2784 կգ ապօրինի որսված սիգ, 12 միլիոն 844 հազար դրամի վնաս՝ սիգի որսի արգելքի ժամանակահատվածում

2784 կգ ապօրինի որսված սիգ, 12 միլիոն 844 հազար դրամի վնաս՝ սիգի որսի արգելքի ժամանակահատվածում

«2024թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը կատարված խստացված միջոցառումների ժամանակ առգրավվել է 2784 կգ սիգ ձկնատեսակ, պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն 844 հազար դրամ։ Առգրավվել է 61 հատ լողամիջոց, 119 հատ խեցգետնորսիչ, 908 հատ ձկնորսական ցանց», - ասաց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը սույն թվականի հունվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ ապօրինի որսի բացահայտումը գրեթե նույն քանակի է, սակայն այս տարի այդ քանակը բռնագրավվել է հենց Սևանա լճի տարածքում, ոչ թե շուկաներում: Ապօրինի որսված ձուկը հանձնվել է հատուկ խնամքի կետրոններին, ինչպես նաև վայրի կենդանիների պահպանման վայրեր:

Ապօրինի ձկնորսության մասով հարուցվել է 25 քրեական և 72 վարչական վարույթ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն սիգի ապօրինի որսի պարագայում ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված է 300-400 հազար դրամի, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 500-600 հազար դրամի տուգանք։ 

Վրեժ Գալոյանի համաձայն՝ հսկողական աշխատանքների ժամանակ օգտագործվել են տեխնիկական նոր միջոցներ` դրոններ, ջերմային պատկերիչներ: «Դրանք հնարավորություն են տվել նաև գիշերային ժամերին պայքարել ապօրինի ձկնորսության դեմ: Առաջիկայում նախատեսվում է նոր տեխնիկական միջոցների ձեռքբերում: Ինչպես տեսչական մարմինը, այդպես էլ մնացած գերատեսչությունները թարմացնելու են իրենց հնարավորությունները, ինչը թույլ կտա Սևանա լճում կանխել որսագողությունը: Նույն թվաքանակով աշխատակիցները տեխնիկական միջոցների ձեռքբերման շնորհիվ կատարում են ավելի շատ աշխատանք»,- ասաց նա։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանի խոսքով՝ ձկնորսների հետ հանդիպումների ժամանակ վերջիններին տեղեկացրել են ուժեղացված ռեժիմի և նախատեսվող վարչարարության մասին: «Մինչև նոյեմբերի 15-ը հիմնական լողամիջոցները հեռացվել են, ձկնորսների կողմից թողնված լողամիջոցները էկոպարեկների և տեսչական մարմնի կողմից տեղափոխվել են պահպանվող տարածք հետագայում վարչարարություն իրականացնելու նպատակով»,- ասաց նա:

2024թ․ լիազոր մարմնի կողմից տրվել է մարտի 1-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում 680 տոննայի չափով սիգի արդյունագործական որս իրականացնելու թույլտվություն: 



Հունվար 24, 2025 at 16:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր