ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՑ ԳՆԱՀԱՏԵԼ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԸ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՑ ԳՆԱՀԱՏԵԼ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԸ

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունն այդպես էլ չհամարձակվեց գնահատել Սեւանա լճի էկոհամակարգի վնասը, որը հասցրել է «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա փոքր ՀԷԿ անօրինաբար կառուցելու արդյունքում: Հիշեցնենք, որ հենց այս պահանջն էր պարունակում Գավառի Օրհուս կենտրոնում կլոր սեղանի մասնակիցների դիմումը, որոնց անունից նախարարությանը դիմեց «ԷկոԼուր»-ը:

Նախարարության թիվ 5/23.5/52827 նամակում նշված է, որ «ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել է «Սեւանի արդյունագործական եւ էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչի N1 հավելվածի 6-րդ կետով նախատեսվել է «Սեւանա լճի ավազանում նոր ՓՀԷԿ-ի կառուցման բացառում` Սեւանա լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակի բարելավման եւ ձկնաշխարհի վերականգնման համար» դրույթ»:

Վնասի վերաբերյալ նամակում նշված է, որ «համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության` ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձն ինքն է պարտավոր հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման եւ հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը եւ օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը»:
Ինչ վերաբերվում է կենդանական աշխարհին պատճառված վնասին, ապա այն հաշվարկել հնարավոր չէ, քանի որ ձկների անկում չի հայտնաբերվել:»

Նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել հասարակության դիմումում բերված փաստերին այն մասին, որ
•    խախտվել է Արգիճի գետի ջրավազանը
•    ստորգետնյա աղբյուրների ջրերը լցվում են ոչ թե գետի, այլ շինարարների կողմից փորված խրամուղի մեջ
•    խախտվել է Սեւանա լճի ջրամատակարարումը, քանի որ Արգիճի գետը ամենագլխավոր ջրային երակներից մեկն  է
•    խախտվել է լեռնային լանդշաֆտների ջրային հաշվեկշիռը, որոնց պահպանումը համարվում է էկոլոգիական անվտանգության ծրագրի, որտեղ նախարարությունն ունի ազգային համակարգող,  առաջնահերթություններից մեկը եւ այլն:

Մենք պնդում ենք, որ  Արգիճի գետի ավազանում ընկերության գործունեության վերաբերյալ ՀՀ բնաահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգոււմներ անցկացնի եւ արդյունքները հրապարակվեն:

Նոյեմբեր 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր