցություն ոլորտի փորձագետներից։ Միաժամանակ, ծրագրի թիմը շարունակել է իրազեկման աշխատանքներ իրականացնել՝ ներգրավելով նոր դպրոցներ և երեխաներ:

Ընտրվել են 5 հաղթող նախագծային խմբեր՝ ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար։ Միջոցառման ընթացքում հաղթող խմբերը ներկայացրեցին իրենց նախագծերը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում կարևորել է բնապահպանական կրթության և երիտասարդների ներգրավման դերը վարքագծային փոփոխության և Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում՝ հույս հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը կունենան երկարաժամկետ և կայուն ազդեցություն շրջակա միջավայրի պահպանության գործում:

«Բնապահպանական կրթությունը կարևոր դեր է խաղում՝ օգնելով մեզ զարգացնել կայուն մտածելակերպ: Այն օգնում է զարգացնել քննադատական մտածողությունը, վերլուծելու և տեղեկացված որոշումներ կայացնելու կարողությունը՝ հաշվի առնելով բնության վրա մեր վարքագծի հետևանքները: Նման կրթությունն օգնում է մեզ հասկանալ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման կարևորությունը ողջ մարդկության բարօրության համար: Բացի այդ, բնապահպանական կրթությունը խթանում է քաղաքացիական ներգրավվածությունը և պատասխանատվությունը», - նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից:

Հոկտեմբեր 25, 2023 at 13:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր