

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) հոկտեմբերի 2-ին կասեցրել է Ծովագյուղ բնակավայրում՝ Սևանա լճից 1560 մ հեռավորության վրա գործող գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքները՝ մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերի քանակի գերազանցման և Սևանա լճի պահպանությանն առնչվող օրենքների խախտման հիմքով։
Որոշումն ընդունվել է «Հետք» լրատվական կայքի օգոստոսյան հետաքննական հոդվածից հետո իրականացված ստուգման արդյունքում և ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարումն ապահովելու նպատակով:
Ի՞նչ է բացահայտել ստուգումը
ԲԸՏՄ-ն սեպտեմբերի 4–18-ը ստուգում է իրականացրել «ՍԱՆԻ ԼԵՆԴ» ՍՊԸ-ի տարածքում գործող «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի ասֆալտբետոնի արտադրամասում։ Ստուգման ժամանակ արտանետումների չափագրումները ցույց են տվել թույլատրելի նորմերի խախտումներ.
- Ածխածնի օքսիդի (CO) արտանետումները գերազանցել են անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվության չափաքանակները:
- Բարձր կոնցենտրացիայի ծծմբային անհիդրիդ (SO₂) է հայտնաբերվել, որի արտանետումը ընկերության սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությամբ նախատեսված չէ։
Իրավական հիմքեր
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում արգելվում են էկոլոգիապես վնասակար, օրենքով սահմանված նորմերը գերազանցող արտանետումները:
Հիմք ընդունելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը հոկտեմբերի 2-ին կայացրել է արտադրամասի գործունեության կասեցման որոշում։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության:
«Էկոլուրն» ավելի վաղ գրել էր, որ նույն տարածքում «Սանի Լենդը» նաև ցեմենտի, գիպսի և հանքային փոշու արտադրություն էր նախատեսում: Սեպտեմբերի 18-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությունն այդ ծրագրին տվել է բացասական եզրակացություն:
Հոկտեմբեր 12, 2026 at 12:17
