

«ԷկոԼուր» - Գավառի ԲՏՀ Օրհուս կենտրոն
2010թ. հոկտեմբերի 20-ին Գավառի ԲՏՀ Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան, որի մասնակիցները ՀՀ բնապահպանության նախարարությունից և ՀՀ դատախազությունից պահանջեցին կատարել իրենց պարտավորությունները` պետական, ռազմավարական և ազգային առաջնահերթության` Սևանա լճի պահպանման վերաբերյալ և ապահովել Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կառուցված ապօրինի շինության ապամոնտաժման մասին անհրաժեշտ իրավական փաստաթղթերով որոշում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սույն թվականի հոկտեմբերի 29-ին ուղարկվել է դիմում, որում ասվում է.
«20.10.2010թ. Գավառի ԲՏՀ Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Զանգեզուր Էքսիմպ» ՓԲԸ-ի կողմից Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ի ապօրինի շինարարության խնդրի քննարկում (կլոր սեղանի արձանագրությունը կցված է):
Խնդիրն այն է, որ թեպետ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ՓՀԷԿ-ի շինարարությունը ճանաչել են ապօրինի, այնուամենայնիվ, ոչինչ չի ասվել այն վնասի մասին, որը «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունն արդեն հասցրել է շրջակա միջավայրին:
Ապօրինի շինարարական աշխատանքների արդյունքում խախտվել է Արգիճի գետի` Սևանա լիճը սնուցող ջրային երակի էկոհամակարգը: Ներկայումս լեռնային աղբյուրները, որոնք սնում են Գայլաձոր վտակը, գետի հունի մեջ թափվելու փոխարեն լցվում են խրամուղի մեջ, որը փորվել է ապօրինի շինարարության արդյունքում:
Գայլաձորն այժմ սնուցվում է միայն մեկ աղբյուրից, այսինքն` Գայլաձորը կորցնում է մոտ 40% ջուր: Ջրային ավազանի ամբողջականության խախտման արդյունքում խախտվել է ջրային հաշվեկշիռը, այդ տարածքի ամբողջ էկոհամակարգը, լեռնային լանդշաֆտը: Լուսանկարներում պարզ երևում է, թե ինչպես են լեռնային լադշաֆտի վրա բուսականությամբ գծագրվում նոր ջրային հոսքերը, որոնք Գայաձոր լցվելու փոխարեն լցվում են 2 կիլոմետրանոց խրամուղի մեջ (տես լուսանկարները):
Գետը, զրկվելով իր բնական սնուցման բազմաթիվ աղբյուրներից, արդեն կանգնում է չորացման վտանգի առաջ: Իսկ երբ այդ տարածքում գործարկվի ՓՀԷԿ, ապա գետի իշխանի էնդեմիկ տեսակը և այլ ձկնատեսակներ ուղղակի կոչնչանան, քանի որ չեն կարողանա բարձրանալ ակունքներ` ձվադրման:
Եվ այս ամենից հետո «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը տուգանվել է ընդամենը 400 000 դրամի չափով: Դա տուգանքի առավելագույն չափն է, որը կարող է նշանակել մարզպետարանը նրա համար, որ մարզի տարածքում իրականացվել է շինարարություն` առանց մարզպետարանի համապատասխան թույլտվության (մարզպետի որոշման պատճեն կցվում է):
Իր հերթին Գեղարքունիքի մարզպետն ընկերությանն ուղղված նամակում պահանջել է կատարել շինության ապամոնտաժման աշխատանքները մեկ ամսվա ընթացքում և վերականգել բնությանը հասցված վնասները (նամակի պատճեն կցվում է):
Պարզ է, որ այս նամակը ոչ մի իրավական ուժ չունի: Դժվար է հավատալ, որ ընկերությունը, որն այդքան գումարներ է ներդրել և համարյա ավարտել շինարարությունը, իր ձեռքով կքանդի ամբարտակը, կլցնի խրամուղները ու նաև կվերականգնի լանդշաֆտը:
Կարծում ենք, որ պետական մարմինները չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները. հաշվի չեն առել ոչ սոցիալական, ոչ էկոլոգիական ռիսկերը, ոչ բազմաթիվ օրենքների պահանջների խախտվելը՝ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Ջրային օրենսգիրքը, ՀՀ Հողային օրենսգիրքը, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը, ՄԱԿ-ի Օրհուսի կոնվենցիան:
ՀՀ բնապահպանության նախարարությունը չի կատարել իր հիմնական պարտականությունը` կապված Սևանա լճի էկոհամակարգի պահպանության հետ, քանի որ բնապահպանական պետական տեսչությունը չի գնահատել շինարարության արդյունքում Սևանա լճի էկոհամակարգին, լեռնային լանդշաֆտին և այդ տեղանքի ջրային հաշվեկշռին հասցված վնասը:
Հաշվի առնելով ՀՀ բնապահպանության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի և ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի եզրակացությունները` ՀՀ դատախազությունն իր հերթին պետք է հետաքննություն անցկացներ`«Զանգեզուր Էքսիմպ» ՓԲԸ-ի կողմից հասարակության և պետության շահերը ոտնահարելու վերաբերյալ, համապատասխան պատժի ենթարկեր ընկերությանը և ստիպեր ապամոնտաժել ապօրինի կառույցը: Սակայն ՀՀ դատախազությունը չի կատարել իր պարտականությունները, հակառակը` տեղական ոստիկանության կողմից ոտնահարվել են հասարակ քաղաքացիների իրավունքներն ու շահերը, ովքեր պաշտպանել էին առողջ շրջակա միջավայրում ապրելու իրենց սահմանադրական իրավունքը և Սևանա լճի պետական շահերը:
Կլոր սեղանի մասնակիցների անունից (կցվում է Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած կլոր սեղանի մասնակիցների և Գեղհովիտ, Մարտունի և Վերին Գետաշեն համայնքների բնակիչների ստորագրությունների պատճեն) ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում ենք կատարել իր պարտականությունները՝ Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի էկոհամակարգի, լեռնային լանդշաֆտի, շրջակա միջավայրի և քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարների պահպանության վերաբերյալ: Պահանջում ենք, որպեսզի կարճ ժամանակահատվածում`
• ստուգումներ անցկացվեն ապօրինի շինարարության վայրում
• գնահատվեն վնասները, որոնք հասցվել են Սևանա լճի էկոհամակարգին և լեռնային լանդշաֆտին, ինչպես նաև խմելու ջրի պաշարներին
• ապահովվի անօրինական կառույցի ապամոնտաժման գործընթացը բնապահպանական պետական տեսչության կողմից կազմված ակտերով` վնասի չափի նշումով
• մարզային իշխանությունների և համայնքների ներկայացուցիչների հետ համատեղ ստեղծվի մոնիտորինգային խումբ` նշված պահանջների կատարմանը հետևելու համար:
ՀՀ դատախազությունից պահանջում ենք`
հետաքննել «Զանգեզուր Էքսիմպ» ՓԲԸ-ի գործունեությունը` Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ապօրինի շինարարության վերաբերյալ և ապահովել Գեղարքունիքի մարզպետի գրավոր հանձնարարության կատարումը` ժամանակին ապօրինի շինության ապամոնտաժման վերաբերյալ:
Վերջում ուզում ենք հիշեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որ «եկել է Սևանին պարտքերը վերադարձնելու ժամանակը», և խնդրում ենք ընդունել այս խոսքը որպես գործողությունների կոչ»:
Դիմումի պատճեներն ուղարկվել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին և ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցեր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին:
Հոկտեմբեր 29, 2010
