Սևանա լճի ավազանում հանքային փոշու և ցեմենտի արտադրության ծրագիրը ՇՄԱԳ բացասական եզրակացություն է ստացել

Սևանա լճի ավազանում հանքային փոշու և ցեմենտի արտադրության ծրագիրը ՇՄԱԳ բացասական եզրակացություն է ստացել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է փորձաքննական բացասական եզրակացությունը (№ ԲՓ 136-26) «Սանի Լենդ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում հանքային փոշու, գիպսի և ցեմենտի արտադրության ՇՄԱԳ հաշվետվությանը։

Փորձաքննության ընթացքում ի հայտ են եկել էկոլոգիական լուրջ ռիսկեր, օրենսդրական արգելքներ, ինչպես նաև՝ էական անհամապատասխանություններ ներկայացված հաշվետվության տվյալների, պետական գրանցման փաստաթղթերի և տեղազննությամբ արձանագրված իրավիճակի միջև։

Օրենսդրական արգելք. Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում հանքանյութերի վերամշակման անթույլատրելիությունը

«Սանի Լենդ» ՍՊԸ-ն նախատեսում էր հանքային փոշու, գիպսի և ցեմենտի արտադրություն կազմակերպել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում՝ Սևան-Դիլիջան մայրուղու 7-8-րդ կիլոմետրում գտնվող 1/1 հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 05-049-0139-0011), որտեղ արդեն իսկ գործում է ասֆալտի գործարան։

Գործունեությունը դասվում է ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքով սահմանված «Բ» կատեգորիային։ Արտադրական տարածքը գտնվում է Սևանա լճից 1560 մ, «Սևան» ազգային պարկից՝ 600 մ, իսկ Ծովագյուղի մոտակա բնակելի առանձնատներից՝ շուրջ 505 մ հեռավորության վրա։

«Սանի Լենդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտի մերժման առաջնային և անհերքելի իրավական հիմքը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի հստակ պահանջների խախտումն է։ Սևանա լճի մասին օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով ուղղակիորեն արգելվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը։ Փորձաքննության ընթացքում ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը № Ֆ-15/2026 և № Ֆ-26/2026 գրություններով ներկայացրել է իր դիրքորոշումը, համաձայն որի՝ նախատեսվող գնդային աղացի տեղադրումը և հանքային նյութերի մեխանիկական մշակումն իրականացվելու են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում։

 Չնայած նախաձեռնողը փորձել էր լրամշակված հաշվետվությունում ներկայացնել տեխնոլոգիական հիմնավորումներ, մասնագիտական հանձնաժողովը վերահաստատել է, որ արտադրության բնույթն ինքնին հանդիսանում է օրենսդրական արգելքի առարկա, ինչն անհնարին է դարձնում տվյալ տարածքում նման գործունեության իրականացումը։

Փաստաթղթային անհամապատասխանությունները և տեղազննությամբ արձանագրված իրավիճակը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ իրականացվել են տեղազննման աշխատանքներ՝ տարածքի փաստացի վիճակը ՇՄԱԳ հաշվետվության տվյալների հետ համադրելու նպատակով։ Տեղազննության և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել մի շարք անհամապատասխանություններ․

Գրանցման վկայականի և ՇՄԱԳ հաշվետվության անհամապատասխանությունը․ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով հողամասը հաշվառված է եղել որպես շենք-շինություններից ազատ տարածք։ Սակայն լրամշակված ՇՄԱԳ հաշվետվությամբ ընկերությունը ներկայացրել է, որ տարածքում արդեն իսկ առկա են շենք-շինություններ, տեխնիկա, հանքային նյութերի լցակույտեր և գործող «Kobesh Machine AS-160» ասֆալտբետոնի արտադրամաս։ Նախաձեռնողը պարզաբանել էր, որ նոր կապիտալ շինարարություն չի իրականացվելու, և աշխատանքները սահմանափակվելու են միայն գնդային աղացի ու օժանդակ պատվանդանների տեղադրմամբ։ Այնուամենայնիվ, պետական գրանցման վկայականի և փաստացի իրավիճակի միջև առկա այս հակասությունը արձանագրվել է որպես էական փաստաթղթային անհամապատասխանություն։ Բացի այդ, տեղազննությամբ արձանագրվել են գործող ասֆալտի արտադրությունից առաջացած մրի տեսանելի արտանետումներ, որոնց վերաբերյալ նախաձեռնողը մինչև հաշվետվության լրամշակումը որևէ տեղեկություն չէր տրամադրել։

Գյուղատնտեսական հողերի վիճակը․ ՇՄԱԳ հաշվետվությամբ նախատեսված էր, որ 0.10404 հա գյուղատնտեսական հողակտորը պետք է մնար անփոփոխ և չներգրավվեր արտադրական պրոցեսում։ Սակայն տեղազննությամբ արձանագրվել է, որ տեղում հողատարածքների որևէ սահմանազատում առկա չէ, իսկ գործող ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության հետևանքով գյուղատնտեսական հողատարածքն արդեն իսկ ենթարկվել է աղտոտման։

Ձկնագետի և ջրային էկոհամակարգի աղտոտման էկոլոգիական ռիսկերը

Ձկնագետը Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թթ. կառավարման պլանով լճի ջրհավաք ավազանի առանցքային գետերից է։ Ծրագրված արտադրամասն անմիջական սպառնալիք է ներկայացնում Ձկնագետի և Սևանա լճի ջրային ռեսուրսների համար։
«Սանի Լենդը» հաշվետվությունում նշել էր, որ գնդային աղացի հեռավորությունը Ձկնագետ գետից 113 մետր է, սակայն տեղազննությսմբ պարզվել է, որ ընկերության կողմից փաստացի շահագործվող տարածքը երկու կողմից անմիջապես սահմանակցում է Ձկնագետին։ Արձանագրվել են գետի ափերի քայքայված վիճակ և ափամերձ հատվածներում՝ հանքային նյութերի կուտակումներ։

Ընկերության կողմից չեն ապահովվել ՀՀ կառավարության 2005 թ․ հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարական պահպանման և անօտարելի գոտիներից հեռավորությունները։

Հաշվետվությունում բացակայում են հստակ տեխնիկական լուծումներ և բնապահպանական միջոցառումների պլան, թե ինչպես են կանխվելու հումքի (կլինկեր, գիպս, պեռլիտ) բաց կամ փակ պահման դեպքում քամու ազդեցությունից առաջացող փոշեարտանետումները, մթնոլորտային տեղումների հետևանքով նյութերի լվացումն ու մեխանիկական արտահոսքը դեպի Ձկնագետ և Սևանա լիճ։

Առողջապահական և քաղաքաշինական նորմերի խախտումներ

Փորձաքննության փուլում պետական այլ լիազոր մարմիններ ևս ներկայացրել են սկզբունքային դիտողություններ, որոնք նախաձեռնողի կողմից անտեսվել են․

ՀՀ առողջապահության նախարարությունը 2026 թ. մայիսի 21-ի № ԱԱ/04/16812 գրությամբ հայտնել է, որ անհնար է տրամադրել դրական կարծիք, քանի որ հաշվետվությունում բացակայում են շինարարության և շահագործման ընթացքում աշխատատեղերում ու մոտակա բնակելի տարածքում (Ծովագյուղի առանձնատները գտնվում են 505 մետր հեռավորության վրա) առաջացող աղմուկի և թրթռումների մակարդակների հաշվարկները։ Լրամշակված հաշվետվությունում այս դիտողությունը հաշվի չի առնվել։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի դիտողության համաձայն՝ հանքային փոշու, գիպսի և ցեմենտի արտադրության գործունեությունը դասվում է բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտների ցանկին։ Նախաձեռնողը նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) մեջ սկզբնապես նշել էր II կատեգորիա, իսկ դիտողությունից հետո կատարել էր փոփոխություն՝ սահմանելով III կատեգորիա, ինչը կրկին չի համապատասխանում օրենսդրական IV կատեգորիայի պահանջին։

Փորձաքննական եզրահանգում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողը պարտավոր է ապահովել ներկայացվող նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունը։ «Սանի Լենդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են թերի, ոչ հավաստի տվյալներ, ինչպես նաև՝ անտեսվել են շահագրգիռ մարմինների դիտողությունները։

Հաշվի առնելով, որ նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, և ծրագիրը պարունակում է ջրային ռեսուրսների աղտոտման, Սևանա լճի էկոհամակարգի, ջրհավաք ավազանի ու լանդշաֆտի վրա էական անդառնալի ռիսկեր, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես մերժել է «Սանի Լենդ» ՍՊԸ-ի ՇՄԱԳ հաշվետվությունը։

Սեպտեմբեր 25, 2026 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր