«Մենք ջրի համար փող չենք ուզում, ջուրը ձրի է, մենք ջուրը սարից հասցնելու համար ենք փող ուզում»․ ՀՀ վարչապետ

«Մենք ջրի համար փող չենք ուզում, ջուրը ձրի է, մենք ջուրը սարից հասցնելու համար ենք փող ուզում»․ ՀՀ վարչապետ

ՀՀ կառավարությունը սույն թվականի փետրվարի 1-ի նիստի ժամանակ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԾԿՀ-ին առնչվող ոլորտների խնդիրներին՝ մասնավորապես ջրի և էներգետիկայի։ ՀՀ վարչապետը խոսեց ջրի սակագնի մասին։

«Մենք ոռոգման և խմելու ջրի խնդիր ունենք, և այստեղ պետք է քաղաքական կամք ցուցաբերենք և գնանք լուծումների։ Ջուրը որպես ապրանք ավելի կարևոր և ավելի թանկարժեք է դառնում, և այս ոլորտում մենք շատ բացթողումներ ունենք։ 2024 թիվն արդեն եկել է, և մեր մտածածն այն չպետք է լինի, որ այնպես անենք, որ ջուրը չթանկանա, մեր մտածածն այն պետք է լինի, որ այնպես անենք, որ մարդիկ ջուր ունենան։ Մենք ասում ենք՝ տեսեք, ինչ լավ կառավարություն ենք, ջրի գինը չենք բարձրացնում, բայց ջրի որակն ու հասանելիությունն էլ չենք բարձրացնում։ Մենք ջրի համար փող չենք ուզում, ջուրը ձրի է, մենք ջուրը սարից հասցնելու համար ենք փող ուզում։ Եթե մեկն ուզենա դույլերը վերցնի, գնա, քայլելով սարից ջուր բերի, ոչ մեկ իրեն չի ասի՝ փող տուր։ Ջրի գնի 100 տոկոսը ջուրը տեղ հասցնելն է, և խմելու ջրի դեպքում՝ բավարար որակով, որովհետև ջուրը համաճարակային մեծ ռիսկեր ունի։ Ոռոգման դեպքում էլ ունենք խնդիրներ։ Մեր ոռոգման համակարգն էլեկտրաէներգիայի պարտքերի տակ ճռռում է։ Ես հանձնարարական եմ տվել, առաջիկայում կնայենք՝ ոնց է կատարվել այդ հանձնարարականը․․․Մենք այսօր հոսանքով ջուր ենք մղում միլիարդավոր դրամների, մինչդեռ կարելի է արևային պանելներ տեղադրել և ամբողջ տնտեսությունը վերակառուցել և վերակազմակերպել այդ տրամաբանությամբ, որ էլեկտրաէներգիայի սակագինն այս առումով նվազի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև Սևանա լճի աղտոտման խնդրին։ «Սևանի մասին այդքան ասում ենք՝ կանաչեց-չկանաչեց, բայց մենք չենք խոստովանում, որ այդ կանաչման հիմնական պատճառներից մեկն այն է, որ կոյուղին լցվում է Սևանա լիճ և չի մաքրվում: Սևան լցվող ջրերի մաքրման խնդիրները պետք է լուծենք: Ընդհանրապես մեր երկրում կոյուղաջրերի մաքրման խնդիրները պետք է լուծենք: Այս ոլորտում խնդիրներ կան, որոնք 5 տարի քննարկում ենք, չենք կարողանում լուծումներ գտնել: Շատ դեպքերում պետք է խոստովանել, որ մեր երկրում այդ կարողությունները չկան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն ունի մեծ պլաններ՝ կապված վերականգվող էներգետիկայի, նոր ատոմային կայան կառուցելու հետ։ «Կարևոր է նաև, որ առաջիկայում «կանաչ» ջրածնի հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում և պետք է ռազմավարություններ մշակենք, քննարկենք արևային էներգետիկայի, կուտակիչ կայանների հեռանկարը, այն դարձնենք տնտեսապես արդյունավետ», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փետրվար 01, 2024 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր