

ԷկոԼուր
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքեց Սեւանի ավազանում «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության անօրինական գործողությունների` Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ «ԷկոԼուր»-ի եւ Գավառի Օրհուս կենտրոնի հայտարարությանը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ շինարարությունն անօրինական է ճանաչվել երկու հանձնաժողովների`ՀՀ բնապահպանության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից:
Միեւնույն ժամանակ չի գնահատվել շինարարական աշխատանքների արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը: Ընկերությանն ուղղված նամակում շինությունների ապամոնտաժման հարցը դրել է մարզպետը` պարտավորեցնելով ընկերությանն ապամոնտաժել շինությունները մեկամսյա ժամկետում եւ վերականգնել հասցված վնասը: Այդ նամակը իրավաբանական ուժ չունի, եւ եթե ընկերությունը չկատարի մարզպետի հանձնարարությունը, ապա իրավաբանական պատասխանատվություն չի կրի:
ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ս. Պարսամյանի ստորագրությամբ 2010թ. նոյեմբերի 2-ի թիվ 16-468-10 նամակում նշված է, որ հայտարարությունը եւ կից փաստաթղթերը (Գավառի Օրհուս կենտրոնի կլոր սեղանի արձանագրությունը` մասնակիցների ստորագրություններով, շինությունների ապամոնտաժման վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետի որոշումը, ինչպես նաեւ լուսանկարներ, որոնք վկայում են հասցված վնասի մասին) ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ. Մարգարյանին` քննարկման համար:
Եւս մեկ արձագանք եկել է ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովից` հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Ջավադյանի ստորագրությամբ (նամակ համար 23, 08.11.2010): Նամակում մասնավորապես նշված է, որ վնասի գնահատման աշխատանքներն իրականացվում են ՀՀ բնապահպանության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից, եւ որ ապամոնտաժման հարցը նույնպես դրված է Գեղարքունիքի մարզպետարանի վրա:
Նոյեմբեր 10, 2010
