Գլաձորի հանքավայրի շահագործման ռիսկերը՝ սպառնալիք Եղեգնաձորի կանաչ բիզնեսի համար

Գլաձորի հանքավայրի շահագործման ռիսկերը՝ սպառնալիք Եղեգնաձորի կանաչ բիզնեսի  համար

Խորհրդային տարիներին Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությունից հետո որոշվեց հանքավայրը փակել, որովհետև եթե շահագործվեր, 30 կմ շառավղով տարածքում պետք է տարհանվեր բնակչությունը։ Այս մասին Էկոլուրի հետ զրույցում պատմում են Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակիչներ, ովքեր այդ մասին լսել են իրենց հայրերից և պապերից։

Գլաձորի հանքավայր

Այսօր կրկին օրակարգում է Գլաձորի (Ղազմա/Թեքսար) բազմամետաղային հանքավայրի հնարավոր շահագործման հարցը։ Շուրջ 10 տարի շարունակ միևնույն անձիք տարբեր անվանումներով ընկերությունների կողմից՝ «Ասսաթ», «Վայք ռեսուրս», «Վայք մետալ», «Մետալ գոլդ», ցանկացել են հետախուզել և շահագործել հանքը։ Մինչ համայնքային խոշորացումը հանքավայրին ազդակիր համարվող Վերնաշեն և Գլաձոր գյուղերը մերժել են այս հանքի հետ կապված ցանկացած գործողություն։ Համայնքային խոշորացումից հետո Վերնաշեն ու Գլաձոր գյուղերն ընդգրկվեցին Եղեգնաձոր համայնքի կազմում։ Այժմ ազդակիր համայնքը Եղեգնաձորն է։ Համայնքի բնակիչները դեմ են հանքավայրի շահագործմանը, քանի որ կարծում են, որ հանքի շահագործման ռիսկերն անկառավարելի են։

Այգիներ 

«2014 թվականից Գլաձորի հանքավայրի համար անընդհատ եկել են, և բոլոր ժամանակներում հանրային լսումների ժամանակ մերժվել են։ Բնապահպանության նախարարությունը մերժեց հանքավայրի հայտը՝ հաշվի առնելով ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգը։ Վայոց ձորի մարզում հանրագիր կազմվեց, ստորագրահավաք անցկացվեց, 2068 մարդ դեմ ստորագրեց հանքարդյունաբերությանը։ 2024 թվականի գարնանը ստացվեց ահազանգ, որ կրկին ցանկանում են բարձրացնել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման հարցը», - ասում է Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։ Այժմ հանքի շահագործման հարցն օրակարգ է բերել «Մետալ գոլդ» ՍՊԸ-ն։  

Գեղամ Մարգարյան

«Առաջին անգամ լեռն ուսումնասիրվել է 1910-1914թթ․՝ ֆրանսիացի երկրաբանների կողմից, երկրորդ անգամ՝ 1924-35թթ․, երրորդը՝ ամենախոշորը, 1950-1967թթ․, որը շատ բնակիչներ և նրանց սերունդները լավ են հիշում։ Լեռը պարունակում է բազմամետաղներ՝ կապար, կադմիում, պղինձ, ցինկ, ծծումբ։ Ըստ ուրանային հանքավայրերի քարտեզի՝ լեռը գտնվում է Վեդի Վայքի ուրանային լեռնաշղթայի վրա։ Դա շատ մեծ ռիսկ է։ 70 տարի առաջվա քանդած հանքախորշի թափոնների վրա բուսական աշխարհ չի աճում, նշանակում է՝ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք բնաշխարհի համար հակացուցված են։ Ուսումնասիրություններից հետո որոշվեց հանքավայրը փակել, որովհետև եթե շահագործվեր, 30 կմ շառավղով պետք է տարհանվեր բնակչությունը»,- ասում է Վերնաշենի բնակիչ, «Իզոտոն» ՍՊԸ-ի տնօրեն, ինժեներ-մեխանիկ Հայկ Իսախանյանը։

Հայկ Իսախանյան

Խորհրդային տարիներին Գլաձորի հանքավայրում հետախուզական աշխատանքներում ներգրավված են եղել Վերնաշենի և Գլաձորի բնակիչներ։ Տեղացիները պատմում են, որ ով աշխատել է հանքում, երկար չի ապրել, մինչև 50-55 տարեկան մահացել են քաղցկեղից։ Աշխատողների թվում եզակի երկարակյացներից է եղել Վերնաշենի նախկին գյուղապետ Միքայել Բաղդասարյանի հայրը։ Հոր երկարակեցության պատճառի մասին Միքայել Բաղդասարյանը պատմում է․ «Իմ հայրն աշխատել է այն ժամանակ հետախուզողների հետ, երբ 16-17 տարեկան էր։ Միշտ մեզ ասում էր, որ ղեկավարը չի թողել՝ մտնի հանք, իրենց ձիերն է պահել: Իրեն ասել էին՝ հանք չմտնես, պրոբլեմ կառաջանա»:

Միքայել Բաղդասարյան

Հանքավայրի շահագործումը թույլ չտալու նպատակով Եղեգնաձոր համայնքում ստեղծվել է «Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ» նախաձեռնող խումբը։  Խմբի ղեկավար Հարություն Գևորգյանն ասում է․ «Մենք դեմ ենք և տարիներ շարունակ կռիվ ենք տալիս հանքարդյունաբերողների հետ՝ թույլ չտալու համար շահագործել այդ հանքավայրը, որն անասելի ռիսկեր է պարունակում։ Մենք կանգնել ենք տրակտորների առջև, որպեսզի չմտնեն հանքավայր։ Մեր գյուղից այդտեղ մարդիկ են աշխատել, և նրանց մեծ մասը մահացել է քաղցկեղային հիվանդություններից։ Մենք շատ լավ գիտենք այդ հանքավայրի արհավիրքները և կոչ ենք անում բոլոր ազդակիր բնակավայրերի բնակիչներին դեմ կանգնել և չթողնել»։

Հարություն Գևորգյան

Գլաձորի հանքավայրի հարակից տարածք

Ճառագայթային ռիսկերի մասին ընդերքօգտագործողը լռում է, հնարավոր տարհանման մասին խոսք չկա, փոխարենը խոստանում է աշխատատեղեր, սոցիալական աջակցություն, տնտեսական աճ։ Սակայն այս խոստումները մարդկանց չեն հետաքրքրում։ Եղեգնաձորն իր ապագան տեսնում է գյուղատնտեսության, տուրիզմի, գինեգործության, պանրագործության, մեղվաբուծության զարգացման մեջ։ Նման զարգացման համար առաջնահերթությունը մաքուր շրջակա միջավայրն է և մաքուր ջուրը։  Իսկ մաքուր շրջակա միջավայր և մաքուր խմելու և ոռոգման ջուր ունենալը հանքի հետ անհամատեղելի են։

Գլաձորի հանքավայրի տարածքից սկիզբ առնող ջրային աղբյուրները

Թեքսարը և նրա հարակից լեռնաշղթան Արփա և Եղեգիս գետերի ջրհավաք ավազանն են։ Այդ ջրային ավազանից են սնվում բազմաթիվ բնակավայրեր։

«Այս սարից սնվում են 5 գետեր՝ Վերնաշենի երկու գետերը, Մալիշկայի գետը, Գնդաձոր գետը, որը հասնում է Հերհերի ջրամբար և ևս մեկ գետ լեռան հետևից լցվում է Եղեգիսի կիրճ։ Այս լեռը գարնանը վայրկյանում 7-8 հազար լիտր ոռոգման ջուր է տալիս, 100-150 լիտր՝ խմելու։ Այս ջրով են ոռոգվում ներքևի անասնապահական կոմպլեքսները, այգիները, խմելու և ոռոգման ջուրն այստեղից ենք ստանում։ Ամեն մի աղբյուրի մոտ գյուղ է ստեղծվել, այս ջրի վրա ստեղծվել են ներքևի բնակավայրերը։ Եթե հանքավայրը բացվի, մեր ջրերը կարող են հարստացվել ծանր մետաղներով և ծծմբային թթուներով», - ասաց Հայկ Իսախանյանը։ Նա մտահոգություն է հայտնում, որ հանքարդյունաբերական աշխատանքների հետևանքով աղտոտված ջրերը կարող են ներթափանցել Արփա-Սևան թունել և աղտոտել Սևանա լիճը։ «Հանքավայրի տարածքում են Գնդաձոր գետի ակունքները։ Գետն անցնում է Արփա-Սևան թունելից ընդամենը 2 կմ հեռավորության վրա։ Երբ Կեչուտից ջուր բաց չի թողնվում, ըստ մասնագետների, 200-300 լիտր վայրկյան ստորգետնյա ջուր է գնում թունելով, որը ներծծվում է կողքերից։ Ոչ մեկ չի կարող բացառել, որ այդ աղտոտված ջրերը չեն լցվի Արփա-Սևան։ Դա միակ տեղն է, որտեղ 80 մետր բաց է գնում թունելը, թափվում է Եղեգիս կիրճ։ Կլցվի կիրճ և կգնա Սևան», - ասում է Հայկ Իսախանյանը։

Հերհեր գետի վտակ Գնդաձորի ակունք

«Սարի վրա չորս կողմից ջուր է հոսում, Եղեգիսի կիրճ է գնում, գալիս է դեպի Կարմրաշեն, Հերհեր, Գլաձոր, Վերնաշեն, Եղեգնաձոր, գնում է դեպի Վայք, Մալիշկա, Ագարակաձոր, Արփի, Արենի։ Այս բնակավայրերը դառնում են ազդակիր։ Իսկ եթե Կարմրաշենի կողքով անցնող թունելի ջրերի մեջ ներթափանցի աղտոտված ջուր, ամբողջ մարզը կդառնա ազդակիր։ Ջրերն արդեն կգնան Ռինդ, Աղավնաձոր, Գետափ, Խաչիկ և այլն», - ասում է Գեղամ Մարգարյանը։

«Հանքադաշտից 100 մետր ներքև մեր սառնորակ խմելու աղբյուրներ են։ Հանքին ձեռք տվեցին, վնասելու են այդ աղբյուրները։ Մեր գյուղի խմելու ջրի պաշարի 60-70 տոկոսն այդ հատվածից է։ Մեր ջրագիծը 40 կմ երկարություն ունի՝ գյուղից մինչև այդ ակունքը։ Ավելի մոտ վայրում մենք ջուր չունենք, անհնարին է, որ ջրի հարցը կարգավորեն, այլընտրանք այդ աղբյուրներին չկա», - ասում է Միքայել Բաղդասարյանը։

Վերնաշեն գետ

Տեղացիներն էկոլուրի նկարահանող խմբին ցույց են տալիս այն հանքախորշը, որը երբ բացել են խորհրդային տարիներին, այդտեղից սկսել է ջուր հորդել, փոխարենը կրճատվել է Վերնաշեն գետի հոսքը։ «Վերնաշեն գետի վրա նախկինում 3 ջրաղաց է աշխատել, այս գետի ջրով ոռոգվել են Վերնաշենի, Եղեգնաձորի, Գլաձորի գյուղատնտեսական հողերը, իսկ հիմա միայն Վերնաշենին չի բավականացնում։ Պակասել է ընդերքային պայթեցումներից, ցնցումներից ջրի հոսքի ուղղությունները փոխվել են դեռ 1970-80-ականներին», - ասում է Հարություն Գևորգյանը։

Գլաձորի հանքավայրի տարածքում հանքախորշից դուրս եկող ջրերը

Հանքավայրի տարածքում ջրային ռեսուրսների ուսումնասիրություն են իրականացրել քիմիկոս Հակոբ Սանասարյանը, Ռոմիկ Հարությունյանը, հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը և արձանագրել են․

1․ Թեքսարի ընդերքից սկիզբ առնող Վերնաշեն գետը, որի տարեկան միջին ելքը կազմում է 80-100լ/վ, օգտագործվում է ոռոգման նպատակով։

2․ Գլաձոր համալսարանի հարևանությամբ՝ 1․5-2 կմ հեռավորության վրա, հոսում են մի շարք աղբյուրներ, որոնք սկիզբ են առնում Թեքսարի ընդերքից։

3․ Կորեկի ձոր կոչվող տարածքից 1965-68թթ․ շահագործման ընթացքում կառուցված տնակների մոտից միջինը գոյանում է 50լ/վ ջուր։

4․ Թեքսարի 2500 մ բարձրության վրա գտնվող սառնորակ աղբյուրի ելքը կազմում էր 0․5լ/վ

5․ Թեքսարի հյուսիսային մասում ընդերքից դուրս եկող ձորակներից հոսող ջուրը իրենից ներկայացնում է Հերհեր գետի ակունքները։

Կորեկի ձոր

Այսօր հողագործության զարգացման համար մտադրություն կա Թեքսարից հոսող ջրերը կուտակել Կորեկի ձորում։ Այս ձորն իր աշխարհագրական դիրքով նպաստավոր է ջրամբարի կառուցման համար։ ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով նախատեսված է կառուցել 15 ջրամբար, որոնցից 1-ը՝ Կորեկի ձորում։ Դեռ 2021թ․ Ջրային կոմիտեի նախագահի նամակում նշված է, որ Կորեկի ձորում Վերնաշենի ջրամբարի կառուցումն ընդգրկվել է Եվրոպական միության տրամադրվող միջոցներով իրականացվելիք ծրագրերի ցանկում։

«Ջրամբարը կառուցվելու է Կորեկի ձորում, որտեղ ջուրը գալիս է հանքարդյունաբերության համար նախատեսված սարից։ Այդ ջրամբարի շնորհիվ Վերնաշենի, Գլաձորի, Մալիշկայի շուրջ 1000 հեկտար հողեր ոռոգելի կդառնան»,- ասում է Գեղամ Մարգարյանը։

Վերնաշենի խաղողի այգիներ

Դեռ ջրամբարը չկառուցած Վերնաշենում արդեն ընդլայնվում են այգիները․ հիմնվել են խաղողի նոր այգիներ, որոնք Վերնաշենում վերջին տարիներին շահագործման հանձնված «Կրիա» գինու գործարանի հումքն են ապահովում։ Եվ ընդհանրապես, Վերնաշենը հայտնի է խաղողի իր առանձնահատուկ տեսակներով, որոնցից բարձրորակ գինի է ստացվում։

«Ամենաթանկ խաղողը մերն է, այստեղից են հումքը տանում։ Վերնաշենի գինու հիմնական հումքը Դայլի կոչվող տարածքում է, սարի ջուրն է ոռոգում այդ տարածքը։ Ջրին խնդիր լինի, Վերնաշենի գինին վերանալու է», - ասում է Միքայել Բաղդասարյանը։

«Դեռ 1990-ական թվականներին որոշվեց, որ Վայոց ձորի մարզի հեռանկարը գյուղատնտեսությունն է՝ խաղողագործությունը, որը դարձավ բրենդ։ Ես հիմնեցի գինու, կոնյակի կաղնու տակառների արտադրություն, որը շատ պահանջված է։ Ունենք մոտ 25 տարվա կենսագրություն։ Եթե այստեղ լինի հանքարդյունաբերություն, հետևաբար, գինու արտադրությունը կդառնա ռիսկային», - ասում է Հայկ Իսախանյանը։

Բուսական և կենդանական տեսակներով հարուստ Թեքսարի տարածքում տեղացիները զբաղվում են հավաքչությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ։

Շատ ընտանիքների համար ապրուստի միակ եկամուտը սարն է իր բարիքներով։ 

Ըստ Գեղամ Մարգարյանի՝ հանքավայրին հարակից տարածքում կան 3000-4000 հեկտար ալպյան արոտավայրեր, խոտհարքեր։ «Ֆերմերներ կան՝ 2000 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ են պահում։ Այդ տարածքում կան նաև բարձրարժեք կերային բույսեր, խոտաբույսեր, դեղաբույսեր։ 10 հազար քմ-ի վրա 1000-1500 բույսերից 400-ը դեղաբույսեր են։ Թանկարժեք երկիր է, չի կարելի վնասել», - ասում է նա։

Խելացի անասնաշենք

«Վերնաշենի սարատեղին է, ամենալավ որակի արոտներ են՝ ալպիական և ենթալպյան, նաև ունենք սևահող։ Սարատեղի ջուրն այդ հանքադաշտից է։ Ներքևի մասում ունենք վարելահողեր և խոտհարքի տեղեր՝ 750 տոննա խոտի պաշար ստեղծող տարածք է։ Գարնանն այստեղից 4000-5000 հոգի բանջարի տեսակներ է տանում, թեյի տեսակներ։ Կարմիր գրքում գրանցված ծաղկի տեսակներ կան, լավ մեղվադաշտ կա։ Հանքադաշտը բացելուց հետո վնասելու են ջրային ակունքները, սարատեղը վերանալու է։ Տնտեսություն, գյուղատնտեսություն, անասնապահություն, այս ամենը ոչնչանալու է, եթե վերևի աղբյուրը չլինի», - ասում է Միքայել Բաղդասարյանը։

Հայկ Իսախանյանն էլ նշում է, որ Թեքսարի և հարակից տարածքի բուսական և կենդանական աշխարհի պահպանության համար 1971թ․ ստեղծվել է Եղեգնաձորի պետական արգելավայրը։

Թեքսարի տարածքում արտադրվող կաթնամթերքն է մթերում Եղեգնաձորում գործող «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ն։  

ՀՀ-ում առաջին և դեռևս միակն է, որը զբաղվում է այծի պանրի արտադրությամբ։

Խաչիկ Մարտիրոսյան

Ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը նշում է․ «Մեր կենդանիները սնվում են այդ տարածքից։ Եթե հանքը բացվի, այնտեղ պարունակվող ամբողջ թույնը գնալու է կենդանու օրգանիզմ և կաթը դառնալու է ոչ պիտանի։ Մենք ճանաչում ունենք ռուսական, ամերիկյան շուկաներում։ Եթե գնորդներն իմանան, որ մենք գտնվում ենք վտանգավոր տարածքում, կհրաժարվեն մեզանից մթերք գնել, չենք կարողանա աշխատել։ Մեր առողջության վրա էլ է ազդելու։ Միանշանակ դեմ եմ հանքի բացմանը, մեծ աղետ է լինելու մարզի և ամբողջ հանրապետության համար»։

Մեղվափեթակներ Վերնաշենում

Ահազանգում են նաև մեղվապահերը։ Վերնաշենի բնակիչ Ժիրայր Մինասյանը որդու հետ զբաղվում է մեղվաբուծությամբ։ 107 փեթակ ունեն, ասում է՝ պապենական զբաղմունք է, նաև եկամտաբեր է։

Ժիրայր Մինասյան

«Վերնաշենի շրջանի մեղրը համեղ, բարձրակարգ և մրցունակ մեղր է։ Դա պայմանավորված է մեր բնությամբ, ծաղիկների բազմազանությամբ և չոր կլիմայական պայմաններով։ Եթե այդ հանքը  շահագործվի, մեղվաբուծությունը կտուժի, որը համարվում է իմ ընտանիքի կերակրման միակ աղբյուրը։ Բոլորս գիտենք, որ այնտեղ ծանր մետաղներ կան։ Մեր պապերը, մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն այնտեղ աշխատել են, մենք գիտենք՝ ինչ սարսափելի հետևանքներ են եղել, ինչ հիվանդություններից են մահացել։ Հանքը ծառայելու է մի խումբ մարդկանց, իսկ մենք հարվածի տակ ենք հայտնվելու», - ասում է Ժիրայր Մինասյանը։

Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը նշում է, որ, ըստ իր հաշվարկների, մարզի համար ՀՆԱ-ի 27-28 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը։ «Հաշվարկ եմ արել՝ հանքարդյունաբերությունը տալու է տարեկան 13 միլիոն դոլար, իսկ գյուղատնտեսությամբ ստանում ենք 30 միլիոն դոլար եկամուտ», - ասում է նա։

Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Սեպտեմբեր 03, 2024 at 18:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր