2024թ․ Սևանա լճից կիրականացվի մինչև 170 միլիոն խմ ջրառ

2024թ․ Սևանա լճից կիրականացվի մինչև 170 միլիոն խմ ջրառ

2024թ․ Սևանա լճից ոռոգման համար ջրառը կկազմի մինչև 170 միլիոն խմ։ Գործադիրը համապատասխան որոշումն ընդունեց հունիսի 14-ի նիստում։
Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը 2024թ․ կազմել է շուրջ 30.3 հազ հա։ 2023թ-ի համեմատ ոռոգելի հողատարածքները կրճատվել են 1000 հեկտարով։

 Ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 516,5 միլիոն խմ: 

Ջրի այս պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից` շուրջ 225,7 միլիոն խմ, Ազատի ջրամբարից` շուրջ 65,1 միլիոն խմ, Ապարանի ջրամբարից` շուրջ 22 միլիոն խմ ջրաքանակներով: Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 40,1 միլիոն խմ ջրարտադրություն։ Այս ջրաղբյուրներից ընդհանուր ջրառը կկազմի 352,9 միլիոն խմ։ Տարբերությունը՝ 163,6 միլիոն խմ-ն, կվերցվի Սևանա լճից։ ՀՀ կառավարության սույն որոշմամբ լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ3 ծավալով բացթողումը ներառելու է նաև «Գեղարքունիք» ՋՕԸ-ի ջրառը: 
Հիշեցնենք, որ 2023թ-ին Սևանա լճից իրականացվեց 228․234 միլիոն խմ ջրառ, որից 58․234 միլիոն խմ-ն լրացուցիչ ջրառն էր։ Լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ։

2024թ․ լճի մակարդակը, ինտենսիվ տեղումներով պայմանավորված, բարձրանում է։ Սույն թվականի հունիս 14-ին լճի մակարդակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն, կազմում է 1900․62 մ՝ 10սմ-ով բարձր լինելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։  

Հունիս 14, 2024 at 13:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր