

Մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ. ռազմավարության» նախագիծը։ Այն ներկայացվեց հունիսի 14-ին տեղի ունեցած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման 2024-2030թթ․ ռազամավարությունը» թեմայով ամփոփիչ աշխատաժողովում։
Ռազմավարության նախագիծը մշակվել է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ՓԲԸ-ի (Հայաստան) կողմից «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում։
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ. ռազմավարության» հիմնական նպատակն է համապապարփակ գործողությունների իրականացմամբ մինչև 2030թ-ը հասնել Սևանա լճի նշանակալի վերականգնմանը և ապագայում էկոհամակարգի կայունացմանը։ Սևանա լճի էկոհամակարգի բարելավման համար վեր է հանվել բնապահպանական թիրախների երեք խումբ՝ լճի մակարդակի բարձրացման, ջրի որակի բարելավման և միջոլորտային։
Միջոցառմանը ներկա էին պետական գերատեսչությունների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։
«Սևանա լիճը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և ամբողջ տարածաշրջանի համար։ Այն մեծ կարևորություն ունի շրջակա միջավայրի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար։ Հաշվի առնելով լճի ռազմավարական և անվտանգային դերը՝ պետության կողմից որպես առաջնահերթություն դիտարկվեց և Եվրոպական միության օժանդակությամբ որպես անհրաժեշտ միջոցառում ամրագրվեց Սևանա լճի ռազմավարական փաստաթուղթ ունենալու հանգամանքը։ Բոլորիս հայտնի է, որ լիճը վերջին տասնամյակներում զգալի տուժել է նրա ռեսուրսների սպառողական օգտագործման պատճառներով։ Այդ իսկ պատճառով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ռազմավարությամբ նախանշված միջոցառումները միտված են ջրի մակարդակի կայուն կառավարման, ջրի որակի բարելավման և միջոլորտային նախաձեռնությունների իրականացմանը»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսն ընդգծեց, որ Սևանա լճի խնդիրները հաղթահարելու համար կարևոր են և՛ պետական, և՛ միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական ներդրումները։ Նա կարևորեց ծրագրի շրջանակում գործընթացների գիտահենությունը և մասնակցայնության ապահովումը։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր ելույթում ընդգծեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգման ռազմավարության կարևորությունը՝ նշելով, որ այն համապարփակ փաստաթուղթ է և հնարավորություն է ընձեռում իրականացնել միջոցառումների շարք, որոնք կնպաստեն Սևանա լճի խնդիրների մեղմմանն ու ջրի որակի բարելավմանը։
Մինչ ռազմավարության մշակումը «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում մշակվել է տեսլական, թե ինչպիսի Սևանա լիճ ենք ունենալու 2050թ-ին։
«Տեսլականի մշակման շրջանակներում ծավալուն աշխատանք է իրականացվել։ Այդ աշխատանքների հատկապես ամենակարևոր հատվածն այն է, որ իրականացվել է լայն շերտով սոցիալական հարցում՝ հասկանալու համար՝ ՀՀ քաղաքացին, Սևանա լճի ավազանում ապրող շահառու անձը, համայնքները, գերատեսչությունները, պատասխանատու պաշտոնատար անձիք ինչպիսին են պատկերացնում Սևանը։ Այդ հարցումների արդյունքում, վերլուծելով նաև իրողությունը, էկոհամակարգի բնական կարևորությունը, հանգել ենք այն եզրակացության, որ Սևանա լիճը բարձր բնապահպանական, սոցիալ-տնտեսական արժեք ներկայացնող օբյեկտ է երկրի համար, նաև ռազմավարական և անվտանգային կարևոր կոմպոնենտ է, որի պահպանությունը, առաջնահերթ վերականգնումը, էկոհամակարգի հավասարակշռության վերականգնումը թիվ մեկ առաջնահերթությունն է։ Նրա կայուն օգտագործումը հաջորդ քայլն է։ Դրան պետք է հասնենք գիտահեն որոշումներով, գրագետ, կիրթ համայնքներով և միասնական ջանքերի ներդրմամբ»,- ԷկոԼուրին ասաց Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
Սևանա լճի ռազմավարության մեջ նախանշված միջոցառումներով պետք է հասնել նախանշված տեսլականին։ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը նշեց, որ ռազմավարությամբ նախատեսվում է, որ 2 նիշով բարելավել ջրի որակը։ «5 նիշանի համակարգով է չափվում ջրի որակը։ Այս պահին 3-5 նիշի սահմաններում է գտնվում լճի որակը։ Հստակ ցուցիչներ են դրված ֆոսֆորի և ազոտի նվազման հետ կապված, որովհետև դրանք այն հիմնական կենսածին տարրերն են, որոնք բերում են լճի ծաղկմանը և ջրի որակի վատթարացմանը»,- ասաց նա։
Նշենք, որ, համաձայն ՀՀ Կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն75- Ն որոշման, 5-րդ կարգի ջուրը համարվում է վատ որակի ջուր, 4-րդ կարգինը անբավարար, 3-րդը միջակ, 2-րդը լավ և 1-ինը գերազանց որակի ջուր։
Ջրի որակի վրա ի թիվս տարբեր գործոնների ազդում են նաև Սևանա լճի ափամերձ տարածքներում գործող հանգստյան և ժամանցի օբյեկտները։ ԷկոԼուրի հարցին թե այդ օբյեկտներից քանիսն ունեն մաքրման կայան, Ոսկեհատ Գրիգորյանն ասաց․ «Շուրջ 300 գործող օբյեկտ կա լճի առափնյա գոտում, որոնցից մի քանիսը խոշոր են։ Բոլոր ջրօգտագործման թույլտվության պայմանագրերը, որ կան և կնքվում են կազմակերպությունների հետ, դրանցում ամրագրված է խիստ պահանջ, որ պարտադիր է ունենալ մաքրման կայան կամ սեպտիկ հոր, լոկալ մաքրման կայան։ Այլ հարց է, որ մենք ունենք դրանց վերահսկելու և գործարկման մասով խնդիրներ։ Մի շարք խոշոր կազմակերպություններ իրենց մոտ ունեն մաքրման կայաններ, կենսաբանական մաքրման կայաններ, և տեսչական մարմինը որոշակի դիտայցերի ժամանակ արձանագրում է խախտումներ։ Մասնավորապես, որ մաքրման կայանը միացված չէ, կամ իր ոչ ամբողջ ծավալով է օգտգործվում։ Կան օբյեկտներ, որոնք չունեն, որոնց ժամկետներ ենք տվել։ Բայց խնդիրը ոչ միայն օբյեկտներն են, այլև համայնքներն են։ Կոյուղացման ցանցը շատ թույլ է զարգացած գյուղական տարածքնե րում։ Աղտոտվում են գետերը, գետերով ջուրը հոսում է լիճ»։
Ներկայում գիտական շրջանակներում շրջանառվում է այն միտքը, որ լճի էկոհամակարգի վերականգնման համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի լճի մակարդակը օրենքով մինչև 2030թ-ը նախատեսված 1903․մ նիշից ավելի բարձրացնել։ Հարցին, թե արդյոք այս մոտեցումը ռազմավարության մեջ դիտարկվել, Աստղիկ Դանիելյանը պատասխանեց․ «Մոդելավորման արդյունքների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե մենք հասնում ենք նախանշված 1903․5մ նիշին, մենք ունենում ենք որոշակի բարելավում ջրում թթվածնի կոնցենտրացիայի, հիպոլիմնիոնի շերտի որոշակի բարելավման տեսանկյունից, սակայն լճի ծաղկման տեսանկյունից էական ազդեցություն չենք ունենում։ Այսինքն, նաև ամրագրվեց, որ միայն լճի մակարդակը բարձրացնելը բավարար չէ, պետք է էական գործողություններ տարվեն լիճ եկող աղտոտման նվազեցման ուղղությամբ»։ Նա նշեց, որ ռազմավարությունը նաև սոցիալ-տնտեսական միջոցառումներ է նախատեսում։
«ԵՄ-ն Սևանի համար» համար ծրագրի շրջանակներում առաջարկվելու են Սևանա լճի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումներ
«Ունենք բազմաթիվ իրավական կարգավորումներ, շատ ամուր իրավական հիմք, բայց դրանք թարմացվելու կարիք ունեն, ինչը ժամանակի հրամայական է։ Պահը հասունացել է «Սևանա լճի էկոհամակարգի մասին» նոր օրենք ընդունելու։ Առաջարկելու ենք նաև սահմանադրական մակարդակով ընդգծել Սևանա լճի կարևորությունը ներկա և ապագա սերունդների համար և դրա հիման վրա ընդունել Սևանա լճի կառավարման պլանը հաստատելու մասին կառավարության որոշում։ Առաջարկելու ենք գոմաղբի կառավարումը Սևանա լճի կառավարման տարածքում ավելի վերահսկելի դարձնելու համար առանձին կառավարության որոշում»- ասաց Երևանի պետական համալսարանի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իր հերթին «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Հունիս 14, 2024 at 21:03